Ապրիլի 19-ին երկար ժամանակով լույս չի լինելու բազմաթիվ հասցեներում          Տեսանյութ.Թուրքիայում ուժգին երկրաշարժից հետո շենքեր են վնասվել       Տեսանյութ.Տեղի ունեցավ արցախցի նկարիչ, քանդակագործ Արկադի Մկրտչյանի «Արցախի փրկված և կորսված արվեստը» խորագրով ցուցահանդեսը    

30 սեպ 2021 13:19

Ադրբեջանի և Իրանի միջև փոխադարձ գրգռվածությունը ձեռք է բերել ավելի լուրջ և նույնիսկ վտանգավոր ձև. Коммерсантъ

Իրանը, որը երեք տասնամյակ չեզոք դիրք է պահպանել ղարաբաղյան հակամարտությունում, այժմ կոնֆլիկտ ունի կողմերից մեկի՝ Ադրբեջանի հետ: Ամեն ինչ սկսվել է Ստեփանակերտ իրանական վառելիքի մատակարարումից, ապա Թեհրանի և Բաքվի առճակատումը հասել է սահման զորքերը քաշելու մակարդակին և Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) ղեկավարի տեղակալ Ալի Ֆադավիի ուղղակի հայտարարությանը՝ ուղղված Ադրբեջանի նախագահի  Իլհամ Ալիևին:


Ըստ «Կոմերսանտ»-ի զրուցակիցների, հարևան երկրների վեճի իրական պատճառը կարող է լինել այն, որ Իրանը դժգոհ է անցյալ տարվա պատերազմում Ադրբեջանի հաղթանակից, քանի որ դա խաթարում է նրա դիրքերը տարածաշրջանում: Ադրբեջանի և Իրանի միջև փոխադարձ գրգռվածությունը ձեռք է բերել ավելի լուրջ և նույնիսկ վտանգավոր ձև:


Այն բանից հետո, երբ Ադրբեջանի իշխանությունները սկսեցին կանգնեցնել Ստեփանակերտ ուղևորվող իրանական բեռնատարները և յուրաքանչյուր վարորդից պահանջել ավելի քան 100 դոլարի հարկ և տուրք, իրանցիները զորավարժություններ անցկացրին երկրի հյուսիս-արևմտյան սահմանին, այսինքն՝ Ադրբեջանի տարածքի մոտ: 


Միևնույն ժամանակ, ինչպես «Կոմերսանտ»-ին ասել է ռուս ռազմական փորձագետ, իրանագետ Յուրի Լյամինը, նրանք մինչ այժմ շարունակում են տեխնիկա քաշել ադրբեջանական սահման, և անհնար է հասկանալ`դա տեղի է ունենում վարժանքների շրջանակներում, թե ոչ:


«Զորավարժությունների մասշտաբները ոչ մի տեղ նշված չեն, բայց բավականին շատ զորքեր են տեղափոխվում, և եթե սկզբում ես տեսնում էի ԻՀՊԿ-ի ցամաքային ուժերի տեղափոխումը, ապա վերջին օրերին բանակի ուժերը նույնպես տեղափոխվում են: Վերջին անգամ դա տեղի է ունեցել անցյալ տարի, երբ Ղարաբաղում տեղի ունեցած մարտերի պատճառով արկերն ընկնում էին Իրանի տարածք», - բացատրել է Լյամինը «Կոմերսանտ»-ին:


Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը չի թաքցրել իր գրգռվածությունը: «Յուրաքանչյուր երկիր իրավունք ունի ցանկացած զորավարժություն անցկացնել իր տարածքում, դա նրա ինքնիշխան իրավունքն է: Բայց ինչո՞ւ հիմա և ինչո՞ւ մեր սահմանին: Ինչո՞ւ վարժանքները չկազմակերպվեցին, երբ հայերն էին գտնվում էին Ջաբրայիլում, Զանգելանում և Ֆիզուլիում: Ինչո՞ւ է դա արվում այն բանից հետո, երբ մենք ազատագրեցինք այս հողերը և ավարտեցինք 30-ամյա օկուպացիան: Սրանք արդարացի հարցեր են», - ասել է նա թուրքական «Անադոլու» գործակալությանը տված հարցազրույցում: 


Իրանցիների պատասխանը Իլհամ Ալիևին տրվեց երկու տարբերակով`դիվանագիտական և ոչ այնքան: Իրանի արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Սաիդ Խաթիբզադեն երեքշաբթի երեկոյան, նշել է, որ պետությունների միջև լավ հարաբերությունների և շփումների պայմաններում Ալիևի հայտարարությունները «զարմանալի են»: 


Դիվանագետի խոսքով՝ զորավարժությունները «ինքնիշխանության հարց էին» և «իրականացվել են ի շահ ամբողջ տարածաշրջանի կայունության և հանգստության»:


Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ղեկավարությունը ավելի կոշտ արտահայտվեց: Երբ տեղական «Ռոկնա» թերթի լրագրողը խնդրել է ԻՀՊԿ-ի հրամանատարի տեղակալ Ալի Ֆադավիին մեկնաբանել Ալիևի խոսքերը, նա փոխաբերական կերպով պատասխանել է. «Եթե փոքր երեխան մոտենա ձեզ և սկսի վիրավորել, դուք պարզապես կշոյեք նրա գլուխը»: 


Ըստ «Կոմերսանտ»-ի հետ զրուցած փորձագետների, Թեհրանում նման կտրուկ դժգոհության իրական պատճառը կարող է լինել  Թուրքիան, որը նկատելիորեն մեծացրել է իր ազդեցությունն Ադրբեջանում ղարաբաղյան երկրորդ պատերազմից հետո: Այս փաստի իրավական հաստատումը Շուշիում երկու երկրների ղեկավարների ստորագրած հռչակագիրն էր: 


Իրանից փորձագետ, ինչպես նաև Գերմանիայի միջազգային հարաբերությունների և անվտանգության ինստիտուտի գիտաշխատող Համիդրեզ Ազիզին կոնֆլիկտի արտաքին դրսևորումները, ինչպիսիք են Ղարաբաղում իրանական բեռնատարների հետ կապված սկանդալը, անվանել է «միայն վերին շերտ»: 


«Կարծում եմ, որ Իրանի և Ադրբեջանի միջև առճակատման ներկայիս փուլը սկսվել է անցյալ տարվա պատերազմից անմիջապես հետո: Իրանը բռնեց Ադրբեջանի կողմը՝ աջակցելով նրա տարածքային ամբողջականության վերականգնմանը: Այդ աջակցության արդյունքում Իրանը հույս ուներ, որ Ադրբեջանից կստանա ավելի բարեկամական վերաբերմունք և համագործակցության ավելի մեծ պատրաստակամություն: Օրինակ, որպեսզի Բաքուն հաշվի առնի Թեհրանի անվտանգության խնդիրները: Մյուս կողմից, Իրանը ցանկանում էր մասնաբաժին ստանալ վերադարձված տարածքների հետպատերազմյան վերականգնման գործում: Բայց այս ամենից ոչինչ տեղի չունեցավ: Մենք տեսանք Ադրբեջանի և Թուրքիայի սադրիչ զորավարժությունները (պատերազմի ավարտից հետո մի քանի նման զորավարժություններ եղան՝ «Կոմերսանտ»), ներառյալ Կասպից ծովը, չնայած դրա ափին չգտնվող երկրները, ըստ կոնվենցիայի, չեն կարող զինվորական ներկայություն ունենալ այնտեղ»,- ասել է Ազիզին:


Փորձագետը նաև Իսրայելի ազդեցությունն է համարել հակամարտության շատ իրական պատճառ:
«Պատերազմի ընթացքում Ադրբեջանի և Իսրայելի միջև համագործակցությունը դարձավ ավելի ինտենսիվ և տեսանելի: Մի քանի դեպք եղավ, երբ իսրայելական արտադրության անօդաչու թռչող սարքերը ներխուժեցին Իրանի օդային տարածք և խոցվեցին»,-ասել է Ազիզին:


Փորձագետ Յուլիա Սվեշնիկովան այլ կերպ է բացատրել առճակատման տրամաբանությունը: սա կարող է մի տեսակ ազդանշան լինել Բաքվի համար, փորձ`ցույց տալու, որ Ադրբեջանը չպետք է սրի իրանա-հայկական համագործակցության հարցը: Նրանք ասում են, որ Բաքուն դա վաղուց գիտեր, ինչպես մենք վաղուց գիտեինք Իսրայելի հետ Ադրբեջանի հարաբերությունների մասին: Դուք լռեցիք, մենք լռեցինք: Դուք դժգոհություն ցուցաբերեցիք, մենք՝ նույնպես:


Հարկ է նշել, որ վերջերս ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովում Ադրբեջանի և Իրանի արտգործնախարարներ Ջեյհուն Բայրամովը և Հոսեյն Ամիր Աբդոլլահյանը հանդիպում ունեցան, սակայն դա տեսանելի ազդեցություն չունեցավ կոնֆլիկտի վրա: Թուրքիայի մասնակցությամբ եռակողմ հանդիպումը, որը պետք է անցկացվի Թեհրանում, կարող է ավելի արդյունավետ լինել. դիվանագետները դրա մասին պայմանավորվել են Նյու Յորքում: Սակայն կոնկրետ ամսաթիվը դեռ ոչ մի տեղ չի հայտարարվել:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր