Տեսանյութ.Գորիս-Կապան ճանապարհը դե ֆակտո հանձնել են Ադրբեջանին, այդ 3 գյուղերի մարդիկ լուրջ խնդիրների առջև են կանգնելու
Մի շարք փաստեր խոսում են այն մասին, որ այս իշխանություններն արդեն բանավոր կերպով Գորիս-Կապան ճանապարհը հանձնել են Ադրբեջանին: ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը:
«Երբ Վահե Ղալումյանն ասում է, որ դա ադրբեջանական տարածք է, որևէ իրավական փաստաթուղթ չի կարող ցույց տալ, որի հիման վրա նա կարող է նման բան ասել: Նա չի կարող և որպես պետական պաշտոնյա չպետք է նման բան անի: Դե ֆակտո այդ ճանապարհը տրված է Ադրբեջանին»,-նշեց Աննա Գրիգորյանը:
Պատգամավորն ասաց, որ երբ իրանական բեռնատար մեքենաները մտնում են Հայաստան, նրանց փաստաթղթերում կնիք է դրվում: Հետո գալիս են ու մեր մաքսատան աշխատակիցներն այդ ադրբեջանական կնիքի վրա են կնիք դնում:
«Փաստորեն դե ֆակտո ճանաչում են, որ ադրբեջանցիները այդ ճանապարհի կոնկրետ հատվածում հստակ լիազորություն ունեն: Բայց որևէ իրավական փաստաթուղթ այս առումով չկա»,-ասաց պատգամավորը:
Անդրադառնալով այլընտրանքային ճանապարհներին՝ Աննա Գրիգորյանը նշեց, որ Բարձրավանի, Շուռնուխի և Որոտանի հատվածում նորմալ ճանապարհ չկա: Գրունտային ճանապարհն էլ անտառածածկ տարածքում է լինելու և հարմար չի լինելու:
«Անթույլատրելի է կարծել, որ Գորիս-Կապան ճանապարհը կարող ենք ընդհանրապես հանձնել Ադրբեջանին, և այդ երեք գյուղերի հայրենակիցները լուրջ խնդիրների առջև են կանգնելու»,-նշեց պատգամավորը: