Իսրայելը «իրեն իրավունք է վերապահում» գործել Իրանի դեմ. «քաղաքակիրթ աշխարհը» պետք է հստակեցնի, որ Իրանին թույլ չեն տա միջուկային զենք ձեռք բերել
Իսրայելը «իրեն իրավունք է վերապահում» գործել Իրանի դեմ, հայտարարել է Իսրայելի ԱԳ նախարար Յաիր Լապիդը՝ ենթադրելով, թե «ուժ» կարող է անհրաժեշտ լինել իրանական միջուկային ծրագիրը դադարեցնելու համար: Այս մասին գրում է Al Jazeera-ն։
Չորեքշաբթի օրը Վաշինգտոնում իր էմիրաթյան և ամերիկյան գործընկերների հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ Լապիդն հայտարարել է, որ «քաղաքակիրթ աշխարհը» պետք է հստակեցնի, որ Իրանին թույլ չեն տա միջուկային զենք ձեռք բերել:
«Պետքարտուղար Բլինքենը և ես Հոլոքոստը վերապրածների որդիներ ենք. մենք գիտենք, որ կան պահեր, երբ ազգերը պետք է ուժ գործադրեն՝ աշխարհը չարից պաշտպանելու համար», - հայտարարել է Լապիդը:
Լապիդն այս խոսքերը հնչեցնում է այն ժամանակ, երբ Վաշինգտոնի և Թեհրանի միջև 2015 թվականի Իրանի միջուկային գործարքը վերակենդանացնելու անուղղակի բանակցությունները դադարեցված են, իսկ Բայդենի վարչակազմը կոչ է անում բանակցությունները հնարավորինս շուտ վերսկսել:
Նշվում է, որ բազմակողմ համաձայնագիրը, որը պաշտոնապես հայտնի է որպես Գործողությունների համատեղ համապարփակ ծրագիր (JCPOA), հետաձգեց Իրանի միջուկային ծրագիրը՝ իր տնտեսության դեմ պատժամիջոցների չեղարկման դիմաց:
Լապիդն կարծում է, որ իրանցիները «կգնան դեպի ռումբը», եթե չհավատան, որ աշխարհը լրջորեն մտադիր է կանգնեցնել նրանց:
«Իսրայելը իրեն իրավունք է վերապահում ցանկացած պահի այլ կերպ գործել։ Դա ոչ միայն մեր իրավունքն է. դա նաև մեր պարտականությունն է»,-ասել է Իսրայելի ԱԳՆ ղեկավարը։
Իրանի պաշտոնյաները հերքում են, որ երկիրը միջուկային ռումբ ստեղծելու մտադրություն ունի: Իսրայելի քննադատները հաճախ նշում են, որ այդ երկիրը կասկածվում է սեփական միջուկային գաղտնի զինանոց ունենալու մեջ, և որ ի տարբերություն Իրանի՝ Իսրայելը միջուկային զենքի չտարածման մասին պայմանագրի (NPT) կողմ չէ: