Ինչպես կարող են Երևանի իշխանություններն իրենց երկիրն անվտանգ համարել, երբ նրա տարածքի որոշ հատվածներ արդեն օկուպացված են ադրբեջանցիների կողմից          Գեղարքունիքի մարզում հայրը կասկածվում է իր անչափահաս դստերը հաճախակի ծեծի ենթարկելու մեջ և փորձել է սեռական հարաբերություն ունենալ նրա հետ       Պարզվել է վանաձորցի 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը    

19 հոկ 2021 14:18

Հնարավոր է ռազմագերիները վերադարձվեն. ի՞նչ է պահանջում Ադրբեջանը

ՄԱԿ-ի արդարադատության միջազգային դատարանում հոկտեմբերի 14-ին եւ 15-ին լսումներ են անցկացվել, որտեղ Ադրբեջանի դեմ ներկայացված հայցի շրջանակներում քննարկվել է միջանկյալ միջոցներ կիրառելու Հայաստանի միջնորդությունը։ Հայաստանն Ադրբեջանի դեմ հայց է ներկայացրել «Ռասայական խտրականության բոլոր ձեւերի վերացման մասին» կոնվենցիայի խախտումների հիմքով։ Միաժամանակ Հայաստանը խնդրել է դատարանին՝ կիրառել մի շարք հրատապ միջոցներ, այդ թվում՝ Բաքվի Ռազմավարի պուրակի փակումը եւ ռազմագերիների ու պահվող քաղաքացիական անձանց վերադարձը։ Հենց այս հարցերի լուծման համար է Հայաստանը միջանկյալ միջոցի կիրառման միջնորդություն ներկայացրել։

Ռազմագերիների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող, ՄԻԵԴ-ում հայ գերիների շահերի ներկայացուցիչ Սիրանուշ Սահակյանը, մեզ հետ զրույցում անդրադառնալով լսումներին, նշեց, որ դիրքորոշումներ են ներկայացվել, պահանջներն են հստակեցվել․ «Յուրաքանչյուր կողմը կարողացավ փաստարկներ ներկայացնել իր պնդումների կապակցությամբ, եւ մենք կարծես թե առաջին անգամ պաշտոնապես լսեցինք այդ հարցերի առնչությամբ ադրբեջանական կողմի իրավական դիրքորոշումները, եւ «Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի» գործով այս փուլը սպառված է, սպասելու ենք դատական որոշման կայացմանը, որը, նախնական կանխատեսմամբ, կլինի 1-1,5 ամսվա ընթացքում։ Ադրբեջանը հայելային պատկերներ է ստեղծում, ցանկանում է ոչ միայն պաշտպանվել, այլ նաեւ նախահարձակ լինել եւ նախահարձակ լինելով՝ մոլորեցնում է միջազգային հանրությանը»։

-Կանխատեսվո՞ւմ է, որ ՄԱԿ-ի դատարանը որոշում կկայացնի հայ ռազմագերիներին ազատ արձակելու վերաբերյալ։

-Այո, նման հնարավորություն կա եւ բավականին բարձր, ուղղակի ծավալն անհապաղ միջոցների բավականին լայն է, ես կասկած չունեմ, որ դատարանը որոշ անհապաղ միջոցներ կիրառելու է։ Այստեղ հարց է, թե ինչ ծավալով կկիրառի, եւ երկրորդը՝ արդյոք հավասարության նշան կդրվի՞, կբավարարվե՞ն Ադրբեջանի պահանջները, թե՞ իրականությունն օբյեկտիվ եւ ճիշտ կվերհանվի։

-Ադրբեջանի պահանջները որո՞նք են, ի՞նչ են ասել։

-Օրինակ, նրանք եւս պնդում են, որ հայկական կողմը ներգրավված է մշակութային եւ կրոնական արժեքները ոչնչացնելու գործին, ցանկանում են կանխարգելիչ միջոցներ, կարեւորագույն խնդիր են դրել՝ ականապատ դաշտերի քարտեզների առկայությունը եւ դրանց տրամադրումն ու մի շարք այլ պահանջներ, նաեւ առաջին պատերազմի ընթացքում կատարված հանցագործությունների առնչությամբ հետաքննություն եւ այլն։

-Լսումների ընթացքում Ադրբեջանը ռազմագերիների վերաբերյալ ի՞նչ դիրքորոշում է հայտնել։

-Նախ՝ Ադրբեջանը հերքում է, որ նրանք ռազմագերիներ են, եւ ընդամենն ունի դիրքորոշում, որ սահմանն ապօրինի հատողներ են,  այդ դեպքում նրանք կատարել են ահաբեկչություն։ Նրանք հերքում են Բաքվում պահվող անձանց ռազմագերի լինելը,  ներկայացվում են որպես հանցագործներ։

-Այն պահանջները, որոնք ներկայացրել է Ադրբեջանը, Հայաստանի կատարման դեպքում հնարավո՞ր է ռազմագերիներին վերադարձնեն Հայաստան։

-Կախված է, թե ինչ պահանջներ կդնի դատարանը։ Այն, որ Հայաստանը կկատարի ՄԱԿ-ի դատարանի որոշումը, դեռեւս չի երաշխավորում, որ Ադրբեջանը եւս կատարելու է ՄԱԿ-ի դատարանի որոշումը։ Սրանք փոխկապակցված հարցեր չեն, յուրաքանչյուր պետություն գնահատելու է ճնշումներին դիմակայելու իր հեռանկարները, քաղաքական նպատակահարմարությունը, այս եւ այլ գործոնների համադրմամբ կայացնելու է որոշում։

ՀԳ․ Նշենք, որ Հայաստանի դիմումից կարճ ժամանակ անց Ադրբեջանը եւս Հայաստանի դեմ նույնաբովանդակ հայց էր ներկայացրել՝ պնդելով, թե Հայաստանն է իրականացրել եւ իրականացնում մի շարք խտրական գործողություններ ադրբեջանցիների նկատմամբ՝ նրանց ազգային եւ էթնիկ ծագման հիման վրա: Երկու կողմերն էլ պահանջում են վնասի փոխհատուցում եւ ժամանակավոր միջանկյալ միջոցների կիրառում, որոնք նախատեսված են վարույթի ընթացքում իրավիճակի սրումը կանխելու համար:

 «Հրապարակ օրաթերթ»

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր