Հունիսի 4-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Երբ խոսում ենք «կարմիր գծերի» խնդրի մասին, շատերը արժեքից են խոսում, ոչ թե խնդրից. Հայկ Կոստանյան       Ուկրաինական հակամարտության հարցում Թրամփի «համբերությունը սպառվել է»    

20 հոկ 2021 17:23

Բերձորի տարածքում ակտիվացումը պատահական չէ՝ հաշվի առնելով, որ պատերազմից հետո Բերձորի միջանցքը Հայաստանն ու Արցախը կապող միակ կենսական ուղին է

ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության նախկին պատգամավոր, ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանն անդրադարձել է Ադրբեջանի՝ Բերձորի տարածքում սկսած զորավարժություններին։ «Երեկ ադրբեջանական կողմը նոր զորավարժություններ է սկսել Բերձորի տարածքում: Պաշտոնական հաղորդագրության մեջ միայն նշվում է, որ «վարժանքների նպատակն է ստուգել ցամաքային և այլ զորքերի փոխգործակցությունը կառավարման ժամանակակից մեթոդների օգտագործմամբ»: Զորավարժություններում ներգրավված անձնակազմի քանակի և նախատեսվող ժամանակահատվածի մասին որևէ տեղեկություն չկա:

Հիշեցնեմ, որ այս ամենը իրականացվում է ռուսական խաղաղապահ զորքի տեղակայմանը շատ մոտ գտնվող տարածքում: Սեպտեմբեր ամսին ևս թուրք–ադրբեջանական համատեղ զորավարժություն էր տեղի ունեցել Բերձորի տարածքում:
Թուրք–ադրբեջանական համատեղ զորավարժությունների պակաս տարածաշրջանում չկա, ավելի քան հինգ տասնյակ զորավարժություն է անցկացվել վերջին 10 ամիսների ընթացքում: Իմ համոզմամբ, Բերձորի տարածքում այս ակտիվացումը պատահական չէ՝ հաշվի առնելով, որ պատերազմից հետո Բերձորի միջանցքը Հայաստանն ու Արցախը կապող միակ կենսական ուղին է: Մեր հակառակորդ հարևանները շարունակում են պատրաստվել տարբեր սցենարների իրագործմանը, իհարկե նաև՝ նախատեսելով ուժի կիրառում՝ իրենց ռազմավարական նպատակները լուծելու համար: Սա է իրենց առաջարկած «խաղաղությունը»,- գրել է Հայրապետյանը։

Հիշեցնենք, որ Ադրբեջանը հոկտեմբերի 19-ին Արցախի գրավյալ Քաշաթաղի (Լաչին) շրջանում նոր զորավարժություններ էր սկսել։ Զորավարժությունների ընթացքում ստուգվելու է ցամաքային զորքերի համագործակցությունը այլ զորատեսակների հետ՝ կառավարման ժամանակակից մեթոդների կիրառմամբ։  

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր