ԶՊՄԿ աշխատակազմը շուտով կհամալրվի հարյուրավոր ռուս աշխատողներով` տեղացի աշխատողներին դուրս թողնելու հաշվին.«Փաստ»

«Փաստ» թերթի տեղեկություններով, հիմա արդեն, երբ կառավարությունը բանավոր պայմանավորվածությունների արդյունքում «զավթել» է ԶՊՄԿ բաժնետոմսերի մի մասը, ԶՊՄԿ-ում էլ անհասկանալի կերպով կառավարում է «Գեոպրոմայնինգ» ընկերությունը, Մհեր Պոլոսկովը մնացել է որպես ստվերային կառավարող: Մեր աղբյուրների փոխանցմամբ, այդ կառավարչի կամայական որոշման արդյունքում հիմա էլ բազմաթիվ աշխատողների ծանուցումներ են ուղարկում` աշխատանքից ազատման վերաբերյալ: Մեր ունեցած հավաստի տեղեկություններով, ԶՊՄԿ աշխատակազմը շուտով կհամալրվի հարյուրավոր ռուս աշխատողներով` ըստ էության ընկերությունից տեղացի աշխատողներին դուրս թողնելու հաշվին: Ստացվում է, որ նախկին տնօրենի անհեռանկար և ներկա ղեկավարության իշխանահաճո գործելաոճից տուժեց ոչ միայն ընկերությունը, այլև բազմաթիվ սյունեցիներ:
Սրան զուգահեռ, մեր աղբյուրների փոխանցմամբ, առաջիկայում այստեղ սպասվում է աշխատավարձերի շոշափելի նվազեցում: Բանն այն է, որ Սոթքի հանքավայրում աշխատողների աշխատավարձերն ավելի ցածր են, ուստի «Գեոպրոմայնինգը» որոշել է ԶՊՄԿ-ի աշխատակիցների աշխատավարձերը հավասարեցնել կամ գոնե մոտեցնել Սոթքի աշխատավարձերին:
Ճիշտ է, երեկ կոմբինատը հայտարարություն տարածեց, թե «չեն լինելու կրճատումներ ո՛չ անձնակազմի և ո՛չ էլ սոցիալական աջակցությունների մասով», այդուամենայնիվ, մեր աղբյուրները փոխանցում են, որ ամեն ինչ այդքան միանշանակ չէ: Մյուս կողմից, ինչպես տեսնում ենք, աշխատավարձերի մասին խոսք չկա: Ինչ վերաբերում է սոցիալական աջակցություններին, ապա, մեր տեղեկություններով, նույնիսկ ՊՇՌ տեստերի համար վճարում են աշխատակիցները, իսկ կոմբինատը չի փոխհատուցում դրանք»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում: