ԱԱԾ-ն Գյումրիի քաղաքապետարանում կոռուպցիոն սխեմաներ է բացահայտել. բռնվել են կաշառք ստանալուց անմիջապես հետո

2021 թվականի հոկտեմբերի 26-ին կաշառքի մնացած մասը՝ 900 ԱՄՆ դոլարը պաշտոնատար անձի կողմից ստանալուց անմիջապես հետո կաշառք տվող և ստացող անձինք բռնվել են Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների կողմից և բերման ենթարկվել ՀՀ ԱԱԾ Շիրակի մարզային վարչություն:
Քրեական գործի նախաքննությամբ պարզվել է նաև, որ Գյումրու համայնքապետարանի անշարժ գույքի կառավարման բաժնի համապատասխան պաշտոնատար անձինք Գյումրի համայնքի մի շարք բնակիչների օգտին ակնհայտ ապօրինի անգործություն դրսևորելու, այն է՝ կատարված ապօրինի շինարարության փաստերը չարձանագրելու, համապատասխան վարչական վարույթներ չնախաձեռնելու համար քաղաքացիներից ստացել են տարբեր չափերի կաշառք գումարներ՝ դրանք բաժանելով խմբի անդամների միջև:
Քննչական խմբի անդամների տակտիկապես համակարգված աշխատանքի արդյունքում քննության սկզբնական փուլում կատարվել են ծավալուն դատավարական գործողություններ, այդ թվում՝ շուրջ մեկ տասնյակ խուզարկություններ, պաշտոնատար անձի անձնական խուզարկությամբ հայտնաբերվել և վերցվել է կաշառքի առարկա գումարը, հանցանքի կատարման մեջ անմիջականորեն ծագած կասկածանքի հիման վրա ձերբակալվել են Գյումրու համայնքապետարանի քաղաքաշինության ու ճարտարապետության բաժնի պետը, անշարժ գույքի կառավարման բաժնի պետի տեղակալը և կաշառք տված քաղաքացին:
Ազգային անվտանգության մարմինները շարունակում են հետևողականորեն ձեռնարկել քրեադատավարական և օպերատիվ-հետախուզական միջոցառումներ կոռուպցիոն հանցապատկերի բոլոր դրվագները բացահայտելու, դրանցում ներգրավված անձանց շրջանակը պարզելու, ինչպես նաև համայնքապետարանի պաշտոնատար անձանց ներգրավմամբ հնարավոր կոռուպցիոն դրսևորումների ռիսկերը չեզոքացնելու ուղղությամբ:
Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով: