ԼՂ հայերը պետք է ապահով վերադառնալու հնարավորություն ունենան          Գյումրիից վերբեռնվել է վնասաբեր ֆայլ, որի հարձակման ենթադրյալ թիրախը Հայաստանում 102-րդ ռուսական ռազմաբազան է       Որ հիվանդությունների դեպքում այսուհետ զինծառայությունը կլինի պարտադիր. Բանակից հիվանդույթւններով ազատումների դեպքերի պրոգրեսիվ դինամիկա կա    

28 հոկ 2021 15:39

Տեսանյութ.Մենք պետք է մեր ԱԹՍ-ները ունենայինք. Հայաստանը պետք է պատրաստվեր 21-րդ դարի պատերազմի. ՀՀ նախագահի բացառիկ հարցազրույցը՝ РБК-ի հետ

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը բացառիկ հարցազրույց է տվել ռուսաստանյան РБК հեռուստաալիքի գլխավոր տնօրենին։ Իլյա Դորոնովը նշել է, որ հանդիպում են մի ժամանակահատվածում, որն, ըստ էության, համընկնում է պատերազմի ավարտի օրվա տարելիցի հետ, որը տեղի ունեցավ մեկ տարի առաջ: Հեռուստաալիքի տնօրենը հետարքրվել է, թե մեկ տարվա ընթացքում Հայաստանն ինչպիսի՞ դասեր է քաղել կատարվածից։


Նախագահը հայտնել է, որ դժվար է ասել, թե ինչպիսի դասեր է քաղել, քանի որ դրա համար ժամանակ է պետք, նույնիսկ մեկ տարին քիչ է:


«Ցանկացած պատերազմ ողբերգություն է բերում, սակայն այն կրկնակի ողբերգություն էր, որովհետև ամբողջ աշխարհում կորոնավիրուսի համավարակն էր տարածվում: Նման մեծ, համաշխարհային ողբերգությունների ժամանակ, մենք՝ որպես մարդկային արարածներ, որոնք ապրում են այս մոլորակի վրա, պետք է ավելի շատ համագործակցենք, խոսենք միմյանց հետ, քան պատերազմենք: Այս ամենը ինձ հիշեցնում է Քիպլինգի գիրքը ջունգլիների մասին, երբ ջունգլիներում հրդեհ է կամ ջրի սակավություն է, նույնիսկ կենդանիներն են հավաքվում աղբյուրի մոտ և չեն կռվում: Այդ ամենն իսկապես շատ ողբերգական էր: Մենք զուգահեռաբար կորցնում էինք հիմնականում երիտասարդ կյանքեր»։


Սարգսյանը նշել է, որ իրական դասերի մասին կարող ենք խոսել միգուցե 10, 20 տարի հետո, երբ իրական պատմությունը գրվի: Մի բան հասկանալի էր, որ այդ պատերազմում Հայաստանը Ադրբեջանից առաջ չէր, հետ էր ռազմատեխնիկական պատրաստվածության իմաստով:


«Երբ ասում եմ՝ հետ ենք, նկատի ունեմ, որ մենք պետք է մեր ԱԹՍ-ները ունենայինք, մեր սեփականը, քանի որ Ադրբեջանը հիմնականում օգտագործել է թուրքական, իսրայելական ԱԹՍ-ները: Հայաստանը պետք է պատրաստվեր այդպիսի պատերազմի, 21-րդ դարի պատերազմի»:


Իլյա Դորոնովը հետարքրվել է, թե ինչու՞ Հայաստանը հայտնվեց հետևում. «Որովհետև բոլորը վստահ էին, որ ցանկացած պահի կարող են հաղթե՞լ՝ վերհիշելով 1990-ական թվականները»։


Նախագահը նշել է, որ դա շատ ավելի ֆունդամենտալ, ծանր հարց է, որովհետև, ընդհանուր առմամբ, ամբողջ աշխարհում այսօր այսպիսի միտում կա՝ մենք ձևացնում ենք:


«Մենք ձևացնում ենք, թե ինչ-որ բան ենք անում, ձևացնում ենք, թե ժողովրդավարություն ունենք, (Հայաստանի մասին չեմ ասում, այլ՝ ընդհանրապես), ձևացնում ենք, թե ունենք գիտության շատ բարձր մակարդակ․․․ Սակայն ամենավատն այն է, երբ սկսում ենք հավատալ այն ամենին, ինչը ձևացրել ենք: Ինքներս մեզ վստահեցնում ենք, և դա շատ վտանգավոր է: Այո, առաջին պատերազմում Հայաստանը հաղթող էր: Իսկ պատմականորեն դա ի՞նչ է նշանակում: Անցել է 26 տարի, և այդ 26 տարիների ընթացքում հնարավոր էր և պետք էր ստեղծել իրապես ուժեղ բանակ, ամրապնդել մեր տնտեսությունը, Ռուսաստանի և Հայաստանի հարաբերությունները կարելի էր և պետք էր բարձրացնել բոլորովին այլ մակարդակի: Ես չեմ ասում, որ այդ հարաբերությունները վատն են, սակայն, ես միշտ իմ կյանքում, եթե ինչ-որ բանի հասել եմ, նույնիսկ իմ երեխաներին, իմ ուսանողներին ոգեշնչել եմ, որ ավելի հեռուն գնան»։


Նախագահը հայտնել է, որ առաջին հերթին պետք է հասկանալ, որ հայ-ռուսական հարաբերությունները հատուկ, առանձին թեմա են:


«Մաթեմատիկական տեսությունը կառուցում ես որոշակի բաների վրա: Առաջին հերթին այն կառուցվում է աքսիոմաների վրա: Եթե նման մաթեմատիկական համատեքստում դիտարկենք Հայաստանի և Ռուսաստանի հարաբերությունները, ապա դա աքսիոմա է: Այդ հարաբերությունները եղել են մի քանի հարյուրամյակներ և ապացուցման կարիք չունեն: Հայերն ապրել են Ռուսական կայսրությունում, հայերն ապրել են Օսմանյան կայսրությունում: Ի՞նչ է մնացել այն հայերից, որոնք ապրել են Ռուսական կայսրությունում՝ անկախ Հայաստանի Հանրապետություն և հայեր, որոնք շատ ապահով ապրում են Ռուսաստանի Դաշնության ամբողջ տարածքում՝ Կալինինգրադից մինչև Վլադիվոստոկ: Այդ պատճառով՝ հայ-ռուսական հարաբերությունները աքսիոմա են: Այլ երկրների հետ Հայաստանի հարաբերությունները տեսություններ են, որոնք ապացուցվում են: Այդ տեսությունների ապացուցումը կապված է ժամանակի հետ, այդ հարաբերությունները բարձրանում կամ իջնում են, և ամեն անգամ դա պետք է ապացուցել»։


Ըստ Արմեն Սարգսյանի, մենք իսկապես կարող ենք ուրախ լինել նրանով, ինչ ունենք: Վերջինս հավելել է, որ այդքանով ուրախ չէ և կարծում է՝ իրական, ամենօրյա, տնտեսական, քաղաքական, ռազմաքաղաքական հարաբերությունների զարգացման ներուժը շատ մեծ է»։


Նախագահը հայտնել է նաև, որ աշխարհը շատ արագ է դարձել, ամեն բան շատ արագ է փոխվում: Շատերի համար այն դարձել է անկանխատեսելի:


«Աշխարհը դարձել է անհասկանալի, շատ միջազգային կազմակերպություններ, օրենքներ, որոնք աշխատում էին նախկինում, այսօր չեն աշխատում: Շատերի համար աշխարհը դարձել է ոչ միայն անկանխատեսելի, այլև մեծացել է վտանգի զգացումը: Աշխարհը դարձել է ոչ միայն անկանխատեսելի, այլև շատ արագ փոփոխվող»։


Ըստ Սարգսյանի՝ հիմա ապրում ենք մի ժամանակահատվածում, որը ինքը անվանում է ոչ թե 4-րդ կամ 5-րդ արդյունաբերական հեղափոխություն, այլ R-evolution, այսինքն՝ արագ էվոլյուցիա: Այսինքն, ամեն օր տեղի է ունենում էվոլյուցիա:


Իլյա Դորոնովը հիշեցրել է՝ Ռոմանո Պրոդիի հետ ՀՀ նախագահի բանավեճը ու հետարքրվեց, թե չի կարծո՞ւմ, որ Հայաստանը մոտենում է, ինչպես անգլերենով են ասում, fail state՝ ձախողված, չկայացած պետության կարգավիճակի: Ռոմանո Պրոդին խոսում էր հենց դրա մասին, որ փոքր երկրները, պետությունները առաջիկայում պետք է որոշեն, թե ում հետ են և այլ պետությունների մաս կազմեն:


«Ես բանավիճում էի, որը բարեկամական բանավեճ էր: Ես նրա հետ բոլորովին համաձայն չեմ և համաձայն չեմ նաև Ձեր ձևակերպման հետ: Ճիշտ հակառակն է: Այն, ինչ կատարվեց պատերազմից հետո… Դուք առաջինը չեք, որ ասում եք, թե Հայաստանը ձախողված երկիր է, անկառավարելի է: Դա հասկանալի էր, քանի որ առաջին օրերն էին, անհասկանալի էր, շփոթություն կար, ամեն ինչ հասավ նրան, որ Գլխավոր շտաբը սկսեց ինչ-որ մտքեր հրապարակել, ես իմ նախագահության երեք տարիների ընթացքում առաջին անգամ մտա այդ կառույց, (ես խորհրդարանական հանրապետության նախագահ եմ և, անշուշտ, ես չեմ ղեկավարում բանակը, սակայն ես ստիպված էի այնտեղ գնալ) և լուրջ խոսակցություն ունեցա գեներալների հետ, չեմ կարող, իհարկե, մանրամասներ ներկայացնել այդ հանդիպումից:


Այսինքն, պետք էր հաղթահարել նման ճգնաժամերը:


Սակայն, մյուս կողմից, ես առաջին օրից հայտարարել եմ, որ այդ դժվար պահի հանգուցալուծման որոշումը պետք է գտնել ընտրությունների միջոցով»։


ՀՀ նախագահը նշել է, որ իր առաջարկը շատ պարզ էր՝ առաջին հերթին պետք էր ունենալ պրոֆեսիոնալ կառավարություն, որն այս կամ այն ուժին չաջակցեր, իսկ երկրորդը՝ պետք է աշխատեինք Սահմանադրության փոփոխության ուղղությամբ:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր