Bayraktar-ները կանգնած են հերթապահության և մշտապես պատրաստ են մարտական կիրառման. Ուկրաինայի ԶՈւ հրամանատար
Թուրքական արտադրության Bayraktar հարվածային անօդաչուները գտնվում են Ուկրաինայի Զինված ուժերի սպառազինման կազմում և մշտապես պատրաստ են մարտական կիրառման: Ինչպես հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը, այս մասին հայտարարել է Ուկրաինայի ԶՈւ հրամանատար գեներալ-լեյտենանտ Սերգեյ Նաևը:
«Դրանք (Bayraktar-ները) մարտական հերթապահության են կանգնած այս տարվա գարնանից: Հետախուզություն և փորձարկում է անցկացվել: Երբ Ուկրիանան գնեց այդ համալիրները, տեղի է ունեցել նաև անձնակազմի համապատասխան վերապատրաստում դրանք օգտագործելու համար: Այսօր «Բայրաքթարների» բոլոր անձնկազմերը պատրաստ են հետախուզության ցերեկվա և գիշերային ժամերին, ինչպես նաև մարտական կիրառման»,- ասել է վերջինս:
Նաևի խոսքով՝ ուկրաինական Bayraktar անօդաչուները կես տարուց ավելի է, ինչ հերթապահության են գտնվում և այդ ընթացքում ցույց են տվել իրենց արդյունավետությունը և գործնական տվյալներ են փոխանցել հակառակորդի մասին:
Ըստ հրամանատարի՝ դրանք հերթապահություն են անում ոչ միայն Դոնբասում, այլև Ուկրաինայի հյուսիսում:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 26-ին Ուկրաինան առաջին անգամ կիրառել է Bayraktar անօդաչուները Դոնբասում, սակայն Նաևը որևէ մանրամասն չի հայտնել դրանց օգտագործումից: