Իսրայելն Իրանի վրա հարձակվելու ռազմական ներուժ ունի. Իսրայելի հետախուզության նախկին ղեկավար
Իսրայելի պաշտպանության բանակի հետախուզության նախկին ղեկավար Ամոս Յադլինը հայտարարել է, որ հրեական պետությունը հնարավորություն ունի հարվածներ հասցնելու Իրանին. հայտնում է The Jerusalem Post-ը։
Այս մասին Ամոս Յադլինն ասել է 103FM ռադիոկայանի եթերում։ Անդրադառնալով միջուկային ծրագրի շուրջ բանակցություններին վերադառնալու` Իրանի պատրաստակամությանը` նա նշել է. «Ամերիկացիները պատրաստվում են մի իրավիճակի, երբ Իրանի հետ բանակցությունները հաջողությամբ չեն պսակվի։ Մենք այնպիսի իրավիճակում ենք, որ եթե համաձայնություն կա, լավ չէ, իսկ եթե համաձայնություն չկա, ապա կանգնում ենք Իսրայելի վարչապետի համար ընտրության առաջ։ Իսրայելը ռազմական ներուժ ունի` Իրանի վրա հարձակվելու համար։ Նաֆթալի Բենեթը` որպես վարչապետ, պետք է որոշի՝ ոչինչ չանե՞լ, թե՞ հարձակվել։ Հարձակումը վերջին քայլն է բոլոր մյուս ռազմավարությունների իրականացումից հետո: Ուրախ եմ, որ մենք հասկացանք, որ պետք է բյուջե հատկացվի, և որ ռազմական ծրագրերը պետք է թարմացվեն՝ ներկա իրավիճակը հաշվի առնելով։ Իսրայելն Իրանի վրա հարձակվելու ռազմական ներուժ ունի, խնդիրը հարձակումը չէ, այլ այն, թե ինչ է տեղի ունենալու դրանից հետո։ Այստեղ շատ նկատառումներ կան»։
Իսրայելի հետախուզության նախկին ղեկավարը նաև բացատրել է Թեհրանի բանակցային ռազմավարությունը և Իրանի համար 2015 թվականի միջուկային համաձայնագրից օգուտները։
«Իրանցիները ողջունեցին Բայդենի վարչակազմի համաձայնությունը` վերադառնալ բանակցային գործընթացին։ Բանակցությունների վեց փուլերի ընթացքում նրանք բարձր պահանջներ ներկայացրին որոնք նույնիսկ դեմոկրատական վարչակազմը չէր կարող ընդունել: Ի վերջո, դա նրանց օգտին աշխատեց, իսկ հիմա ճնշում է ամերիկացիների վրա... 2015-ի պայմանագիրը երկարաժամկետ հեռանկարում լավ էր իրանցիների համար, նրանք ցանկանում են, որ պատժամիջոցները չեղարկվեն։ Ռազմական տարբերակը, այնուամենայնիվ, պետք չէ, բայց այն պետք է ավելի իրատեսական լինի ԱՄՆ-ում, քան այստեղ»,- ասել է նա։