«Opel»-ը բախվել է մայթեզրին և գլխիվայր շրջվել, ուղևորները հոսպիտալացվել են          Տեսանյութ.Իսրայելը հարձակվել է Իրանի վրա.իրանական ՀՕՊ-ը Սպահանի երկնքում անօդաչու թռչող սարքեր է խոցել       Ինչ է սպասվում կենդանակերպի նշաններին․ աստղագուշակ ապրիլի 19-ի համար    

09 նոյ 2021 15:47

Շնորհավորանքներ Թեհրանից Բաքու՝ «հողերն ազատագրելու առթիվ» ․ Իրանը դիվանագիտական չեզոքություն չի պահպանել «եղբայրական» Ադրբեջանի ու «հարևան» Հայաստանի միջև

2021 թվականի նոյեմբերի 6֊ին Իրանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների միջև տեղի ունեցած հեռախոսազրույցով, ըստ էության, եզրափակվեց Արցախյան երկրորդ պատերազմի ընթացքում և դրանից հետո իրանա-ադրբեջանական հարաբերություններում առաջացած լարվածության հերթական շրջափուլը․ մասնավորապես, Իսլամական Հանրապետության արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը իր ադրբեջանցի գործընկերոջն ասել է, թե «վերջին ամիսներին ակտիվացել են այն կողմերը, որոնց դուր չեն գալիս Իրանի ու Ադրբեջանի լավ հարաբերությունները, սակայն երկու երկրների պաշտոնատար անձանց իմաստության շնորհիվ բոլոր տարաձայնությունները հարթվել են»:

Այս հեռախոսազրույցին նախորդած մեկ տարում՝ 44֊օրյա պատերազմի ընթացքում և դրանից հետո՝ հատկապես Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքների մոտ իրանական զորավարժությունների ընթացքում, հայաստանյան որոշ մեդիառեսուրսներ ու փորձագիտական շրջանակներ հանրության շրջանում շարունակ դրական սպասելիքներ էին ձևավորում Իրանից: Այս հրապարակմամբ, ամփոփելով 2020֊ի սեպտեմբերին Արցախի դեմ սանձազերծված պատերազմի ընթացքում և դրան հաջորդած գործընթացների վերաբերյալ Իրանի բարձրաստիճան պաշտոնյաների հայտարարությունները, տարանջատել ենք քարոզչությունը դիվանագիտական հռետորաբանությունից:

Իրանը դիվանագիտական չեզոքություն չի պահպանել «եղբայրական» Ադրբեջանի ու «հարևան» Հայաստանի միջև
Արցախյան երկրորդ պատերազմի մեկնարկից ի վեր իրանական ռազմաքաղաքական ղեկավարության տարբեր բարձրաստիճան դեմքեր շարունակ մտահոգություն են հայտնել ռազմական գործողությունների բռնկման կապակցությամբ, դրանք դադարեցնելու կոչեր արել, դատապարտել քաղաքացիական ենթակառուցվածքների, բնակչության թիրախավորումը: Սակայն այդ մտահոգություններն անգամ պատերազմի ամենաթեժ օրերին պաշտոնական Թեհրանին չեն կաշկանդել չպահպանել չեզոքությունը դիվանագիտական հռետորաբանության մեջ: 
Ուշագրավ է նաև, որ պատերազմի օրերին այդ երկրի ամենաբարձր պաշտոնական օղակներից հնչող ադրբեջանամետ հայտարարությունները հազվադեպ էին հայտնվում հայաստանյան մեդիա֊քարոզչական հարթակներում: 

Այսպես, 2020-ի հոկտեմբերի 7-ին ԻԻՀ այդ ժամանակվա նախագահ Հասան Ռոհանին հայտարարել էր, որ չնայած Թեհրանի համար ընդունելի չէ ռազմական ճանապարհով ԼՂ հարցի լուծումը, այնուամենայնիվ, իրենք «աջակցում են Ադրբեջանի տարածքային ամբողջականության վերականգնումը»: Ռոհանիի խոսքում հատկանշական է հատկապես այն հատվածը, որում նա, կարևորելով Արցախում ռազմական գործողությունների հետևանքով երկրի հյուսիսային սահմանների անվտանգությունը, նախազգուշացնում է Բաքվին և Երևանին՝ առաջինին դիմելով որպես «եղբայրական Ադրբեջան», երկրորդին՝ «հարևան Հայաստան»: Նախորդ տարվա նոյեմբերի 3֊ին «Ադրբեջանին պատկանող տարածքների ազատագրման» անհրաժեշտության մասին խոսել էր նաև Իսլամական Հանրապետության գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլա Սեյեդ Ալի Խամենեին․ «Ադրբեջանի Հանրապետությանը պատկանող տարածքները պետք է ազատագրվեն, իսկ հայ քաղաքացիների անվտանգությունը պետք է երաշխավորված լինի»: Իսկ երկրի հյուսիսային՝ հիմնականում թյուրքախոսներով բնակեցված 4 նահանգներում Խամենեի ներկայացուցիչները հոկտեմբերի 1-ին հայտարարություն էին տարածել, թե Ադրբեջանը «կատարելապես օրինական է գործում իր հողերը ազատագրելիս»:

Պատերազմի վերջին օրերին իրանական կողմն անգամ ԼՂ հակամարտության լուծման իր տարբերակն առաջարկեց, որը նախ քննարկվել էր Թուրքիայի ու ՌԴ-ի հետ․ ԻԻՀ փոխարտգործնախարար Աբբաս Արաղչին՝ Մոսկվայից, Անկարայից, ապա Բաքվից հետո ժամանեց Երևան՝ ներկայացնելու հակամարտության լուծման իրանական տարբերակը: Այն ենթադրում էր «օկուպացիայի դադարեցում, պետությունների տարածքային ամբողջականության, միջազգայնորեն ճանաչված սահմանների անխախտելիության, ինչպես նաև մարդու իրավունքների ու փոքրամասնությունների շահերի պաշտպանություն և խաղաղ բնակչության ու բնակավայրերի դեմ բռնությունների դադարեցում»։ Երևանը, սակայն, մերժեց այդ առաջարկը՝ վերահաստատելով, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը միջնորդության և բանակցությունների համար միջազգայնորեն համաձայնեցված միակ ձևաչափն է:

Շնորհավորանքներ Թեհրանից Բաքու՝ «հողերն ազատագրելու առթիվ»
2020-ի նոյեմբերի 9-ի հայտարարությունից հետո պաշտոնական Թեհրանը ողջունեց պատերազմի արդյունքները: 2020-ի դեկտեմբերի 23-ին այդ ժամանակ դեռևս երկրի նախագահ Ռոհանին գոհունակություն հայտնեց «Ադրբեջանի գրավյալ տարածքների ազատագրման առթիվ»՝ նշելով, որ այդ իրողությունը «տնտեսական գործակցության առումով արդյունավետ էր: 2021-ի դեկտեմբերի 25-ին աշխատանքային այցով Բաքվում գտնվող Իրանի այդ ժամանակվա արտգործնախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը շնորհավորեց Ադրբեջանի նախագահին «գրավյալ տարածքներն ազատագրելու համար»: ԻԻՀ նորընտիր նախագահ Էբրահիմ Ռայիսին էլ, պատասխանելով նախագահ ընտրվելու առթիվ Ալիևի շնորհավորանքին, իր հերթին շնորհավորել էր վերջինիս «գրավյալ տարածքների ազատագրման, դրանք Ադրբեջանի Հանրապետության վերահսկողության տակ վերադարձի և ընդհանուր սահմանի վերականգման առթիվ»:

Ինչպես Իրանը «չէր հանդուրժում» ահաբեկիչներին իր հյուսիսային սահմանների մոտ
Թուրքիայի կողմից Սիրիայի հյուսիսում իր ենթակայության տակ գտնվող ահաբեկչական խմբավորումների զինյալներին Ադրբեջան տեղափոխելու ու նրանց 44֊օրյա պատերազմում ներգրավելու փաստի առթիվ ԻԻՀ ռազմաքաղաքական ղեկավարությունը բազմաթիվ մտահոգություններ էր հայտնել: Նախագահ Ռոհանին, ԱԳ նախարար Զարիֆը և այաթոլլա Խամենեին անհասցե նախազգուշացումներ էին հնչեցնում, թե «չեն հանդուրժի» ահաբեկիչների ներկայությունը և որ նրանք «չպետք է մտածեն Իրանի սահմաններին մոտենալու մասին»: Սակայն իրանական կողմը սահմանափակվեց միայն այդ նախազգուշացումներով, իսկ ահաբեկիչները մինչև պատերազմի վերջ ներգրավված էին Արցախի դեմ սանձազերծված պատերազմում, այդ թվում՝ Իրանի հյուսիսային սահմանների մոտ: Ավելին՝ այդ օրերին Ռոհանին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հեռախոսազրույցում քննարկում էր «ահաբեկչության դեմ պայքարում համագործակցության ամրապնդմանն առնչվող հարցեր»:

Էրդողանական ասմունքը՝ ընդդեմ Իրանի տարածքային ամբողջականության
2020-ի դեկտեմբերի 10-ին Բաքվում տեղի ունեցած ռազմական շքերթի ժամանակ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մի բանաստեղծություն արտասանեց, որը նվիրված էր Արաքս գետով իբրև թե միմյանցից բռնի ուժով բաժանված Հյուսիսային  ու Հարավային Ադրբեջաններին․ խոսքն Իրանի հյուսիս-արևելյան պատմա-աշխարհագրական երկրամասի՝ Ատրպատական-Ադրբեջանի մասին է: Էրդողանի ասմունքին անմիջապես հետևեց Իրանի ԱԳՆ-ի կոշտ արձագանքը․ «Էրդողանին չեն տեղեկացրել, որ Բաքվի շքերթում նրա արտասանածը վերաբերում է Արազից հյուսիս գտնվող Իրանի հողերի՝ իրանական հայրենիքից բռնի կերպով տարանջատելուն: Ոչ ոք չի կարող խոսել մեր սիրելի Ադրբեջանի (իրանական Ադրբեջանի- խմբ․) մասին»: Այս կարճատև լարվածությունը, սակայն, ևս հանգուցալուծվեց երկու երկրների ԱԳՆ-ների հեռախոսազրույցի միջոցով:

Իրանը նաև սիոնիստներին «չէր հանդուրժում» իր սահմանի մոտ 
2021-ի սեպտեմբերի 12-ին Գորիս-Կապան միջպետական ճանապարհի՝ Ադրբեջանի վերահսկողության տակ անցած հատվածում այդ երկրի ոստիկանությունը հսկիչ անցակետ տեղադրեց՝ կանգնեցնելով ու ստուգելով դեպի Հայաստան իրանական բեռներ տեղափոխող վարորդներին, նրանցից նաև ճանապարհային տուրք գանձելով: 
Արդեն սեպտեմբերի 15-ին Ադրբեջանի իրավապահ մարմինները երկու իրանցի վարորդի ձերբակալեցին, ինչը երկու երկրների միջև մեծ լարվածություն առաջացրեց: Կրքերը ավելի բորբոքվեցին, երբ Իրանի գերագույն հոգևոր առաջնորդը, ապա նաև երկրի արտգործնախարարը հայտարարեցին, թե «չեն հանդուրժի սիոնիստների ներկայությունն իրենց սահմանների մոտ»: 

«Իրանը ամենաբարձր մակարդակում իր աջակցությունը հայտնեց Ղարաբաղի օկուպացված տարածքների ազատագրմանը։ 
Ամեն դեպքում, ազատագրմանն ուղղված այդ գործողությունների ժամանակ մի շարք ցավալի իրադարձություններ տեղի ունեցան։ 
Դրանցից էր, օրինակ, ահաբեկչական շարժումների ներկայացուցիչների մի մասի վերատեղակայումը մեզ համար խիստ կարևոր նշանակություն ունեցող այդ տարածաշրջանում։ Բացի այդ, Իսրայելը փորձեց օգտվել ստեղծված հնարավորություններից և ահաբեկիչների՝ Իրանի սահմանին հասնելու անհաջող փորձերին զուգահեռ, սիոնիստները ևս ներկա են Ադրբեջանական Հանրապետության մի շարք հատվածներում»,- հայտարարեց ԱԳ նախարարը: Հայտարարություններին զուգահեռ, Իրանը լայնածավալ զորավարժություններ սկսեց երկրի հյուսիսում: Սակայն շաբաթներ անց ամեն ինչ հանգուցալուծվեց իրանցի վարորդների ազատ արձակմամբ, իսկ պաշտոնական Թեհրանը կատարեց Բաքվի պահանջը, այն է՝ կարգադրեց երկրի բեռնափոխադրող ընկերություններին ու քաղաքացիներին Հայաստանի տարածքից մուտք չգործել «ադրբեջանական տարածք  Լեռնային Ղարաբաղ» և չծավալել առևտրային գործունեություն: ՀՀ֊ի տարածքային ամբողջականությունը՝ Իրանի կարմիր գիծ Արցախյան պատերազմից հետո պաշտոնական Թեհրանը հայտարարեց, որ ՀՀ֊ի տարածքային ամբողջականությունն իր կարմիր գիծն է․ «Մեր կարմիր գիծը Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունն է, որի մասին մենք հստակ արտահայտվել ենք»: 

Իրանա-ադրբեջանական հարաբերությունների լարվածության ֆոնին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի՝ Թեհրան կատարած այցի ընթացքում այդ երկրի ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանն ընդգծեց, որ թույլ չեն տա օտար ուժերի միջամտություն տարածաշրջանային հարցերին և որ «տարածաշրջանի խնդիրները պետք է լուծեն բացառապես տարածաշրջանի երկրները»: 
Ավելի ուշ Իրանի ԱԳՆ-ն հայտարարեց, որ ՀՀ-ն ու Ադրբեջանը ԻԻՀ֊ի երկու լավ հարևաններն են, «ուստի Իրանը չի աշխատի նրանից մեկի հետ՝ ընդդեմ մյուսի»:   
«Իրազեկ քաղաքացիների միավորում»

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր