Քանյե Ուեսթը խոստովանել է, որ վատ ամուսին է եղել, սակայն Աստծո կամքով ցանկանում է վերամիավորվել կնոջ հետ
Քանյե Ուեսթը խոստովանել է, որ վատ ամուսին է եղել, սակայն Աստծո կամքով ցանկանում է վերամիավորվել կնոջ հետ: Ռեփերն այդ խոստովանությունն արել է Լոս Անջելեսում՝ պատարագի ժամանակ: Twitter-ում ռեփերի ելույթի տեսագրություն է հայտնվել։
«Աստված ցանկանում է, որ դուք տեսնեք, որ ամեն ինչ կարելի է փրկել: Բոլոր այն հարաբերությունները, որոնք մենք ստեղծել ենք, որոնցում մենք սխալներ ենք թույլ տվել, որոնցում ես սխալվել եմ… Ես հանրության առաջ արել եմ բաներ, որոնք անընդունելի էին: Ես այստեղ եմ՝ ամեն ինչ փոխելու համար»,- շեշտել է ռեփերը։
Ուեսթի խոսքով՝ ինքը ցանկանում է վերադարձնել կնոջը, ում հետ ամուսնալուծության գործընթացում է։ Քանյեն, ով վերջերս փոխել է իր անունը և դարձել է Յե, կարծում է, որ եթե «թշնամին» բաժանի իրենց դաշինքը Քարդաշյանի հետ, միլիոնավոր ընտանիքների կարող է թվալ, թե ամուսնալուծությունը նորմալ է:
«Որովհետև եթե թշնամին կարողանա մասնատել Քիմ-Յեին, միլիոնավոր ընտանիքներ կկարծեն, որ նման բաժանումը նորմալ է: Բայց երբ Աստված վերամիավորի Քիմ-Յեին, միլիոնավոր ընտանիքներ կկարողանան հաղթահարել բաժանումները»,- ասել է երաժիշտը:
Նա նաև նշել է, որ բնակություն է հաստատել այն վայրի մոտ, որտեղ Քիմն ապրում է երեխաների հետ, և իրեն «պետք է տուն գնալ»։