Փաստացի Փաշինյանը չի հերքել, որ Ադրբեջանին «միջանցք» է տրամադրվելու
Հայաստանի կառավարությունն արդեն իսկ «հրատապ» կերպով հրապարակել է Փաշինյան- Միշել- Ալիև հանդիպումից առաջին կադրերը։ Այս հանդիպման և հրապարակված կադրերում հանրությունը որեւէ նորություն դեռևս չի ստացել։ Թեյի սեղանի շուրջ ընթացող հանդիպման մանրամասներն արդեն հայտնի կդառնան ավելի ուշ։ Բայց ուշագրավ էր մինչ այդ նախ Ալիևի և ապա Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները։
«Զանգեզուրի միջանցքի» բացման մասին կետը նախատեսված է Ադրբեջանի, Ռուսաստանի և Հայաստանի ղեկավարների 2020 թվականի նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարությամբ։ Այդպիսով, սա պարտավորություն է Հայաստանի համար»,- հայտարարել է Ալիևը` շարունակելով․ «Եռակողմ հայտարարություններում բացահայտ ասվում է, որ Ադրբեջանը ապահովում է անվտանգություն և մուտք դեպի Լաչինի միջանցք: Հայաստանը պետք է մեզ նույն անարգել մուտքը տա դեպի Զանգեզուրի միջանցք։ Այսօր Լաչինի միջանցքում չկան մաքսակետեր: Նույնը պետք է լինի նաև Զանգեզուրի միջանցքում։ Եթե Հայաստանը պնդի` մաքսակետեր ստեղծելու համար վերահսկել ապրանքների և քաղաքացիների տեղաշարժը «Զանգեզուրի միջանցքով», ապա այն ժամանակ մենք պնդելու ենք Լաչինի միջանցքում նույն պայմանները։ Սա տրամաբանական է»։
Ադրբեջանի նախագահը նշել է, որ «պայմանավորվածություն է ձեռք բերվել կառուցել ճանապարհներ և ավտոճանապարհներ դեպի Նախիջևան»։ «Բայց ճշգրիտ երթուղին, ճանապարհը դեռևս որոշված չէ, սա ապագա բանակցությունների հարց է։ Այսօր եռակողմ հանդիպմանը մենք անպայման կքննարկենք այդ հարցը»,- հավելել է Իլհամ Ալիևը։
«Զանգեզուրի միջանցքը» միջանցք է ոչ միայն մեզ համար։ Ադրբեջանը մուտք է ստանում դեպի Նախիջևան: Այն անհրաժեշտ է նաև Հայաստանին Իրանի և Ռուսաստանի հետ Ադրբեջանի տարածքով երկաթուղային հաղորդակցության համար։ Այնպես որ, դա իսկապես դրական մթնոլորտ կստեղծի», - պնդել է Ադրբեջանի ղեկավարը:
Բաքվի այս մոտեցումը Երևանն անընդունելի է համարել: «Ադրբեջանը փորձում է փակուղի մտցնել տարածաշրջանային կոմունիկացիաների բացման հարցը», - ֆեյսբուքյան գրառմամբ արձագանքել է Հայաստանի վարչապետը` շարունակելով. «Ադրբեջանի նախագահի փորձերը տարածաշրջանային կոմունիկացիաների բացումը զուգահեռել Լաչինի միջանցքի հետ՝ որևէ աղերս չունի մինչ օրս այդ թեմայով տեղի ունեցած քննարկումների, ստորագրված հայտարարությունների հետ և անընդունելի է Հայաստանի համար»։
Փաշինյանն ընդգծել է, որ այս դիրքորոշումը հստակ կարտահայտի կայանալիք եռակողմ հանդիպման ընթացքում։
Մինչ Ալիևը խոսում է դրական մթնոլորտի ստեղծման ու «Զանգեզուրի միջանցքի» մասին, Հայաստանի փաստացի ղեկավարը գրառմամբ հայտարարում է, թե այդ մոտեցումներն անըդունելի են։
Փաստացի Փաշինյանը չի հերքել, որ Ադրբեջանին «միջանցք» է տրամադրվելու։