Թշնամին շարունակում է թիրախավորել հայ առաքելական եկեղեցին՝ գիտակցելով, որ «հանուն ճշմարտության երթը» չի համընկնում իր շահերին          Տեսանյութ.Երևան-Սևան մայրուղում երթի երկարությունը հասնում է մի քանի կիլոմետրի       Սոցիալական ցանցերում Բագրատ Սրբազանի անունից բացվող որևէ էջ կապ չունի ո՛չ Շարժման, ո’չ էլ Սրբազանի հետ    

18 դեկ 2021 14:26

Ես ձեզ չեմ ստիպել մասնակիցը դառնալ այս արկածախնդրությանը, հետո գնալ և նախրի միջից պաչել ամենաբարձր զռացողի` էշի ճակատը

«Բացարձակ նպատակ չունեմ բոլոր խնդիրները, մեղքերն ու սխալները բարդելու ուրիշների վրա: Հասկանում եմ և քանիցս հրապարակավ, ի տարբերություն շատերի, ընդունել եմ, որ մեր կառավարման տարիներին առկա էին բազմաթիվ սխալներ ու բացթողումներ»,- ՀՀԿ 17-րդ համագումարում այս մասին ասել է ՀՀԿ նախագահ, ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը։


«Որ բազում խնդիրներ դանդաղ էին լուծվում: Որ մեր հայրենակիցների սպասումները մեզնից ավելին էին: Որ երկրում կար անարդարության և կոռուպցիայի բարձր ընկալում: Որ բավարար կոշտություն չեմ ցուցաբերել իշխանության ներսում ծվարած և մեր անվան տակ ազդեցություն կամ հարստություն դիզողների նկատմամբ: Որ ժողովրդի հետ շփվելիս հաճախ մինչև վերջ բաց ու հասկանալի լեզվով չեմ խոսել: Որ թերագնահատել եմ զանգվածային ազդեցության ցանցային նոր տեխնոլոգիաների դերակատարությունը: Որ առավելապես կենտրոնանալով երկրի անվտանգության ու պաշտպանության հարցերի վրա` ներքին մի շարք խնդիրներ բավարար ուշադրության չեմ արժանացրել: Որ որոշ դեպքերում, իսկ դրանք քիչ չէին, վստահել եմ մարդկանց, ովքեր դրան արժանի չէին: Եվ որպես հետևանք՝ գերագնահատել եմ պետական համակարգի կառավարելիության աստիճանը»։
Սերժ Սարգսյանի պնդմամբ՝ շարքը ոմանք կարող են շարունակել՝ իրեն վերագրելով տարաբնույթ չգործած կամ գործած սխալներ: Հավելեց՝ երևի հեշտ է ապրել, երբ քո գործած սխալների և առկա խնդիրների մեջ կարող ես մեղադրել բոլորին, բացի քեզնից:


«Չէ՞ որ, երբ, ըստ քեզ, ամեն ինչում «Սերժն է մեղավոր», ապա անվերջ կարող ես թմրեցնել սեփական խիղճդ և խուսափել ապագայի հանդեպ քո բաժին պատասխանատվությունից»։
ՀՀԿ նախագահը հայտնեց, որ ընդունել է և պատրաստ է էլի ընդունել սեփական սխալները, դիմեց որոշակի շրջանակների. «ձեր սխալն ինձ մի վերագրեք, խնդրում եմ: Ես ձեզ չեմ ստիպել մասնակիցը դառնալ այս արկածախնդրությանը, հետո գնալ և նախրի միջից պաչել ամենաբարձր զռացողի` էշի ճակատը: Եվ այնուհետև առասպելներ հորինել, թե իբր ես պայմանավորված եմ իշխանությունը հանձնել սրան, իբր համագործակցում եմ սրա հետ և այլ անհեթեթություններ»։
ՀՀԿ նախագահը խնդրում և հորդորում է բոլորին՝ դադարեցնել հանդիմանել այսպես կոչված հեղափոխության մասնակիցներին: Չէ՞ որ նրանց մեջ եղել են բազմաթիվ բարի մղումներով մարդիկ, ովքեր հավատացել են, որ այդպես ավելի լավ երկիր կունենանք: Հավելեց՝ հայրենիքի համար այս ծանր օրերին պարտավոր են ամեն ինչ անել միասնականության վերականգնման համար:
ՀՀԿ նախագահը խոսեց նաև կուսակցության մասին:


«Դուք գիտեք, որ մեր իշխանության տարիներին ես մշտապես կասկածամտությամբ եմ վերաբերվել ՀՀԿ անդամակցության աճող թվերին, համարել եմ, որ այն չի համընկնում նվիրյալ հանրապետականների թվի հետ: Ինչպես հետխորհրդային բազմաթիվ երկրներում, մեզ մոտ նույնպես, ավաղ, չհաջողվեց խուսափել բյուրոկրատացումից, կուսակցության ուռճացումից, պատեհապաշտներից: Վերջիններս, որոնց ես «տարանցիկ ուղևորներ» կբնորոշեմ, չդիմացան փորձություններին, նրանց թվաց, թե Հանրապետականի նավը վերջնականապես խորտակվում է, թե «թագավորը մահացել է», և պահն է «կեցցե՛» գոռալ նոր «թագավորին»: Գիտեք, մի հետաքրքիր օրինաչափություն կար այս ամենում՝ ում պատճառով Հանրապետականին ամենաշատն էին քննադատում, այդ նույն մարդիկ առաջիններից լքեցին մեզ և հարմար տեղավորվեցին նոր տաքուկ տեղերում»։


Սարգսյանը նշեց, որ եղել են նաև հազարավոր շարքային քաղաքացիներ, որոշ նախկին գործընկերներ պարզապես զանգվածաբար ցուցակագրում էին որպես ՀՀԿ անդամներ՝ թվերով իրեն տպավորելու համար: Կուսակցությունը ուներ ինքնամաքրման խնդիր՝ թե՛ թվաքանակի, թե՛ կառուցվածքի առումով:
«Տեղյակ եք, որ ամիսներ առաջ մենք նախաձեռնեցինք կուսակցության անդամների վերահաշվառման, ինչպես նաև կուսակցական ստորաբաժանումների և ենթակառուցվածքի արդիականացման գործընթաց: Մեր գործունեության մեջ այժմ, առավել քան երբևէ, շեշտադրվել են գաղափարական ամուր հենքն ու ժառանգականությունը: Եվ ես ավելի քան համոզված եմ, որ մեր դավանած ազգային պահպանողականությունն է այն անհրաժեշտ հենքը, որի վրա հնարավոր է վերակառուցել Հայաստանը և պահել Արցախը»։


Սարգսյանը նշեց, որ հանրապետականը եղել և մնում է իրենց երկրի` միջազգային ամենալայն կապերն ունեցող քաղաքական ուժը և կապերի այդ լայն շրջանակը ծառայեցրել և շարունակելու է ծառայեցնել պետության ու ժողովրդի ազգային շահերի սպասարկմանը:


«Անգամ իշխանություն չունենալու պարագայում մենք ավելին ենք արել արտերկրում մեր դիրքերի պաշտպանության համար, քան ուսապարկերի ողջ պահեստը իր պահեստապետով հանդերձ»։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր