Հեղափոխության ջատագովներն իրենք իրենց միլիոնավոր աշխատավարձեր էին դուրս գրում. Ինչու խզվեց Մարությանի և ՔՊ-ի միջև կապը

Մարությանը հայտարարեց՝ հեղափոխության ջատագովներն իրենք իրենց միլիոնավոր աշխատավարձեր էին դուրս գրում։ Տեղեկացրեց նաև, որ աշխատանքի ընթացքում բազմաթիվ զանգեր էր ստանում ամենաբարձր ռանգի պաշտոնյաներից, այսպես ասած՝ խնդրանք-պահանջներ.
«Նրանք ասում էին «Պարոն Մարության, քաղաքապետարանի էս ինչ աշխատակիցը վատ քոմենթ է գրել, վատ ստատուսին լայք է դրել, պետք է աշխատանքից հեռանան»։
Մարությանը նշեց, որ նմանատիպ տասնյակ զանգերին ի պատասխան ասել է. «ժողովուրդ ջան, հեղափոխությունը նաև դրա համար ենք արել, որ հին ժամանակների նման չլինի, երբ մարդկանց քաղաքական հայացքների համար հետապնդում էին, աշխատանքից հեռացնում էին։ Ասում էի՝ ցավներդ տանեմ, հեղափոխությունը ֆեյսբուքով չեն կառավարում, ամեն ինչ դրանով չի սկսվում ու չի վերջանում։ Ասում էի հարազատներ ջան, ինձ հանգիստ թողեք, ես դրա համար չեմ եկել այստեղ, ես՝ գործով եմ զբաղված»։
Մարությանը հայտնեց, որ նմանատիպ զանգերն ու առաջարկները մերժում էր, սակայն դրանք դեռ ծաղիկներ էին։ Քաղաքապետը հավելեց՝ հետո զանգեր է ստացել տարատեսակ պաշտոնյաներից, որոնք մերձավորների համար արտոնություններ էին խնդրում։
«Էս ծաղիկի բուտկեն էստեղ դնենք, էս շինթույլտվությունը տանք, էսքան հարկ ավելացնենք, հողը ընդլայնենք, և այլն։ Բնականաբար բոլոր դեպքերում ստացել են պատասխանը՝ քանի դեռ այդ պաշտոնում ես եմ՝ ամեն ինչ արվելու է օրենքի ու օրինականության շրջանակներում»։
Հայկ Մարությանը նշեց, որ նմանատիպ զանգերն իր համար տհաճ ազդակ էր, որովհետև թիմին միանալու ժամանակ այդպիսի զանգեր չէր սպասում։ Հենց այդտեղից է առաջացել Մարությանի և ՔՊ-ի միջև աշխարհայացքների խզումը։