Եվրոպայում հակամարտության վտանգն իրական է,Ռուսաստանը շարունակում է իր ռազմական ուժերը կուտակել ուկրաինական սահմանին.ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար
Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակի շուրջ Եվրոպայում հակամարտության վտանգն իրական է, քանի որ Ռուսաստանը, իբր, շարունակում է իր ռազմական ուժեր կուտակել ուկրաինական սահմանին: Այս մասին ուրբաթ օրը՝ հունվարի 7-ին, հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը՝ Հյուսիսատլանտյան դաշինքի ԱԳ նախարարների վիրտուալ հանդիպման արդյունքներով, փոխանցում է «Իզվեստիա»-ն։
«Ռուսաստանի ռազմական ներուժի կուտակումը շարունակվում է։ Հակամարտության իրական վտանգ կա: Ռուսաստանի ագրեսիվ գործողությունները խաթարում են Եվրոպայում անվտանգությունը»,- ասել է նա։
Գլխավոր քարտուղարը մանրամասնել է, որ, չնայած միջազգային հանրությանը մի քանի շաբաթ շարունակ բլոկի անդամներից հնչող կոչերին, Մոսկվան «դեէսկալացման համար քայլեր չի ձեռնարկել»։
Նիստի ընթացքում ՆԱՏՕ-ի ԱԳ նախարարները «վերահաստատել են իրենց միասնությունը՝ ի պատասխան Ուկրաինայի դեմ Ռուսաստանի ագրեսիայի»,- ասվում է ՆԱՏՕ-ի ԱՄՆ առաքելության թվիթերյան էջին: