Մահացել է մեծանուն բանաստեղծ Ռազմիկ Դավոյանը
Այսօր Երևանում մահացել է մեծանուն բանաստեղծ Ռազմիկ Դավոյանը։
Դավոյանը ծնվել է 1940 թ. հուլիսի 3-ին Սպիտակի շրջանի Մեծ Պարնի գյուղում: Տարրական կրթությունը ստացել է տեղի դպրոցում։ 1949-ին ընտանիքի հետ տեղափոխվել է Գյումրի /Լենինական/, ուր ավարտել է միջնակարգ դպրոցը և տեղի բժշկական ուսումնարանը: 1964-ին ավարտել է Երևանի Խ. Աբովյանի անվան Հայկական պետական մանկավարժական ինստիտուտի պատմալեզվագրական ֆակուլտետը:
Ուսանելուն զուգընթաց, աշխատել է «Գիտություն և տեխնիկա» ամսագրի հիմնադիր խմբագրությունում, զուգահեռ՝ նաև «Գրական թերթի» խմբագրությունում՝ որպես սրբագրիչ: 1965-ից վարել է «Գրական թերթի» պոեզիայի և արձակի բաժինը: 1970 թ. աշխատել է Սփյուռքահայության հետ մշակութային կապի կոմիտեում՝ որպես ավագ խորհրդական: 1975-1990 թթ. եղել է Հայաստանի պետական մրցանակների կոմիտեի պատասխանատու քարտուղարը:
1989 թ.նշանակվել է Հայաստանի Գերագույն խորհրդի Աղետի գոտու հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ։
1991-1999 թթ. եղել է Համազգային հայ կրթական և մշակութային միության՝ Հայաստանի վարչության նախագահը։
1994-1996 թթ. ընտրվել է Հայաստանի Գրողների միության վարչության նախագահ:
1999-2003 թթ.՝ Հայաստանի Հանրապետության նախագահի խորհրդական:
2005-2007 թթ.՝ «Երևան» վավերագրական ֆիլմերի ստուդիայի տնօրեն: