Արայիկ Հարությունյանը պատրաստ է կառավարություն բերել անգամ հայտնի սորոսականների. «Հրապարակ»

Երեկ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը խորհրդակցություն է անցկացրել գործադիր և օրենսդիր մարմինների ղեկավար կազմի հետ, մասնակցել են նաև խմբակցությունների ղեկավարները, և հայտարարել է, որ մտադիր է կառավարությունը համալրել ոչ իշխանական ներկայացուցիչներով։ Գործընթացը կմեկնարկի եկող շաբաթվանից։ Պաշտոնանկ կարվեն կառավարության մի շարք անդամներ, և կնշանակվեն ընդդիմության, այսպես կոչված, տեխնոկրատ կադրերը։ Բնականաբար, գործընթացին չեն մասնակցելու Սամվել Բաբայանն ու նրա «Միասնական հայրենիքը», քանի որ Փաշինյանի հրահանգով Արցախում հեղաշրջման են մասնակցել՝ փորձելով տապալել բյուջեի ընդունումը և իմպիչմենթ սկսել։
Թեև երեկվա խորհրդակցությանը Բաբայանի կուսակիցները ներկա են եղել, սակայն ասում են, որ դա սիմվոլիկ է եղել. նրանք չեն կարողանալու կառավարությունում ներկայացուցիչ առաջադրել։ Իսկ մեխանիզմը լինելու է հետևյալը. ԱԺ ուժերը ներկայացնելու են որևէ ոլորտի ղեկավարի թեկնածու, հիմնավորելու են, որ նա ունակ է պաշտոնավարել, և Հարությունյանի հետ համատեղ քննարկման արդյունքում նշանակվելու է։
Չի բացառվում, որ ընդդիմադիր ուժերը որոշ տեղերում միասնական թեկնածուներ առաջադրեն։ «Միակ պահանջը հետևյալն է՝ չպետք է լինեն կուսակցականներ, կամ եթե կուսակցական են, ապա առաջիկա ընտրություններին մասնակցելու հայտ չպետք է ներկայացնեն, չպետք է ընդգրկվեն ցուցակում», - ասաց մեր զրուցակիցը։ Այսինքն՝ Հարությունյանը փորձում է իր շուրջ համերաշխության մթնոլորտ ձևավորել և պատրաստ է կառավարություն բերել անգամ հայտնի սորոսականների, որոնք ներկայացնում են փողոցի դժգոհ հատվածը»։