Առեղծվածային դեպք՝ Երևանում. հյուրասենյակում՝ բազմոցին, հայտնաբերել են 17-ամյա աշակերտի դին          «Մեկ մարդու հույսին» մնալու մարտավարությամբ և «հրաշքներ» սպասումով՝թուլացրեցինք Բագրատ Սրբազանի թիկունքը՝ նրան դարձնելով անհայրենիք շակալների թիրախ       Բաքուն փորձում է խորամանկել.Ադրբեջանի սահմանադրությունը չի ճանաչում հետխորհրդային սահմանները    

05 փետ 2022 13:17

Փաշինյանը ո՞ւր կտանի հայկական բանակը.Որքանո՞վ են իրատեսական Փաշինյանի՝ հայկական բանակը բարեփոխելու ծրագրերը՝ հաշվի առնելով ՀՀ տնտեսության անկայուն վիճակը

politnavigator.net–ը «Ռազմական բարեփոխումը Հայաստանում. Փաշինյանը ո՞ւր կտանի հայկական բանակը» վերնագրով հոդվածում գրում է, որ Հայաստանի ռազմաքաղաքական ղեկավարությունը հայտարարել է բանակի արդիականացման և վերազինման մասին, որը պետք է զինված լինի ամենաժամանակակից զինատեսակներով, պետք է կրճատի պարտադիր զինվորական ծառայության ժամկետը, ինչպես նաև հատուկ ուշադրություն է դարձվելու հատուկ նշանակության տարբեր ուժերի ստեղծմանն ու զարգացմանը: Նախատեսվող բարեփոխման շրջանակներում կառավարությունն արդեն որոշում է կայացրել զինծառայության համար կին ներկայացուցիչներ ընդունելու մասին։ Նիկոլ Փաշինյանի կարծիքով, հանրապետությունը հնարավորինս արագ պետք է ստեղծի բարձր պրոֆեսիոնալիզմի բանակ։ Լեռնային Ղարաբաղի վերջին պատերազմը հստակ ցույց տվեց, որ Հայաստանին իրոք անհրաժեշտ է զինված ուժերը բարեփոխել մի քանի ուղղություններով, վերանայել ուժն ու սպառազինությունը ։


PolitNavigator-ը փորձել է պարզել, թե որքանո՞վ են իրատեսական Նիկոլ Փաշինյանի՝ հայկական բանակը բարեփոխելու ծրագրերը՝ հաշվի առնելով Հայաստանի տնտեսության անկայուն վիճակը։ «Ռազմական բարեփոխումների մասին հայտարարությունները Նիկոլ Փաշինյանի և նրա թիմի ոգով են, որոնք իրական քայլերի փոխարեն իմիտացնում են բուռն գործունեություն։ Բարեփոխումների մասին շատ են խոսում, բայց իրականում այդ ոլորտում իրական քայլեր չկան։ Չկա ռազմական բարեփոխումների տարրական հայեցակարգ, չկա պատկերացում, թե ինչպիսին պետք է լինի այն։ Միայն ամպագոռգոռ հայտարարություններ, որոնք կոչված են շոյել ժողովրդի ականջները»,- ասել է քաղաքական վերլուծաբան Հայկ Խալաթյանը։


Անվտանգության հարցերով փորձագետ Կարեն Իգիթյանի կարծիքով, Հայաստանի իշխանությունները, հայտարարելով իրենց բարեփոխումների մասին, կփորձեն չեղարկել ժամկետային զորակոչը՝ ծառայության մեջ թողնելով միայն պայմանագրային զինծառայողներին։ «Ներկայիս իշխանությունները չեն հրապարակել բարեփոխումների ծրագիրը։ Պրոֆեսիոնալ բանակի անցնելու մասին խոսելը կարող է ամեն ինչ նշանակել։ Օրինակ՝ կառավարությունը կարող է չեղարկել պարտադիր զորակոչը և ծառայության թողնել արդեն այնտեղ գտնվող պայմանագրային զինծառայողներին։ Իսկ դրանք 10 հազարից ավելի են։ Ստացվում է, որ ժամկետայիններ չկան, և բանակը կարելի է անվանել «պրոֆեսիոնալ», քանի որ այնտեղ միայն պայմանագրայիններ են։ Նաև նման կրճատման համար լրացուցիչ ֆինանսական միջոցներ պետք չեն»,– ասել է նա։


Հարց. - Բարեփոխումների իրականացումը միշտ փոխկապակցված է հսկայական ֆինանսական ծախսերի հետ։ Ի՞նչ եք կարծում, որտեղի՞ց կգա ֆինանսավորումը:


Պատասխան. -Գործող իշխանությունը չի վարանում պարտքով գումար վերցնել, երբ դրա կարիքն ունի։ Օրինակ՝ եթե մինչև 2018 թվականի ապրիլը Հայաստանի պետական պարտքը կազմում էր 6,8 միլիարդ դոլար, ապա Փաշինյանի իշխանության պաշտոնավարման երեքուկես տարվա ընթացքում այն ավելացել է 40 տոկոսով՝ գերազանցելով 9 միլիարդը։


Հարց. -Ինչո՞ւ է Փաշինյանը հիմա մտածում բանակը բարեփոխելու մասին, այլ ոչ թե Ղարաբաղյան պատերազմից առաջ։


Պատասխան. -Պատերազմից առաջ նա բազմիցս խոսել է ռազմական ոլորտի ձեռքբերումների մասին, օրինակ՝ որ սնունդը բարելավվել է, ռազմական մատակարարումների ծավալը կտրուկ աճել է և այլն։ Բայց պետք է նշել, որ ռազմական պայմանագրերի հիմնական մասը կնքվել է նախորդ իշխանության օրոք։ Մյուս կողմից՝ նախկին իշխանությունների օրոք ընդունված՝ բանակի վերազինման ծրագիրը չեղարկվել է նոր իշխանությունների գալուստով, ինչը, բնականաբար, վատ ազդեցություն է ունեցել պատերազմի ժամանակ։


Հարց. -Ի՞նչ է հիմա իրենից ներկայացնում Հայաստանի բանակը։ Որո՞նք են նրա ամենաթույլ և ուժեղ կողմերը՝ համեմատած իր հարևանների և հակառակորդ Ադրբեջանի հետ։




Պատասխան. -Չնայած Ղարաբաղյան պարտված պատերազմին, հայկական բանակը դեռևս գործոն է Հարավային Կովկասի տարածաշրջանում։ Այդ իսկ պատճառով Ալիևը պարբերաբար հարձակվում է հայկական բանակի վրա։ Ադրբեջանը քաջ գիտակցում է, որ հայկական բանակը հիմա էլ տարածաշրջանային լուրջ գործոն է, և եթե իշխանության գան ազգային ուժեր, ապա կկարողանան արագ վերականգնել բանակը այնպես, որ Ադրբեջանը ստիպված կլինի հաշվի նստել նրա հետ։


Հարց. -Ի՞նչ ցույց տվեց պատերազմը Ղարաբաղում։ Ի՞նչ թերություններ պետք է բարեփոխվեն/բարելավվեն, և արդյո՞ք Փաշինյանը դա խոստանում է։


Պատասխան. -Պատերազմում կրած պարտությունը գործող իշխանությունների քաղաքականության արդյունքն էր՝ և՛ պաշտպանական, և՛ դիվանագիտության, և՛ գաղափարախոսության, և՛ այլ ոլորտներում։ Ընդ որում, պատերազմից հետո էլ ճիշտ եզրակացություններ չեն արվել։ Սա քաղաքականության խնդիր է։ Իշխանությունները հայտարարել են, որ գալու է խաղաղության դարաշրջան, և հավանաբար դրա համար են թուլացնում բանակը՝ հուսալով, որ դրանով կհանդարտեցնեն ագրեսորին։


Հարց. -Ո՞ւմ աջակցությամբ է Փաշինյանը պատրաստվում արդիականացում իրականացնել։ Կա՞ վտանգ, որ բարեփոխումը կգնա արևմտյան զենք գնելու և ՀԱՊԿ-ից հեռանալու ճանապարհով։


Պատասխան. -Չեմ կարծում, որ մոտ ապագայում ՀԱՊԿ-ից շեղում կլինի։ Հայաստանի իշխանություններն այժմ շատ սահմանափակ են այդ հարցերում թե՛ քաղաքական, թե՛ ֆինանսական տեսակետից, մինչդեռ Ռուսաստանը հնարավորություն է տալիս ձեռք բերել ժամանակակից սպառազինություն ցածր գներով։ Բայց զինված ուժերի բարեփոխման հարցում արևմտյան օրակարգն արդեն ակնհայտ է։ Մասնավորապես, դա զորակոչի կրճատման և բանակում կանանց թվի ավելացման հայտարարված նպատակներն են:


Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր