Մարդիկ դեռ քնած էին, կրակահերթերի ձայներից են արթնացել, գնդակները բազմաթիվ տների վրայով են անցել
![](https://armday.am/storage/posts/February2022/FQ13px4BP5NP62kVJiDW.png)
Քիչ առաջ Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը հայտնեց, որ լուսադեմին Կարմիր Շուկայի ու Թաղավարդ գյուղերի հարևանությամբ տեղակայված ադրբեջանական դիրքերից թիրախավորված կրակահերթեր են արձակվել տների ուղղությամբ։
Դեպի մանրամասները պարզելու համար «Փաստինֆո»-ն կապ է հաստատել Կարմիր Շուկայի դպրոցի տնօրեն Զավեն Բադասյանի հետ։
«Թիրախավորված կրակահերթեր են եղել գյուղի ուղղությամբ։ Մարդիկ դեռ քնած էին, կրակահերթերի ձայներից են արթնացել։ Ամենաշատը տուժել են Գաբրիելյանները։ Տան պատուհաննեը ջարդվել, գնդակները լցվել են տուն։ Բազմոցի տակից էլ են գնդակներ հանել։ Այդ ժամանակ ամուսինը տան չի եղել։ Կինն ու երեք անչափահաս երեխաներն էին, որ սարսափահար վեր էին կացել»,- «Փաստինֆո»-ին մանրամասնեց Զավեն Բադասյանը։
Նրա փոխանցմամբ՝ Գաբրիելյաների տունը գյուղի խորքում է, գնդակները բազմաթիվ տների վրայով են անցել, բնականաբար, այլ տների տանիքներ էլ վնասվել։Բադասյանն ասում է՝ Գաբրիելյանների տան կահույքն էլ է շարքից դուրս եկել։