Փաշինյանն անտրամադիր ու հյուծված տեսք է ունեցել, նաեւ՝ մտահոգ․ «Հրապարակ»          Ո՞վ է ստանձնել ոստիկանության ագրեսիվ վարքագծի «քավորությունը». «Փաստ»       Փորձում են «այլընտրանքներ» գտնել ու մոբիլիզացնել սատելիտներին. «Փաստ»    

15 փետ 2022 10:17

Մեկ էլ՝ որպես տուրիստ կգան Հայաստան կամ էլ կյանքի մայրամուտին, տեսնում են՝ ոչինչ չի փոխվում, դեռ մի բան էլ ամեն ինչ ձեռքից գնում է. «Փաստ»

Կառավարության վերջին նիստից տեղեկացանք՝ ստեղծվում է Հայրենադարձության ինտեգրման կենտրոն, որն «իր տեսակով առաջինն է լինելու Հայաստանում, գործելու է որպես միասնական ռեսուրս-կենտրոն հայրենադարձների ինտեգրման համար»: Պաշտոնական հաղորդագրության մեջ նշվում է, որ ներկայում Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակն իր կադրային սակավ ռեսուրսներով իրականացնում է հայրենադարձության և հայրենադարձների ինտեգրման հետ կապված աշխատանք, ինչը բավարար չէ խնդիրների արդյունավետ լուծման համար: Մեր երկրում 2008 թ.-ի հոկտեմբերից գործում էր սփյուռքի նախարարությունը, մինչև նախարարությունների հայտնի օպտիմալացումը, երբ դրա գործառույթները փոխանցվեցին սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարին։

Ե՛վ այն ժամանակ, և՛ այժմ ոլորտային փորձագետները նշում են, որ սխալ էր սփյուռքի և գյուղատնտեսության նախարարությունների լուծարումը: Մեր երկիրը եզակիներից է, որն ունի սերտ կապ Սփյուռքի հետ, պետական և հասարակական ամենատարբեր կազմակերպություններ են գործում աշխարհի տարբեր ծայրերում, որոնք կարողանում են հարցեր լուծել, իսկ մենք փակեցինք նախարարությունը, դարձրեցինք այն գրասենյակ, իսկ հիմա խրոխտ ձայնով ասում ենք, թե գրասենյակի ռեսուրսները չեն բավարարում ավելի արդյունավետ գործունեություն ծավալելու համար:

Բայց չէ՞ որ ակնհայտ բան էր՝ իշխանափոխությունից հետո էլ Սփյուռքը նույնն էր մնալու՝ իր ներուժով, որն անընդհատ բացահայտելու կարիք կա, իր խնդիրներով, որոնք լուծում են պահանջում, այդ դեպքում ինչո՞ւ հայտնի կենդանու համառությամբ վերցնել ու փակել արդեն ձևավորված գերատեսչությունը: Եթե այնտեղ կային խնդիրներ, կարելի էր դրանք շտկելու, ծրագրերը վերափոխելու ճանապարհով գնալ, այլ ոչ թե լուծարել, փոխարենը ինչ-որ անհասկանալի գրասենյակ բացել, հիմա էլ` թե բա՝ Հայրենադարձության ինտեգրման կենտրոն ենք ստեղծում: Խնդիրները շտկելն ավելի հեշտ է, քան գործող կառույցը քանդելը: Հրեն՝ մեր պետության օրինակը: Անվերջանալի քաոսային շրջապտույտի մեջ ենք:

Ու ով էլ հաջորդը գա իշխանության, ոչ երնեկ իրեն, քանի որ ավերակներից փյունիկի վերհառնումը գրեթե անիրականանալի մի բան է այս պարագայում: Հայրենադարձության ինտեգրման կենտրոնի ստեղծումը և այս թեմայի վերծանումը զավեշտալի է մեկ այլ առումով: Եվ սա արձանագրելն, ավաղ, ցավ պիտի լինի ցանկացած բանական մարդու համար: Պաշտոնական տվյալներով, 2021 թ.-ին Հայաստանից մեկնել ու չի վերադարձել 73 հազար 571 քաղաքացի։ Նույն թվականի առաջին կեսին ՌԴ քաղաքացիություն է ստացել մոտ 22 հազար ՀՀ քաղաքացի։ Հաջորդ «նախընտրելի» ուղղությունն ԱՄՆ-ն է: 2021 թ.-ին ՀՀ մոտ 161 հազար քաղաքացի է դիմել «Գրին քարտի» համար: Այս իրավիճակում, երբ մարդիկ ելքեր են փնտրում Հայաստանը լքելու համար, խոսել հայրենադարձության մասին, մեղմ ասած, զավեշտալի է: Հատկապես պատերազմը շատերին տարավ օտար ափեր, նրանց, ովքեր երկու անգամ ձայն տվեցին գործող իշխանություններին՝ մի անգամ հավատով, մյուս դեպքում՝ անհասկանալի շարժառիթներով:

Դեռևս 2019 թ.-ի սեպտեմբերի 23-ին Նիկոլ Փաշինյանը Լոս Անջելեսի «Գրանդ Փարքում» հրավիրված հանրահավաքի ժամանակ հայտարարում էր, թե «հայրենադարձություն նշանակում է տարվա ընթացքում անպայման մեկ, երկու ամիս ֆիզիկապես գտնվել և ապրել Հայաստանում: Յուրաքանչյուր հայ պետք է տուն ունենա Հայաստանում: Հայրենադարձությունը նշանակում է բիզնես ունենալ Հայաստանում, և ամենակարևորը՝ ունենալ ՀՀ քաղաքացիություն»: Երկու տարուց ավելի է անցել այս հայտարարությունից, տեսնես քանի՞ մարդ է հայրենադարձ եղել, Հայաստանում բիզնես հիմնել, ՀՀ քաղաքացիություն ստացել, որքան էլ լինի այդ թիվը, այն անհամեմատելի է մարդկանց թվի հետ, որոնք հեռանում են երկրից, ավաղ, հիմնովին քանդելով Հայաստանի հետ կապող կամուրջները:

Դա անում են տունն ու մեքենան վաճառելով, քաղաքացիությունից հրաժարվելով, իսկ դա նշանակում է, որ ինչքան էլ անտանելի լինի ամերիկաներում, որ եթե անգամ հայտնվեն ռուսաստանների ամենահեռավոր ու խուլ գյուղում, միևնույնն է՝ հետդարձի ճանապարհ չեն թողել: Մեկ էլ՝ որպես տուրիստ կգան Հայաստան կամ էլ կյանքի մայրամուտին՝ որպես վերջին հանգրվան մայր հողում հուղարկավորվելու կամ էլ սիրելիներին ճանապարհելու համար, երբեմն դա էլ անել չեն հասցնի:

Իսկ քանի քանիսն են դեռ գաղթի ճամփան բռնելու՝ Արցախից տեղահանված մեր հայրենակիցներից սկսած մինչև երևանաբնակ երիտասարդը, ով ցանկանում է ընտանիք կազմել, բայց բնակարանային տարրական պայմանները բարելավել չի կարողանում, Սյունիքում բնակվողից, որտեղ մարդիկ կորցնում են արոտավայրերը, ստիպված են կրճատել անասնագլխաքանակը, որն իրենց եկամտի միակ աղբյուրն է, մինչև Շիրակում բնակվողը, ով պտտվում է, պտտվում ու վերադառնում զրոյական կետին: Ախր, միայն հայտարարություններ անելով չէ, միայն կառույցներ ստեղծելով չէ: Մարդիկ տեսնում են՝ ոչինչ չի փոխվում, դեռ մի բան էլ ամեն ինչ ձեռքից գնում է:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր