Հերթական անգամ Հայաստանն անլուրջ գործընկերոջ կերպարով է հանդես եկել միջազգային ասպարեզում.«Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովհաննես Իգիթյանը դիմել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին և խնդրել, որ իրեն նշանակեն Մերձբալթյան երկրներում՝ Լատվիայում, Լիտվայում և Էստոնիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան: Նիկոլ Փաշինյանը որոշել է չմերժել Իգիթյանին, որի հետևանքով հերթական անգամ Հայաստանն անլուրջ գործընկերոջ կերպարով է հանդես եկել միջազգային ասպարեզում:
Բանն այն է, որ 2021 թվականի մարտի 15-ին դիվանագետ Արմեն Մարտիրոսյանը համատեղության կարգով նշանակվել էր Մերձբալթյան երեք երկրներում դեսպան, սակայն մենք տեղեկացանք, որ դեռ մեկ տարի էլ չանցած՝ միայն հունիս ամսին իր հավատարմագրերը հանձնած դեսպանին Հայաստանը որոշել է հետ կանչել: Իսկ ինչո՞ւ. որովհետև քաղաքական իշխանությունը նախկին պատգամավորին «գործի տեղավորելու» խնդիր ունի։ Դեսպանի պաշտոնում նրան պետք է փոխարինի ՔՊ խմբակցության պատգամավոր Հովհաննես Իգիթյանը:
«Ժողովուրդ» օրաթերթն այս ուշագրավ իրավիճակի առնչությամբ մեկնաբանության համար դիմեց ՀՀ ԱԳՆ, որտեղից մամուլի խոսնակ Վահան Հունանյանը ո՛չ հաստատեց, ո՛չ հերքեց մեր տեղեկությունը՝ հայտարարելով՝ «ՀՀ դեսպանների նշանակման և հետկանչի մասին ԱԳՆ-ն պատշաճ կերպով ու ժամկետներում հանրությանը տեղյակ է պահում»»։