Ուկրաինայում դադարեցրել են պլանային հոսպիտալացումն ու վիրահատությունները մինչև առանձին կարգադրություն
ՈՒկրաինայում պլանային հոսպիտալացումն ու վիրաբուժական վիրահատությունները դադարեցվել են մինչև առանձին կարգադրություն։ Այս մասին հայտնել է երկրի առողջապահության նախարարության մամուլի ծառայությունը։
«Պլանային հոսպիտալացումը և վիրահատությունները դադարեցվել են մինչև առանձին կարգադրություն”, – ասված է Առողջապահության նախարարության կայքում զետեղված հաղորդագրության մեջ:
Գերատեսչությունում միաժամանակ հավաստիացրել են, որ երկրում ռազմական դրություն մտցնելու կապակցությամբ բուժհաստատությունները օգնություն կցուցաբերեն բոլոր նրանց, ովքեր դրա կարիքն ունեն:
«Գործարկվել են շտապ օգնության բոլոր տարածաշրջանային կենտրոնները, որոնք ապահովում են արտակարգ օգնության շարունակական, ինքնուրույն և շուրջօրյա մատակարարում», – ասված է հաղորդագրության մեջ: Գերատեսչության տվյալներով՝ բոլոր հիվանդանոցներն ապահովված են սննդի ինքնավար աղբյուրներով և կան դեղամիջոցների, բժշկական ապրանքների պաշարներ:
Ուկրաինայի Գերագույն ռադան փետրվարի 24-ին ռազմական դրություն է սահմանել Ուկրաինայի ամբողջ տարածքում:
Ռազմական դրությունը երկրի գործունեության հատուկ ռեժիմ է, որը սահմանվում է Ազգային անվտանգության, տարածքային ամբողջականության, ռազմական ագրեսիայի սպառնալիքի դեպքում: Ռազմական դրության գործողության ընթացքում պետական և տեղական իշխանության մարմինները, զինվորական հրամանատարությունները լրացուցիչ լիազորություններ են ստանում իրավիճակի շուտափույթ կայունացման նպատակով: Միևնույն ժամանակ կարող են սահմանափակվել քաղաքացիների բազմաթիվ իրավունքներն ու ազատությունները։