Ռուսաստանը զավթել է Կուրիլյան կղզիների հարավային հատվածը, ինչն անընդունելի է. Ճապոնիայի ԱԳՆ հայտարարությունը
Ռուսաստանը զավթել է Կուրիլյան կղզիների հարավային հատվածը, ինչը հակասում է միջազգային իրավունքին, ինչպես Ուկրաինայի վրա հարձակումը։ Այս մասին երկուշաբթի՝ փետրվարի 28-ին, հայտարարել է Ճապոնիայի ԱԳՆ եվրոպական դեպարտամենտի տնօրեն Հիդեկի Ույաման, հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը։
«Հյուսիսային տարածքները» (ինչպես Ճապոնիայում անվանում են Կուրիլների հարավային հատվածը – խմբ.) օկուպացված են (Ռուսաստանի կողմից), և մենք կարծում ենք, որ դա հակասում է միջազգային իրավունքին այնպես, ինչպես ռուսական բանակի շարունակվող հարձակումը Ուկրաինայի վրա»,- ընդգծել է Ույաման խորհրդարանում տեղի ունեցած բանավեճի ժամանակ։
Ինչպես նշում է լրատվական գործակալությունը, Ճապոնիայի իշխանությունները վերջին տարիներին ձեռնպահ են մնացել «օկուպացիա» տերմինն օգտագործելուց՝ նկարագրելով իրավիճակը հարավային Կուրիլների շուրջ և սահմանափակվել են այն հայտարարությամբ, որ «Ճապոնիայի ինքնիշխանությունը տարածվում է այդ կղզիների վրա»։
Հիշեցնենք, որ Ռուսաստանը և Ճապոնիան դեռևս խաղաղության պայմանագիր չեն կնքել Երկրորդ համաշխարհային պատերազմի արդյունքներով։ Համաձայնագրի ստորագրմանը խոչընդոտում է Կուրիլյան կղզիների շուրջ տարածքային վեճը։
Ավելի վաղ Տոկիոն պայմանագրի ստորագրման հիմնական պայման էր անվանել Իտուրուպ, Կունաշիր, Շիկոտան և Հաբոմայ կղզիների վերադարձը։
Ռուսաստանի դիրքորոշումն այն է, որ Հարավային Կուրիլները օրինականորեն մտել են ԽՍՀՄ կազմում Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո, և նրանց նկատմամբ Ռուսաստանի ինքնիշխանությունը կասկածից վեր է: