Այդպիսի մարտավարությունը մենք չենք ընդունում.Զելենսկին մեկնաբանել է Ուկրաինայի եւ Ռուսաստանի միջեւ բանակցությունների առաջին փուլը

«Այսօր ռուսական կողմի նախաձեռնությամբ կայացավ Ուկրաինայի եւ Ռուսաստանի միջեւ բանակցությունների առաջին փուլը։ Բանակցություններն ընթանում էին մեր տարածքի, մեր քաղաքների ռմբակոծության ու գնդակոծության ֆոնին։ Տեսանելի էր գնդակոծությունների համաժամացումը բանակցային գործընթացի հետ: Կարծում եմ, որ այդպիսի պարզ ճանապարհով Ռուսաստանը փորձում է ճնշում գործադրել։ Ժամանակ մի կորցրեք: Այդպիսի մարտավարությունը մենք չենք ընդունում։ Արդար բանակցություններ կարող են լինել այն դեպքում, երբ մի կողմը մյուսին ռեակտիվ հրետանիով չի հարվածում բանակցությունների պահին»,- ասել է պետության ղեկավարը։
Նրա խոսքով՝ առայժմ Ուկրաինան չունի այն արդյունքը, որը կցանկանար ստանալ։
«Ռուսաստանը հայտարարել է իր դիրքորոշումները: Մեզնից պատասխան կետեր հնչեցին՝ պատերազմին վերջ տալու համար։ Որոշ ազդանշաններ մենք ստացանք։ Երբ պատվիրակությունը վերադառնա Կիեւ, կվերլուծենք լսածը եւ կորոշենք՝ ինչպես անցնել բանակցությունների երկրորդ փուլ»,- ընդգծել է Զելենսկին։