Ադրբեջանցիները Սյունիքի Ներքին Հանդում տեղակայված են արդեն առնվազն 10 օր․ նրանց հայտնաբերել է հովիվը
![](https://www.pastinfo.am/news_images/455/1364251_1/timthumb_3.thumb.jpg)
«Անասունները մի օր մնացել էին արոտավայրում, անասնապահն անասուններին փնտրելով գնաց ու դեմ առավ վրաններին։ Դա մարտի 4-ին կամ 5-ին էր։ Տեսնելով վրանները՝ հետ է եկել, բարեբախտաբար անասուններն այդ կողմի վրա չէին գնացել»,-«Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց Ներքին Հանդի գյուղի վարչական ղեկավար Խաչատուր Բաղդասարյանը։
Նրա խոսքով՝ ադրբեջանցիները հինգ վրան են դրել գյուղի տարածքում և, փաստացի, նշանառության տակ առել գյուղի գերեզմանոցը, իսկ գյուղի խմելու ջրի ակունքը մնացել է թշնամու հսկողության տակ անցած տարածքում։
Վարչական ղեկավարը նշում է՝ գյուղացիներն այդ նույն ջուրն են խմում, բայց՝ վախենալով։
«Ադրբեջանցիները նաև ճանապարհ էին գցում բլրից․ մտածում էինք, որ դեպի էդ վրաններն են ճանապարհ բացում, բայց հիմա չեն աշխատում, ընդհատել են, իսկ թե ինչի հետ է կապված, չեմ կարող ասել»,-ասաց Բաղդասարյանը։
Ադրբեջանցիների՝ Ներքին Հանդի տարածքում տեղակայվելու հետևանքով գյուղացիները նաև զրկվել են արոտատեղիից։ Թե որտեղ են արածացնելու անասուններին մոտալուտ գարնանը, իրենք էլ չգիտեն։
Փաստորեն, ՀՀ զինված ուժերն այնքան անտարբեր են գտնվել, որ չեն նկատել թշնամու առաջխաղաղացումը կամ էլ նրանց ուղղակի հանձնարարվել է՝ չխոչընդոտել թշնամու առաջխաղացմանը։