Մայիսի 6-ին երկար ժամանակով կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Եվս մեկ լուրջ վարակիչ, վտանգավոր հիվանդության բռնկման մասին       Հիմա արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան.Կիրանցի բնակիչներն իրենց տներում արդեն վախենում են իրենց անվտանգության համար՝ ադրբեջանցու ճանապարհը բաց է    

24 մար 2022 11:45

Ադրբեջանը հաստատեց, որ առանց պայթյունների պարզապես փակել է գազատարի փականը, ապացուցելով, որ ինքն է հեղինակել մարտի 7-ի պայթյունը

Արդեն երեք օր Արցախի Հանրապետության քաղաքացիները զրկված են բնական գազի մատակարարումից. Սա տեղի է ունեցել Ադրբեջանի միջամտության արդյունքում: Ինչպես գիտեք, մարտի 7-ին Արցախին մատակարարող գազատարը պայթեցվել էր Ադրբեջանի վերահսկողության ներքո գտնվող տարածքում: Այս մասին, այսօր՝ մարտի 24-ին, կառավարության նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նա, մասնավորապես, նշեց. «Ամենատարբեր պատրվակներով Ադրբեջանը թույլ չէր տալիս գազատարի վերանարոգումը եւ ի վերջո, ինքը նորոգեց; Արդյունքում, մեր տեղեկություններով գազատարի վրա տեղադրվել է փական, եւ ահա մարտի 18-ին 11 օր անց 4 օրով Արցախի գազամատակարարումը վերականգնելուց հետո Ադրբեջանն արդեն մարտի 21-ին առանց պայթյունների պարզապես փակել է գազատարի փականը, այդպիսով ապացուցելով, որ ինքն է հեղինակել մարտի 7-ի պայթյունը:

Առանձնակի ուշադրության է արժանի այն փաստը, որ գազամատակարարման երկու դադարեցումներն էլ տեղի են ունեցել եղանակային բացառիկ պայմաններում: Մարտի 7-ին վերջին 30 տարվա մեջ աննախադեպ չափերի ձյուն էր տեղացել Արցախում եւ օդի ջերմաստիօճանը աննախադեպ անկում էր ունեցել: Մարտի 21-ին  ջերմաստիճանի անկման եւ ձյան տեղումների  այդ ռեկորդը գերազանցվել էր եւ ձյան  տեղումները տեղ-տեղ հասնում էին 1,5 մետրի, մայրաքաղաք Ստեփանակերտում՝ 1 մետրի: Օդի ջերմաստիճանը նվազել էր մինչեւ -8 աստիճան: Եվ ահա այս պայմաններում Արցախը դիտավորյալ զրկվել էր բնակարանները, մանկապարտեզները, դպրոցները, հիվանդանոցները ջեռուցելու համար կենսական նշանակություն ունեցող բնական գազի մատակարարումներից: Սա բավարար է հասկանալու համար, որ Ադրբեջանի գործողությունների արդյունքում Արցախը հայտնվել է հումանիտար աղետի շեմին: Չեմ կասկածում, իհարկե, որ Արցախի հերոսական ժողովուրդը կհաղթահարի այս փորձությունը նույնպես, բայց այս գիտակցմամբ պետք է արձանագրեմ, որ Ադրբեջանն իր այս գործողություններով նաեւ ծառայություն է մատուցում Արցախի ժողովրդին, որովհետեւ գազատարի հետ կապված այս դրվագը միջազգային հանրության հմար շատ դիպուկ եւ համառոտ նկարագրություն է Արցախի հիմնախնդրի:

Այս դրվագի շնորհիվ միջազգային հանրությունը Ղարաբաղի  հիմնախնդրի էությունը կարող է հասկանալ առանց 100-ավոր էջեր թերթելու, պատմության նրբություններն ուսումնասիրելու: Սա անառարկելիորեն ի ցույց է դնում Ադրբեջանի քաղաքականությունը արցախահայության նկատմամբ,  այն է՝ անհնար դարձնել նրանց ապրելը սեփական հայրենիքում:

Ադրբեջանն արդեն 1,5 տարի թմբկահարում է, թե փառահեղ հաղթանակ է տարել 2020-ի 44-օրյա պատերազմում: Բայց ամեն ինչ  ցույց է տալիս, որ այն փաստը, որ այսքան տառապանքներից ու զրկանքներից հետո Արցախում հենց այս պահին շուրջ 117 հազար հայ է ապրում,  Ադրբեջանը համարում է իր ամենամեծ պարտությունը եւ խնդիր է դրված ամեն ինչ անել Արցախում էթնիկ զտումների քաղաքականությունը ավարտին հասցնելու համար»:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր