Մոսկվան սպասում է Նիկոլ Փաշինյանին՝ ԵԱՏՄ գագաթնաժողովում          ՌԴ-ում տեսանյութ է տարածել . ո՞վ է ցանկապատից կախել մանկապարտեզի սանին       Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու հաղորդում է ներկայացվել ՀՀ գլխավոր դատախազություն    

29 մար 2022 10:06

Երկար հապաղելը կարող է անդառնալի հետևանքներ ունենալ. «Փաստ»

Տարածաշրջանում զարգացումների ընթացքը տանում է նրան, որ Հայաստանը այս իշխանությունների «շնորհիվ», ցավոք, քիչքիչ կորցնում է իր սուբյեկտայնությունը և վերածվում աշխարհաքաղաքական մանրադրամի։ Եթե Արցախյան երկրորդ պատերազմից առաջ որևէ մեկը կանխատեսեր հայկական կողմի համար դրա ծայրահեղ ծանր արդյունքները, ապա նրան ոչ ոք լուրջ չէր ընդունի։

Այսինքն, հանրության մեջ վտանգի ու սպառնալիքի գիտակցումը չի եղել համապատասխան մակարդակի։ Իսկ եթե հանրությունն ընդհանրապես առավել խորը գիտակցում ունենար, թե երկարաժամկետ հեռանկարում ինչպիսի հետևանքներ կարող են լինել՝ ի վնաս Հայաստանի, միգուցե իրավիճակն այլ լիներ։ Իսկ այն դեպքում, երբ հանրությունը խորքային առումով ըմբռներ տեղի ունեցող իրադարձությունները, տեսարանները մի կողմ թողնելով՝ կոնկրետ պահանջներ կդներ իշխանության առաջ, իսկ եթե իշխանությունները չկարողանային այդ խնդիրները լուծել, ապա նրանք ստիպված կլինեին հեռանալ։ Ուստի հանրային ընկալման ու հանրային գիտակցության հետ կապված այս հարցը արմատական և համապարփակ վերլուծության կարիք ունի։ Խնդիրն այն է, որ իրական անվտանգության ու բարեփոխումների փոխարեն իշխանափոխությունից հետո հանրությանն են հրամցվել միայն տեսարաններից բաղկացած «անվտանգությունն» ու «փոփոխությունները»։

Եվ մարդիկ, օրինակ՝ տեսնելով նոր գնված ինքնաթիռների ֆոնին Փաշինյանի նկարները, մտածել են, թե իրենք ավելի անվտանգ երկրում են ապրում, թե նախկինները թալանել են, իսկ «փրկիչ» Նիկոլը ինքնաթիռներ է գնում, բոլորիս անվտանգությունն է ամրապնդում։ Միևնույն ժամանակ, վտանգի շուրջ հանրային զգոնության թուլացմանն է նպաստել կեղծ խաղաղասիրական քարոզը, որը մինչ օրս էլ շարունակվում է։

Այս քարոզչությունը մի օրվա գործ չէ, տարիներ շարունակ տարբեր շրջանակներ ու դրսի ՀԿ-ներից սնվող ներկայացուցիչներ իրենց գործունեությամբ փորձել են արմատավորել այն մտայնությունը, թե Արցախը բեռ է, իսկ Թուրքիայից ու Ադրբեջանից սպասվող սպառնալիքն ուղղակի չափազանցված է, քանի որ նրանց հետ համագործակցելու դեպքում նույնիսկ հնարավոր է զարգանալ։ Իհարկե, չենք ասում, որ պետք է ընկնեինք հակառակ ծայրահեղության մեջ և ռազմատենչություն քարոզեինք, պարզապես անհրաժեշտ էր մարդկանց զգոնությունը բարձր մակարդակի վրա պահել, որպեսզի նրանցից յուրաքանչյուրը հասկանար, թե կոնկրետ ինչ վտանգներ պետք է սպասել, ինչպես կարելի է օգտակար լինել երկրի անվտանգությանը և տնտեսությանը, այլ ոչ թե երբ պատերազմն արդեն սկսված լիներ, անկազմակերպվածությունը գերիշխող դառնար, ու երկրի ղեկավարը ուղիղ եթեր դուրս գար և փորձեր ինչ-որ կերպ կամավորական ջոկատներ ձևավորելու հրահանգներ տալ ու ուղղորդել։

Մեկ այլ կարևոր հարց է նաև հակառակորդի ունեցած տեխնիկական, ռազմական հնարավորությունների վերաբերյալ նախօրոք տվյալներ ունենալը, մշակելը և, դրան համապատասխան, եզրահանգումներ անելն ու ռազմավարություն մշակելը։ Օրինակ՝ Թուրքական «Bayraktar TB2» անօդաչուների հարցը շատ է քննարկվում, բայց մի՞թե հնարավոր չէր դրան հակադրող միջոցներ ունենալու մասին մտածել պատերազմից առաջ։ Այս ԱԹՍ-ների կիրառման ու տեխնիկական բնութագրերի մասին տեղեկություն կարելի էր ստանալ դեռևս 2018 թվականի աշնանը, երբ թուրքական լրատվամիջոցները սկսեցին գրել, որ Ադրբեջանը բանակցություններ է վարում դրանք ձեռք բերելու նպատակով։ «Bayraktar TB2»-ների բնութագրերի մասին կարելի էր տեղեկանալ, քանի որ դրանք լայնորեն կիրառվում էին Սիրիայում և Լիբիայում։

Թերևս իրավիճակը սթափ չգնահատելու արդյունքում է, որ այս հարցն անտեսվեց իշխանությունների կողմից, և միայն պատերազմի ընթացքում այդ տիպի ԱԹՍ-ների խոցումից հետո է հայկական կողմն այն ուսումնասիրում՝ հասկանալով, որ Թուրքիան դրանք հավաքելու համար տարբեր երկրներից գնված պահեստամասեր ու դետալներ է ձեռք բերում, որից հետո մեր ուժերը կենտրոնացնում ենք, որպեսզի արտասահմանյան տեխնոլոգիական ընկերությունները պահեստամասեր չվաճառեն կամ կառավարությունները թույլ չտան։ Ստացվում է, որ «խաղաղության դարաշրջանն» ուղղակի ուտոպիա է, իսկ գոյատևելու միակ ելքը ժամանակակից պահանջներին համապատասխան անվտանգության համակարգ կառուցելն է։

Սակայն ժամանակի կորուստը աշխատում է ի վնաս մեզ, քանի որ ներկա պայմաններում իրադարձությունները և տեխնոլոգիական զարգացումը շատ արագ են առաջընթաց ապրում, ու հետ չմնալու համար անհրաժեշտ է շարժվել առկա միտումներին համապատասխան։ Բայց գործող իշխանությունների պաշտոնավարման պայմաններում մեր հանրային օրակարգը լցված է երկրորդական ու ոչ հրատապ հարցերով, աղով, ծխախոտով, սնդիկային ջերմաչափով, այնինչ երկար հապաղելը կարող է անդառնալի հետևանքներ ունենալ, քանի որ դրանից հետո ուշքի գալն ավելի մեծ ջանքեր ու ժամանակ է պահանջելու։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր