Ոստիկանություն դիմած ռուս կանայք հայտնել են, թե «Հաղթանակ» զբոսայգու սեփականատերը հարվածել է իրենցից մեկին, թքել դեմքին          Հայտնի թուրք սեյսմոլոգը նախազգուշացրել է՝ Թուրքիայում ուժգին երկրաշարժ, ցունամի կլինի       Տեսանյութ.Երևան-Սևան մայրուղու վրա պարեկները կանգնեցնում են բոլոր բեռնատարները՝ արգելելով մուտք գործել Երևան    

02 ապր 2022 20:10

Նոյեմբերյանցու հոգոցն այլ տեղ է տանում, համբերությունը հատում է, վերանայեք ձեր ոճը

Նոյեմբերյանցու հոգոցն այլ տեղ է տանում, համբերությունը հատում է, վերանայեք ձեր ոճըԼրագրող, հասարակական գործիչ Սուսաննա Մարտիրոսյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.

Հրավիրում եմ ՀՀ պատկան մարմինների ուշադրությունը՝ Նոյեմբերյանի համայնքային իշխանությունների անպատասխանտու, ոչ պրոֆեսիոնալ գործելաոճի, զոռբայության, օրենքների չիմացության և մասնակի կիրառման, ավագանու ինստիտուտի և հանրության նկատմամբ ընդգծված քամահարանքի հանդեպ:  

Կառավարման գործընթացի անփութությունը, ամենաթողությունը և քաղաքական կոալիցիաների միջև անհանդուրժողականությունը Նոյեմբերյանը տանում են ապակառուցողական ուղեծրով և մատնում անտերության:  
Ասածս հիմնավորեմ երեկ Նոյեմբերյանի համայնքապետարանի հրավիրած հանրային լսման օրինակով, այսպես կոչված՝ իբր հանրային լսում՝ պետական սուբվենցիոն ծրագրերի և բյուջեի քննարկման շուրջ:

Նիստին միացա մի փոքր ուշացումով, հավաքված շուրջ 30 կամ գուցե մի քիչ ավելի թվով մարդիկ էին հավաքվել, ովքեր համակ ուշադրությամբ լսում էին բանախոսին:

Բանախոսում և արդեն իսկ հաստատված, ուշադրություն՝ ԱՐԴԵՆ ԻՍԿ ՀԱՍՏԱՏՎԱԾ ծրագրերը հանրության այդ մի ստվար զանգվածին էր ներկայացնում Նոյեմբերյանի համայնքապետի խորհրդականը: Իմ ստուգող հարցին, թե արդյո՞ք կարող ենք ևս առաջարկներով կամ փոփոխություններով հանդես գալ, հնչեց բացասական պատասխան: Հարց՝ եթե ամեն ինչ կանխորոշված էր, այդ դեպքում մեզ ինչի՞ էիք քննարկման հրավիրել։ Լռեցի… այնինչ Երևանից հատուկ եկել էի համայնքային զարգացման երկու գլոբալ, խոշոր ներդրումային, տեղական բյուջեի վրա բեռ չհանդիսացող, բայց 50 և ավելի աշխատատեղ ստեղծող ծրագիր ներկայացնելու: Ինչևէ…

Հա, դա էլ ասեմ, որ ինչպես տեղեկացրին քաղաքացիները և Նոյեմբեյանի ավագանու մի քանի անդամներ՝  հանրության զգալի մասը և ավագանին բացարձակապես տեղյակ չեն կառավարություն ներկայացված սուբվենցիոն  ծրագրերից: 
Այս թիմը, ոնց իրերի ընթացքն է ցույց տալիս, գործը վերջից է սկսել, նախ՝ ծրագրերը ներկայացրել է հաստատման, ապա բերել հանրային լսման, իսկ թե ավագանին ե՞րբ է քննարկելու, դա էլ դեռ մեծ հարց է:

Սա կարող եմ որակել որպես կա՛մ աշխատանքային անգործություն, անփութություն, կա՛մ նոյեմբերյանցիների կարծիքի վրա «թքած ունենալու նուրբ արվեստ»: Չնայած, որ առիթը բաց չթողնվեց և արդարացվեց, որ «այս շատ դժվար ու ծանր գործը, մի քշերվա մջին են գրել»:

Այստեղ տրամաբանական հարցեր են առաջանում. ինչո՞ւ մի օրում, ինչո՞ւ առանց քննարկելու, ինչո՞ւ առանց հանրությանը ներկայացնելու, ինչո՞ւ առանց ըստ առաջնահերթության և ընդհանրապես՝ ինչո՞ւ առանց քաղաքացու, առանց ձեր ընտրողների, չէ՞ որ աթոռի ու դիրքի, պաշտոնի եք հասել հե՛նց նրանց քվեի շնորհիվ:  Արհամարհելու, անտեսելու, վերևից նայելու, ձեր տրամաբանությունը, անհասկանալի ու անընդունելի է ինձ համար:

Այս ամենաթողությունը երկա՞ր է տևելու, այս անարհեստավարժությունը դեռ որքա՞ն է  թանկ նստելու շարքային նոյեմբերյանցու, Նոյեմբերյանի զարգացման վրա:

Ի դեպ, հանրային լսում կոչվածն ինչպե ՞ս պիտի քննարկվեր սուբվենցիոն ծրագրերը և բյուջեն, եթե բացակա էր Նոյեմբերյան համայնքի ղեկավարը, տեղակալը, իրավասու պաշտոնյաները, որոնց կուզեի հարց հղել, պատշաճ պատասխան ստանալու ակնկալիքով։
Ինչևէ, նիստը ընթանում էր չկանոնակարգված, հարցերին տրվում էր ոչ լիարժեք կամ «տակից դուրս գալու» ոճի պատասխաններ: Օրինակ՝ քաղաքացու հարցին՝ թե ինչի՞ է իր համայնքի բյուջեն կառավարվում առանց իր իմացության, հնչեց ցրողական  պատասխան:

Ներկաների հանդեպ անհարգալից վերաբերմունքը գագաթնակետին հասավ, երբ ի պաշտոնե նիստը վարող, համայնքի միակ լիազոր ներկայացուցիչ տեղակալը՝ Սամվել Բուդաղյանը, մանկապատանեական միջոցառմանը պատվոգրեր տալու պատրվակով լքեց հանրության համար կարևորագույն նշանակության այս նիստը, ինչին հետևեց ներկաներից մի քանիսի համարժեք վերաբերմունքը:

Անդրադառնամ նաև մի հանգամանքի, արդեն քանիցս  շահարկվում է  Ռուբեն Վարդանյանի անունը, երևակայելով նրա ներդրումային ծրագրերը, ժողովրդին արդեն որպես գործընթացային են ներկայացնում:
Անձամբ, որպես նոյեմբերյանցի և որպես ներդրումային ծրագրերի ղեկավար շաաաատ եմ ողջունում ցանկացած ներդրում, զարգացման ցանկացած ծրագիր, սակայն քանի դեռ առարկայական ոչինչ չկա, ճի՞շտ չի լինի «մենք մեր յուղով տապակվենք» ու նաև մեր հարկերից ձևավորած բյուջեն ծախսենք համայնքային նշանակության առավել լուրջ, առաջնային նպատակների վրա, այլ ոչ թե մսխենք ուռճացված հաստիքների աշխատավարձերի տրման ձևաչափով:

Ավելի խելացի չի՞ լինի, եթե արդեն կայացած կառույցներին թողնենք ինքնաշխատ ձևով կազմակերպեն իրենց գործունեությունը, մասնավորապես՝ նկատի ունեն մանկապարտեզների խաղահրապարակները: Հավելեմ, որպես FCN տարածաշրջանային պատասխանատու, նախորդ 4 տարում Նոյեմբերյանի բոլոր նախակրթական օջախներից մեզ հասցեագրված դիմումները բավարարվել են լիարժեք, ասել է թե, եթե կա նման հնարավորություն, իմաստը կասե՞ք, նոր խաղահրապարակներ հիմնելու, եղածը վերափոխելու, բյուջեն ոչ ռացիոնալ ծախսելու, երբ Նոյեմբերյանում բազմաթիվ հրատապ խնդիրներ դեռևս լուծում են պահանջում:

Որպես նոյեմբերյանցի, որպես լրագրող, որպես ՀԿ նախագահ, որպես Դպրոցների միասնական խորհրդի մարզպետարանի ներկայացուցիչ, որպես ՄԶԾ  Նոյեմբերյանի տարածքային կենտրոնի աջակցման խորհրդի նախագահ, որպես  ներդրումային ծրագրերի ղեկավար, FCN միջազգային կազմակերպության տարածքային ներկայացուցիչ և այլն, և այլն (սա ինքնագովազդ չէ, սա վաստակած իրավունքով ասելիքս ընդգծելու  նպատակ ունի ) ասելիք ունեմ ձեզ:

Նոյեմբերյանի համայնքային իշխանավորներ, եթե այսօր պատահականության սկզբունքով բախտ է վիճակվել նստել տեղական կառավարման ղեկին, ուրեմն դրսևորե՛ք հանրային մտածելակերպ, վեր կանգնե՛ք ձեր շրջապատի մարդկանց կոմֆորտը ապահովելու, պաշտոն նվիրելու, լավության տակից դուրս գալու տրամաբանությունից, առաջնորդվե՛ք համայնքային շահով, քաղաքացու խնդիրներով, սահմանային գյուղերի զարգացման հեռանկարներով: Բյուջեն տնօրինե՛ք քաղաքացու պահանջով և ըստ կարևորության:

Եղե՛ք  ավելի շրջահայաց, ավելի սրտացավ, ավելի օբյեկտիվ:
Առաջարկում եմ այլևս չառաջնորդվել խնամի, բարեկամ, ծանոթ, հընգեր, թաղային հեղինակություն, ավտարիտետ, ասող, տղայական ախպերական թայֆայաբազական բազարներով, որի միջոցով եկաք իշխանության: Սա պետություն է, պետական օղակ… 4 ամիս է պաշտոն եք բաժանում միայն, իրար կոկորդ կրծելով, ժողովուրդը փոփոխություն է ուզում, բայց դուք բան չեք փոխում կամ գուցե չե՞ք կարողանում։ Դա էլ ամոթ չի, հարցրեք փորձով մարդկանց, մասնագետներին։

Իսկ պատկան մարմիներին խնդրում եմ լինել ավելի հետևողական ու պահանջատեր, քանզի սա ժողովրդի համայնքն է, ժողովրդի Հայաստանն է, այլ ոչ թե որոշ սուբյեկտների ինքնահաստաման հարթակ:  Նոյեմբերյանցու հոգոցն այլ տեղ է տանում, համբերությունը հատում է, վերանայեք ձեր ոճը:

Պատասխանատու եմ ցանկացած բառիս համար: Անձնական ոչ մի ամբիցիա՝ անարդարությունը սպանում է:
(շարունակելի)

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր