Մայր Աթոռից Սուրբ Խաչ եկեղեցի էր բերվել Քրիստոսի Խաչափայտի մասունքը          Տեսանյութ.Մանկական տարիքի հիմնական սթրեսները և դրանց ազդեցությունն արդեն հասուն տարիքում       Տեսանյութ.Երևան-Գյումրի ճանապարհը փակ է` ի աջակցություն Տավուշի    

26 մայիս 2022 11:37

Այստեղ դավադրության խնդիր կա.մեզ մոտ լուրջ խնդիրներ են առաջանալու դրանց հետ կապված

Շրջակա միջավայրի նախարարությունը Սևանա լճից 2022 թ.-ի ջրառի չափաքանակ է սահմանել մինչև 135 մլն խմ-ը՝ առաջարկվող մինչև 170 միլիոն խմ-ի փոխարեն: Ավելի վաղ ՀՀ ԳԱԱ Սևանա լճի պահպանության փորձագիտական հանձնաժողովը համաձայնություն էր տվել Սևանա լճից մինչև 170 մլն խմ ջրառի չափաքանակին: Նորություն չէ, որ ջրառը կատարվում է ոռոգման նպատակով: Բնապահպաններից շատերի համար, կապված եղանակային պայմանների հետ, տարօրինակ է ջրառ իրականացնելու՝ շրջակա միջավայրի նախարարության որոշումը. բավականին ձնառատ ձմեռ ենք ունեցել, հորդառատ անձրևներով գարուն:


Բնապահպան Սիլվա Ադամյանն ասում է՝ մասնագետների հետ պարբերական զրույցների ժամանակ կարծիքներ են հնչում, որ այս պահին ջրառի չափաքանակը չպետք է անցնի 56 մլն խմ-ը: «Երբ ամենասկզբում հանձնաժողովը համաձայնություն էր տվել 170 մլն խմ ջրառի չափաքանակին, սա մեր զարմանքն առաջացրեց: Իմ բնապահպան գործընկերները սկսեցին գրել, որ պարզվում է՝ պաշտոնական տեղեկատվության մեջ գրվում է, որ ջրամբարներում ջուր չկա: Սա շատ տարօրինակ ու անհասկանալի վիճակ է: Ինչպե՞ս է ստացվել, որ բավականին ձնառատ ձմռան ու գարնանային այս անձրևոտ եղանակների պարագայում ջրամբարները դատարկ են:


Կարծես թե, կա մի բան, որ մենք չգիտենք, և դա շատ մութ անկյունում է պահված: Այսինքն, մեր ջրամբարների վիճակն այնքան վա՞տ է, որ դրանք ջուր չեն պահում, թե՞ ջուրն օգտագործվում է մեկ այլ նպատակով, ինչի մասին չեն բարձրաձայնում»,-ասում է Ադամյանը: Շեշտում է՝ երբ քաղաքացիներին ու մասնագիտական հանրույթին չեն տրվում հստակ պատասխաններ, հարցերն ավելի են շատանում: Այս համատեքստում հետաքրքիր են այն ահազանգերը, որոնք, ըստ Ադամյանի, ստացվել են գյուղացիներից: «Զանգահարում են մեր գործընկերներին և դժգոհում, որ իրենց կարտոֆիլը մնացել է ջրի տակ, գյուղատնտեսական դաշտերը ջրախեղդ են եղել»,-նշում է մեր զրուցակիցը և հարց ուղղում Սևանա լճի պահպանության հանձնաժողովին և շրջակա միջավայրի նախարարությանը.«Դե, բացատրեք, թե ինչո՞ւ եք նման որոշումներ կայացնում, լավ, այս խայտառակությունը մեր երկրում մինչև ե՞րբ պետք է շարունակվի»:


Ադամյանն ասում է՝ այստեղ դավադրության խնդիր է տեսնում, չի ուզում քաղաքականացնել սա, բայց ամենը տանում է դրան, իսկ գուցե նպատակը գյուղատնտեսական դաշտերին վնաս տա՞լն է: «Խելամիտ պատասխաններ չենք ստանում մեր հարցերին, ինչ-որ թվեր են ներկայացնում նույն ջրամբարների մասով, եզրակացություն էլ անում, թե դրանցում ջուր չկա»,-ընդգծում է բնապահպանը:


Նրա կարծիքով՝ այս պայմաններում, երբ կանգնած ենք ջրի առատության խնդրի առաջ, որոշում են Սևանա լճից նման մեծ քանակությամբ ջուր բաց թողնել, հարց՝ ո՞րն է տրամաբանությունը: Նման իրավիճակում նրան անհանգստացնում է, որ ոլորտի մասնագետներն ուղղակի լռում են:


«Լավ, մեր երկրում չկա՞ն մասնագետներ, որոնք հստակ պատկերացում ունենան, թե կլիմայական այս պայմաններում ջուրն ինչ քանակությամբ, որ ամիսներին պետք է բաց թողնել, հո ուղղակի ծորակ չէ, որ բացես, ջուրը հոսի, հետո փակես: Եվ դա կոչվում է Սևանա լճի պահպանության փորձագիտական հանձնաժողով, և իրենք իրենց մասնագետ են համարում: Ցրեք այդ հանձնաժողովը»,-ասում է բնապահպանը:


Հիշեցնում է կլիմայական փոփոխությունների մասին, նշում՝ մեզ մոտ լուրջ խնդիրներ են առաջանալու դրանց հետ կապված: «Մասնագետներն ահազանգում են այն մասին, որ Եվրոպայի արևել յան և արևմտյան հատվածներում ջերմաստիճանի լուրջ անկում է սպասվում և տեղումների մեծ քանակություն: Նման իրավիճակում ի՞նչ ենք անում մենք: Կլիմայական այս փոփոխությունների շրջանակում չենք կարողանում մեր ունեցածը պահել, ճիշտ հետևություններ անել, ջրի բացթողման ճիշտ գրաֆիկներ կազմել, խնդիրներին ճիշտ լուծումներ տալ: Մարդիկ իրենց տեղում չեն, իսկ մասնագետների մասով էլ տպավորություն է, որ իրենք շատ հանգիստ հարմարվում են բոլոր ժամանակների կառավարություններին:


Հիմա իրենք հարմարվել են Փաշինյանի կառավարությանը և անում են այն, ինչ իրենց թելադրվում է: Հետո ուզում են լուծել Սևանա լճի խնդիրները: Ինչպե՞ս: Տարիներ առաջ ահազանգում էինք, որ լճից չի կարելի այսքան ջուր բաց թողնել, որովհետև կլիմայական լուրջ փոփոխություններ են սպասվում, և հնարավոր է, որ լիճը ծաղկի: Մեզ պատասխանում էին՝ դուք չափազանցնում եք, մասնագետ չեք, նման բան հնարավոր է, ասենք, հիսուն տարի հետո լինի: Մեր այս ահազանգերից հինգ տարի էլ չանցավ, իրականություն դարձավ այն, ինչի մասին ասում էինք: Բարդ իրավիճակում ենք հայտնվելու, կլիմայական փոփոխությունները, որոնք մեզ սպասվում են հետագայում, անդրադառնալու են գյուղատնտեսության, մարդկանց ապրելակերպի վրա: Հիմա էլ մեր բնական ռեսուրսներն այնպես ենք վատնում, որ հետո ամեն ինչ ուղղակի անկառավարելի կդառնա»,-եզրափակում է Ադամյանը և ընդգծում՝ այս ողջ ինֆորմացիան առաջին հերթին հանրության համար է, որպեսզի մարդիկ իրազեկ լինեն, թե ինչ է կատարվում:




Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր