Ալիևին որևէ պայմանագիր պետք չի, բայց նա հասկացել է տարբեր կողմերի հետ առևտուր անելու հմտությունը, ինչպես մերժումները վաճառել այլ խաղացողների վրա          Հերիք չի քաղաքական գործիչներին քաղաքական հայտարարությունների համար ոմանք դատի են տալիս, դեռ դատարաններն էլ նման որոշումներ են կայացնում       Ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել ձորում․ կան տուժածներ    

31 մայիս 2022 10:17

Ցավում եմ, որ ՀՀ կառավարությունը բավականին ուշ՝ պատերազմում կրած պարտությունից հետո է փորձում արբանյակային ծառայություններ ստանալ.«Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Հարցազրույց ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանի հետ.

-Հաղորդագրություն եղավ հայկական արբանյակի արձակման մասին՝ Space-X ընկերության կողմից: Սա որակվում է որպես նոր դարաշրջան Հայաստանի պատմության մեջ: Սրա հետ կապված՝ ի՞նչ կարող եք ասել: 

-Իհարկե, սա նորություն է: Մինչեւ հիմա մշտական արբանյակ չունեինք, հիմա ունենք: Սակայն ուզում եմ Ձեզ ասել, որ այս պահի դրությամբ երկրագնդի շուրջ պտտվում է 2 հազար 500 արբանյակ, որոնց կեսից ավելին կոմերցիոն է: Մոտ 100 երկիր մշտական եւ պարբերական հիմունքներով օգտվում է արբանյակային ծառայություններից: Սրանից մի քանի տարի առաջ ես՝ ինքս, հարց եմ բարձրացրել, թե հայկական պետությունը երբ է օգտվելու այդ ծառայությունից: Մասնավորապես, Ադրբեջանը վերջին տասնամյակում տարբեր ժամանակներում պահում էր 2-4 արբանյակ: 

-Պարոն Բագրատյան, ի՞նչը հնարավոր դարձրեց, որ հիմա հայկական արբանյակ ունեցանք: 

-Պարզապես այդ շուկան զարգանում է հիմա, արբանյակների քանակը շարունակվում է աճել, եւ շատ կոմերցիոն ընկերություններ են սկսել ծառայություններ մատուցել․ ամերիկյան Nasа-ն, Space-X-ը, ռուսական Роскосмос-ը, Չինական ազգային տիեզերագնացների ծառայությունը, Ճապոնիան, եվրոպական սատելիտալին ընկերությունը՝ հանձին GEOSYS-ի: Դա հասարակ բան է, երբ որ ասում ենք՝ հայկական արբանյակ, մենք այդ արբանյակը չենք կառուցել, մենք պարզապես վարձում ենք արբանյակ մեզ համար: Դա նման է booking-ի, էն, որ հյուրանոցային համար ես բրոնյա անում: Լրացնում ես, թե ինչքան ժամանակով է պետք, եւ լրացնում ես այն ծառայությունների ցանկը, որ կուզենայիր ստանալ: 

-Հայաստանում ինչո՞ւ նախկինում այսպիսի փորձ չի արվել: 

-Պիտի Ձեզ զարմացնեմ․ Հայաստանում այդպիսի փորձ արվել է, 2002-2003 թվականներին Երեւանի կոնյակի գործարանը դիմել է արբանյակային ծառայությունների համար, նկարել է ամբողջ Հայաստանը եւ գյուղնախարար Դավիթ Զադոյանին ներկայացրել է, թե ինչքան խաղողի այգի կա, պոմիդորի ու բադրիջանի թուփ կա, ծիրանի ու դեղձի այգի կա: Դա այնպիսի մի պրոֆեսիոնալ ծրագրով էր արվում, որ դրանից հետո բացարձակապես անիմաստ էին Ազգային վիճակագրական ծառայության հարցումները մարզպետարանների գյուղբաժիններ, թե ինչքան այգի ունենք, եւ թվերի տրամադրումը: Մասնավորապես պարզվեց, որ կա 9 հազար 500 հեկտար խաղողի այգի՝ վիճակագրորեն ներկայացված 14 հազար հեկտարի փոխարեն:

-Փաստորեն, մենք կոնյակի գործարանում ունեցել ենք նման արբանյակ, բայց ինչո՞ւ աղմուկ չի բարձրացվել, ինչպես այսօր: 

-Դե, գիտե՞ք ինչ կա, սովորական ժամանակակից ծառայություն էր: Դա նույնն է, ոնց որ ես վեր կենամ, ասեմ՝ տեսեք, ես WhatsApp ունեմ: Կոնյակի գործարանն այն ժամանակ պարզապես պատվիրեց ծառայությունը GEOSYS-ին եւ գյուղնախարար Դավիթ Զադոյանին ճիշտ տեղեկություն տրամադրեց, ու նա էլ հասկացավ, թե վիճակագրական ծառայությունն ինչ ստեր է ասում: Իսկ, ընդհանրապես, 2002-2003 թվականներին տիեզերքից 2-3 դյույմանոց մեխը երեւում էր: Ասում են՝ այսօրվա նորացված տեխնոլոգիաներով ասեղն անգամ երեւում է: 

-Ադրբեջանն ինչո՞ւ էր մի քանի արբանյակ պահում, արդյո՞ք դրանք ռազմական նպատակով չեն եղել: 

-Պատերազմից առաջ, բնականաբար, այդ արբանյակների գործարկումը, որի մասին Հայաստանի կառավարությանը տեղյակ է պահվել, նպատակ է ունեցել վերեւից նկարելու, թե որտեղ մենք տեխնիկա ունենք, զինապահեստներ եւ այլն: Ներկայում այդ արբանյակները, մասնավորապես SPACE-X-ը, նմանատիպ ծառայություններ են մատուցում ուկրաինական կողմին, վերեւից փոխանցում են, որ այս կամ այն տեղամասում տեղափոխվում է հրանոթ, կամ տանկ է մոտենում եւ այլն: Ցավում եմ, որ Հայաստանի  կառավարությունը բավականին ուշ՝ պատերազմում կրած պարտությունից հետո է փորձում արբանյակային ծառայություններ ստանալ: 

-Հիմա կան ազատ ինֆորմացիա տրամադրող կոմերցիոն արբանյակներ, ավելի էժան չէ՞ր լինի, եթե գնեինք այդ ինֆորմացիան: 

-Մենք դա ենք արել, մենք գնել ենք: 

-Բա էդ դեպքում այդ արբանյակի ի՞նչն է հայկական: 

-Ես չգիտեմ, դա ծառայություններ են, որոնք, ինչպես արդեն նշեցի, նախկինում ստացել ենք: Ուղղակի իշխանություններին բնորոշ է ամեն ինչ ներկայացնել իբրեւ արտառոց մի բան: 

-Իսկ ինչո՞ւ են գաղտնի պահում այդ գործարքը: Արժեքն ինչո՞ւ չեն հրապարակում, ըստ Ձեզ: 

-Ճիշտ եք ասում, մենք, փաստորեն, արբանյակային ծառայություններ ենք գնել, եւ տեղին է հարցնել, թե ինչու ենք հենց Space-X-ից գնել, ինչո՞ւ ոչ մրցույթով, արդյո՞ք դա բյուջեով նախատեսված է, թե՞ ոչ, ու ինչո՞ւ ենք ուզում շոու սարքել մի բանից, որը շատ հասարակ բան է»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր