Առաջիկա շաբաթներին կհայտարարվի «թայմաութ» . չի բացառվում, որ առաջիկա օրերին ընդդիմությունը հայտարարի անհնազանդության ակցիաների այս փուլի դադարեցման մասին«Հրապարակ»

Մեր աղբյուրներն ասում են, որ առաջիկա շաբաթներին կհայտարարվի թայմաութի մասին, իսկ մինչ այդ շարժման նախաձեռնողները հաշվետվություն կներկայացնեն արած-չարածի մասին։ Նրանք կարծում են, որ վերջին ամիսների պայքարի արդյունքում է, որ Հայաստանի ու Արցախի համար ոչ հայանպաստ փաստաթղթերի ստորագրումը հետաձգվեց, և դա շարժման հաղթանակն է։ Նաև կհայտարարեն, որ պայքարն այլ ձևեր է ընդունելու, և նորից կվերադառնան փողոց, եթե վտանգը մեծանա։ Իսկ փողոց վերադառնալու ժամկետների մասին կարծիքները տարբեր են․ ոմանք վստահեցնում են, որ մինչև աշուն Փաշինյանը փաստաթուղթ չի ստորագրի, ոմանք պնդում են, որ գործընթացներն այնքան արագ են զարգանում, որ աշուն չի հասնի՝ ամռան տապից օգտվելով, Փաշինյանը շտապ կստորագրի հերթական դավաճանական փաստաթուղթը։ Բայց կա վարկած, որ երբ Սաղաթելյանն ու այս ուժերը քաշվեն մի կողմ, կարող են նոր ուժեր փորձել պայքարի էստաֆետը վերցնել»։