Պուտինի պատերազմը գնում է ըստ պլանի.Ուկրաինայի մի մասը կվերցնի Ռուսաստանը, մյուս մասը՝ ԱՄՆ-ը

Բանն այն է, որ այս պատերազմում Արևմուտքի լիդերները բացի միմյանց հետ և միմյանց միջև աշխարհաքաղաքական, աշխարհակարգային, աշխարհատնտեսական վերաբաժանման հարցեր լուծելուց, նաև լուծում են իրենց հանրությունների հետ հարաբերման խնդիրներ:
Նույն Բայդենը, օրինակ, ունի նվազագույն վարկանիշ՝ 40 տոկոս էլ չի հասնում, իսկ առջևում Քոնգրեսի միջանկյալ ընտրություններ են, և ներքին այլ բարդ խնդիրներ, որոնք պահանջում են լուծում: Իսկ այդ առումով, ինչպես առիթ եմ ունեցել արտահայտվել բազմիցս, ռուսական ագրեսիան որքան ուժգին հնչեցվի քարոզչական տիրույթում, այդքան առավել կառավարելի կարող են դառնալ արևմտյան հասարակությունները:
Բանն այն չէ, որ Պուտինի պատերազմը գնում է ըստ պլանի, ինչպես այս դեպքում էլ հայտարարում են ռուսները: Իհարկե, դա էլ նրանց քարոզչությունն է: Բայց, թերևս չի լինում այս մասշտաբի աշխարհաքաղաքական բախում, որն ընթանա ըստ պլանի: Հարցն այն չէ, թե քանի՞ տոկոսով է իրականացվել կամ շեղվել նախնական պլանը: Անկասկած է նաև, որ այդ շեղումը եղել է բավականին մեծ և իր ազդեցությունն է թողել ու դեռ թողնելու ՌԴ էլիտայի վրա:
Բայց, այս դեպքում էական է, թե ինչ ազդեցություն է «մնացել» Ուկրաինային: Իսկ Ուկրաինային մնացել է այն, որ տարածքի մի մասը զենքի ուղիղ գործադրմամբ վերցնում է Ռուսաստանը՝ այս պահի դրությամբ արդեն մոտ 22 տոկոսը, իսկ տարածքի մյուս մասն էլ զենքի տեսքով օգնությամբ վերցնում է ԱՄՆ: Թե հետո ինչպես կտնօրինի, ո՞ւմ միջոցով և այլն, դա արդեն հարցի հաջորդ փուլն է»: