Հայաստանը դառնալու է Ստեփանակերտ, իրար են ուտելու՝ հաց չլինելու համար.Բա վեր կացեք, խոսե՛ք, արա, դուք քաղաքական գործի՞չ եք, թե՞...          ԻՀՊԿ-ն ահաբեկչական կազմակերպություն է.Իրանին պետք է կանգնեցնել հիմա՝ քանի դեռ ուշ չէ       Թուրքերի ջրաղացի՞ն ենք ջուր լցնում. միշտ Թուրքիան է կասկածի տակ դրել, թե 1,5 մլն հայ է զոհվել, հիմա մենք ենք ասում ՝ պետք է հաշվե՞նք    

11 հուն 2022 12:35

Կրճատումներ, աշխատավարձի նվազում, արտահանման անկում. ո՞ւմ է ձեռնտու դոլարի էժանացումը

ՀՀ-ում արտարժույթի արժեզրկման բացասական հետևանքներն ամենից առաջ զգալու են գյուղացիները, մթերող ու վերամշակող ընկերությունները, ինչպես նաև այդ արտադրանքն արտահանողները։
Նման տեսակետ Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց «Մանթաշով» գործարարների միության համահիմնադիր-նախագահ, մարքեթոլոգ Վահրամ Միրաքյանը։
Նրա դիտարկմամբ` այս շղթան արդեն ակներև է, քանի որ մթերման սեզոնի մեկնարկը տրված է, հայ արտահանողն էլ անգամ անցյալ տարվա արտադրանքն արտահանելիս է խնդիրների բախվում։
«Երեկ խոսում էի մեր արտահանողներից մեկի հետ, ով արտահանում է վիսկի, բրենդի և այլ խմիչքներ, ասում է` գները չեմ կարողանում բարձրացնեմ, քանի որ հենց բարձրացրեցի, միանգամից շուկաներից կզրկվեմ։ Կոնկրետ իր դեպքում ոնց որ մրցակիցն Ադրբեջանից էր»,-ասաց Միրաքյանը։

Բարձր ինքնարժեքը ինչ-որ չափով նվազեցնելու տարբերակ է կա՛մ ցածր գնով մթերելը, ինչից տուժելու է գյուղացին, կա՛մ աշխատողների թիվը նվազեցնելը, ինչը երկրում հավելյալ սոցիալական խնդիրներ է առաջացնելու։
«Արտադրողն ու արտահանողը պետք է կարողանան ստանալ այն ինքնարժեքը, որով արդեն պայմանագրեր ունեն։ Այդ պայմանագրերը տարեկան են կամ ավելի երկարաժամկետ են։ Կան նաև միջազգային գներ, որոնց շրջանակներում մասնակցում են վաճառքին»,- պարզաբանեց Միրաքյանը։
Դոլարի էժանացումը, նրա դիտարկմամբ, հանգեցնելու է նաև միջազգային փոխադրումների թանկացմանը, ինչը ևս բացասաբար է ազդելու արտահանողների վրա։
Շինարարական ոլորտը ևս անմասն չի մնալու բացասական ազդեցությունից, քանի որ շինանյութերի գինը դրամ-դոլար հարաբերակցությամբ արդեն թանկացել ու դեռ բարձրանում է։
Անգամ ՏՏ ոլորտը, Վահրամ Միրաքյանի խոսքով, դոլարի նվազող գնից տուժելու է, մրցակցությունից դուրս է մնալու։
«Որովհետև պայմանական X ընկերությունն ամիսը ստանում էր 100 000 դոլար ու այդ 100 000 դոլարը բաժանում էր 20 հոգու` որպես աշխատավարձ։ Հիմա այդ նույն թիվը պահպանելու համար պետք է ամիսը ստանա 120 000 դոլար, որ այդ նույն 20 աշխատողին պահպանի կամ 2-3 աշխատողի պետք է հանի, որ մյուսների աշխատավարձերը պահպանի»,- բացատրեց Միրաքյանը։

Արտարժույթի փոխարժեքի անկումը բացասաբար է ազդելու նաև ներդրումների վրա, քանի որ ներդրումները որպես կանոն դոլարով են հաշվարկվում, ստեղծված պայմաններում երկիրը կորցնում է ներդրումային գրավչությունը։

Փոխարենը, նոր իրավիճակը շահավետ է ներկրողների համար։ Վահրամ Միրաքյանի գնահատմամբ` հայաստանցի ներկրողները դոլարի գնի շնորհիվ գերշահույթներ են ստանալու։ Հատկապես շահելու են Չինաստանից ու Թուրքիայից ապրանք ներկրողները։

«Նրանց դիրքերը շատ-շատ կուժեղանան, կսեղմեն, տեղական արտադրողներին ժամանակի ընթացքում կխեղդեն»,- ասաց Միրաքյանը։

Տնտեսությունը ստեղծված վիճակից դուրս բերելու համար մասնագետն առաջարկում է մեծ քանակով դրամ լցնել շուկա, ինչը թույլ կտա հավասարակշռել փոխարժեքը։ Բայց սա էլ իր վտանգներն ունի` կարող է լրացուցիչ գնաճի պատճառ դառնալ։ Միրաքյանի համոզմամբ` հենց այս մտավախությամբ էլ պատասխանատու կառույցները ձեռնպահ են մնում այս քայլից։

«Այն չինովնիկները, ովքեր թիրախ են հանդիսանալու գնաճի դեպքում, իրենց վարկանիշը պահելու համար տնտեսությունը վարի են տալիս, որ չասեն` գնաճ եղավ։ Բայց դրա պատճառով տնտեսությունն է պայթելու։ Իսկ գնաճը, եթե հիմա չեղավ, լինելու է մի տարուց, եթե տնտեսությունն անկում ապրի»,- ասում է Միրաքյանը։

ԿԲ-ի տվյալներով` Ուկրաինայի նկատմամբ ՌԴ հատուկ ռազմական գործողության մեկնարկից ի վեր ամերիկյան դոլարի փոխարժեքը ՀՀ դրամի նկատմամբ կտրուկ բարձրացել էր` մարտի 11-ին հասնելով 518.28 դրամի։

Դրանից հետո դոլարի փոխարժեքը Հայաստանում սկսեց դանդաղ, բայց հաստատուն նվազել` կապված դոլարի պահանջարկի նվազման ու ռուբլու արժևորման հետ։

ԿԲ-ի ներկայացրած այսօրվա փոխարժեքով 1 դոլարը ՀՀ-ում գնահատվում է 422 դրամ։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր