Վահագն Խաչատուրյանն ի՞նչ է ակնարկում՝ այն, որ Պուտինը կարող էր, բայց չարե՞ց, թե՞ որ Պուտինն ամեն բան արեց, բայց Նիկոլ Փաշինյանն այլ ծրագիր ուներ

«Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը միջոցառումներից մեկի ժամանակ առիթ է ունեցել հանդիպելու ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին:
Հանդիպման ընթացքում Խաչատուրյանն ասել է. «Իրականում մենք ուզում էինք ավելի շուտ դադարեցնել, ինչ-որ կերպ ավարտել պատերազմը, և ես գիտեմ Ձեր ջանքերը: Դուք հնարավորություն ունեիք հոկտեմբերի 19-ին․ այդ մասին մենք զրուցել ենք Սերգեյ Լավրովի հետ, երբ նա Երեւանում էր։ Բայց այնպես ստացվեց, որ նոյեմբերի 9-ին եղավ, բայց, ամենակարեւորը՝ պատերազմը կանգնեցվեց», - Խաչատուրյանի այս խոսքերը մեջբերում է ՌԴ նախագահի մամուլի ծառայությունը։
Այս հայտարարությունը բավականին տարօրինակ է հատկապես այն համատեքստում, որ Պուտինը ժամանակին զարմանք էր հայտնել, թե ինչու Նիկոլ Փաշինյանն իր առաջարկությունը չընդունեց, և պատերազմը չկանգեցվեց հոկտեմբերի 19-ին: Իսկ հիմա, երբ Վահագն Խաչատուրյանն այսպիսի միտք է հնչեցնում, որն էլ ՌԴ նախագահական կայքում է հրապարակվում, անհրաժեշտություն է առաջանում հասկանալու հետևյալը.
Վահագն Խաչատուրյանն ի՞նչ է ակնարկում: Այն, որ Պուտինը կարող էր, բայց չարե՞ց, թե՞ որ Պուտինն ամեն բան արեց, բայց Նիկոլն այլ ծրագիր ուներ:
Դատելով այն հանգամանքից, որ Խաչատուրյանի այս միտքը ՌԴ պաշտոնական աղբյուրը հրապարակել է, կարելի է ենթադրել, որ ռուսական կողմն առնվազն հասկացել է երկրորդ իմաստով, որ Պուտինն ամեն բան արեց, սակայն Նիկոլն այլ ծրագրեր ուներ», - Telegram-ի իր ալիքում գրել է Բաբայանը: