Բնականաբար կա մտահոգություն այդ ձայնագրությունը լսելու արդյունքում․ Արթուր Հովհաննիսյանը՝ Ջհանգիրյանի մասնակցությամբ ձայնագրության մասին
Բնականաբար կա մտահոգություն այդ ձայնագրությունը լսելու արդյունքում, գիտեք, որ Դատախազություն ուսումնասիրում է այդ ձայնագրությունը, և ես պետք է խնդրեմ սպասենք այդ ուսումնասիրության ավարտին: Անդրադառնալով Գագիկ Ջհանգիրյանի և Ռուբեն Վարդազարյանի մասնակցությամբ ձայնագրությանը՝ լրագրողների հետ զրույցում ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը:
«Քաղաքական գնահատական ևս կհնչի, երբ Դատախազության ընդունած վարույթի արդյունքում մենք մանրամասներին տեղեկանանք»,- ասաց Հովհաննիսյանը։
Լրագրողի այն հարցին, թե ինչու են մինչև հիմա շարունակվում նման միջադեպեր տեղի ունենալ, Հովհաննիսյանն ասաց. «Մենք եկել ենք ՀՀ-ում արդարությունն ու արդարադատությունը վերականգնելու համար և գնում ենք այդ ճանապարհով ու հետ չենք կանգնելու: Այո, մենք բացառում ենք նման իրավիճակ մեր երկրում, բայց ցավոք սրտի, երբեմն դեպքեր են տեղի ունենում, որոնք դեռևս կարգավորումների կարիք ունեն»:
Անդրադառնալով լրագրողի հարցին, թե արդյոք խմբակցության ներսում կքննարկվի այս հարցը, ՔՊ խմբակցության քարտուղարն ասաց, որ բնականաբար կքննարկվի. «Ցանկացած իրադարձություն, որը տեղի է ունենում երկրում՝ բնականաբար խմբակցության ուշադրության կենտրոնում է, թե ինչ ֆորմատով այդ քննարկումները տեղի կունենան՝ այս պահին չեմ կարող ասել»:
Հովհաննիսյանը՝ խոսելով ձայնագրության բովանդակային այն հարցերի մասին, որոնք վերաբերում էին Քոչարյանին, Վանեցյանին՝ նշեց, որ մինչև դատախազության կողմից ուսումնասիրության արդյունքում ձայնագրության ճշմարտացիության և իսկության վերաբերյալ հայտարարություն չհնչի, ոչինչ մեկնաբանել չի կարող, իսկ ինչ վերաբերում է այն հարցին, թե արդյոք Քոչարյանի մասին հայտարարությունը նաև իշխանության տեսակետն է, ՔՊ խմբակցության քարտուղարն ասաց, որ դա ՀՀ քաղաքացիների տեսակետն է, որն արտահայտվել է ընտրությունների ժամանակ:
Անդրադարձ եղավ նաև մամուլում շրջանառվող այն լուրերին, որ ԲԴԽ նախագահ է դառնալու Արթուր Դավթյանը. «Նման բան գոյություն չունի, ինչ-որ մեկի ենթադրությունն է, որ Դավթյանը դառնալու է ԲԴԽ նախագահ»,- ասաց Հովհաննիսյանը և հավելեց, որ դա չի կապում այս միջադեպի հետ:
Լրագրողները նաև հարց հնչեցրին կապված վարչապետի օգնականի Գլխավոր դատախազի պաշտոնում առաջադրվելու հետ. «Տիկին Վարդապետյանը վարչապետի իրավական հարցերով օգնականն է եղել, ունի շատ բարձր պրոֆեսիոնալիզմ, սկզբունքայնություն: Խմբակցության հետ երկու ժամից ավելի տևած հանդիպմանը մենք շատ մանրամասն քննարկել ենք պաշտոնի հետ կապ ունեցող բոլոր հնարավոր դետալները և դրանից բխող առանձահատկությունները, և ես կարող եմ վստահություն հայտնել, որ տիկին Վարդապետյանը պատվով կկատարի իր առաքելությունը»: