ԱՄՆ-ն չի հանդուրժի Ռուսաստանի ագրեսիան ինքնիշխան և անկախ երկրների դեմ, կօգնի նրանց
ԱՄՆ-ը հայտարարել է, որ չի հանդուրժի Ռուսաստանի ագրեսիան ինքնիշխան և անկախ երկրների դեմ. գրում է Turan-ը։
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն անցյալ շաբաթ ակնարկել էր, որ հարեւան երկրները կարող են բախվել Ուկրաինայի ճակատագրին, եթե երես թեքեն իրենից։ «Ի՞նչ է Խորհրդային Միությունը. դա պատմական Ռուսաստանն է»,- ասել էր Պուտինը։
Պետդեպարտամենտի խոսնակ Նեդ Փրայսը երեքշաբթի օրը կայացած ճեպազրույցի ժամանակ պատասխանել է այն հարցին, թե արդյո՞ք «Մոսկվայի ագրեսիայի դեպքում ԱՄՆ-ը կպաշտպանի Ռուսաստանի հարեւաններին»։
Փրայսը նշել է, որ Վաշինգտոնի աջակցությունն Ուկրաինային «հստակ ազդանշան է», որ Միացյալ Նահանգները չի հանդուրժի Ռուսաստանի ագրեսիան ինքնիշխան և անկախ պետությունների դեմ։
«Մեր միջազգային գործընկերներն էլ դա չեն հանդուրժի»,- ընդգծեց նա։
«Կարծում եմ՝ մենք շատ հստակ ազդանշան ենք ուղարկել Ուկրաինային ցուցաբերած աջակցության մասին։ Տարբեր մայրցամաքների տասնյակ երկրներ միավորվել են՝ Ուկրաինային ոչ միայն անվտանգության, այլև տնտեսական և հումանիտար օգնություն տրամադրելու համար։ Մենք նաև աննախադեպ տնտեսական, ֆինանսական և արտահանման պատժամիջոցներ ենք կիրառել Ռուսաստանի դեմ։ Սա մեր վճռականության հստակ ազդանշանն է»,- պարզաբանեց նա։