Լավագույն տարբերակն է սա՝ Բերձորը պարտավոր ենք հանձնել

Արայիկ Հարությունյանը վստահեցրել է, թե Լաչինի շրջանի Աղավնո գյուղի համար շարունակելու է պայքարել ու բառացի ասել է. «Հայաստանի վարչապետի հետ քննարկման ժամանակ ես ասացի, Աղավնոյի հարցը այսօր չենք քննարկում, մենք տանում ենք բանակցություններ և այդ հարցը թողեք բանակցային այս փուլում մեր հնարավորությունների շրջանակներում, տեսնենք՝ ինչպիսի հնարավորություններ կան»։
Հարությունյանը նաև նշել է, թե Բերձորը պարտավոր են հանձնել։
«Բերձորը մենք պարտավոր ենք, հենց կետում գրված է, որ պետք է Բերձոր քաղաքից դուրս գանք»,- ասել է Հարությունյանը։ Նա չի հերքել հայկական բնակավայրերի հայաթափման հնարավորությունը, խեղճացած նշել, թե անվտանգ տարբերակ են ընտրել։
1or.am
«Մենք ունեցել ենք մի քանի առաջարկություն և՛ Ադրբեջանի կողմից, և՛ Ռուսաստանի Դաշնության կողմից, բոլոր առաջարկները մերժել ենք։ Առաջարկվող այդ մայրուղին քննարկվել է մի քանի անգամ անվտանգության խորհրդում, որում մասնակցել են բոլոր քաղաքական ուժերը։ Մենք ընտրել ենք, ըստ մեզ, լավագույն տարբերակը։ Կան գաղտնիքներ, որ չեմ ուզում այստեղ բարձրաձայնել՝ ինչու ենք ընտրել այդ տարբերակը»,- ասել է Արցախի նախագահը։
Ընդդիմադիրներն ու փորձագետները ահազանգում են, որ Հայաստանն Արցախին կապող միակ միջանցքը վտանգի տակ է, ադրբեջանական կողմը, իհարկե, նոր ճանապարհ է սարքում՝ շրջանցելով հայկական բնակավայրերը։ Այդ ճանապարհն իբր պետք է գտնվի ռուսական զորքերի վերահսկողության ներքո, սակայն չի բացառվում, որ ադրբեջանցիները տարատեսակ ճնշումների միջոցով նախ արգելեն Հայաստանից տարբեր անձանց մուտքը Արցախ, ապա և ստիպեն Արցախի բնակչությանը տեղահանվել։ Իսկ Հայաստանի իշխանություններն ու նրանց դրածո Արցախի իշխանությունները որևէ քայլ չեն անում այս ողբերգական հեռանկարը կանխելու ուղղությամբ։