Չնայած ձևական և արտաքուստ իբր դրական քայլերի տրամադրված լինելուն ,Թուրքիան իրականում շահագրգռված չէ ՀՀ-ի հետ հարաբերությունների կարգավորմամբ

Նշենք, որ Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչները` ՀՀ ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը և դեսպան Սերդար Քըլըչը, հուլիսի 1-ին Վիեննայում կայացած հանդիպման ժամանակ պայմանավորվել են սեղմ ժամկետներում Հայաստան և Թուրքիա այցելող երրորդ երկրների քաղաքացիների համար ցամաքային սահմանը հատելու հնարավորություն ապահովել և Հայաստան-Թուրքիա օդային ուղիղ բեռնափոխադրումներ իրականացնել։
«Արևմուտքի ճնշման ներքո Թուրքիան կոնկրետություն է մտցրել բանակցային գործընթացում և համաձայնել է վերոհիշյալ երկու դրույթների շուրջ, սակայն դա սիմվոլիկ փոքր քայլ է և առանձնապես Հայաստանին ընդառաջելու և բարի կամք ցուցադրելու մասին դեռ չի վկայում։ Երկուստեք ապրանքաշրջանառության հաշվեկշռում Հայաստանի արտահանման տեսակարար բաժինը շատ չնչին է, հետևաբար ուղիղ օդային բեռնափոխադրումների շուրջ պայմանավորվածությունը հայկական կողմին դժվար թե տնտեսական մեծ եկամտաբերություն ապահովի»,– ասաց թուրքագետը։
Հովհաննիսյանի դիտարկմամբ` չնայած ձևական և արտաքուստ իբր դրական քայլերի տրամադրված լինելուն և բանակցություններն առանց նախապայմանների շարունակելուն, Թուրքիան ավելի շատ հարաբերությունների կարգավորման գործընթացն օգտագործում է ու ծառայեցնում իր շահերին, թե իբր կառուցողական է, մինչդեռ հայկական կողմի կոնկրետ խնդիրներին չի արձագանքում։
Թուրքագետի համոզմամբ` Թուրքիան իրականում շահագրգռված չէ Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորմամբ, ինչպես նաև պատրաստ չէ դրանք կարգավորել առանց նախապայմանների, իսկ ձեռք բերված պայմանավորվածությունները հայկական կողմի բուն նպատակների հետ գրեթե աղերս չունեն։
Հովհաննիսյանի կարծիքով` Ադրբեջանի հետ Թուրքիայի փոխհամաձայնեցվածությունը հայ-թուրքական գործընթացի առթիվ պահպանվում է, ինչպես նաև օրակարգում է մնում Հայաստանի տարածքով միջանցքի խնդիրը, որով այդքան շահագրգռված են Թուրքիան և Ադրբեջանը։