Երևանում ուսուցչի կողմից կիրառվել է հոգեբանական և ֆիզիկական բռնություն տարրական դասարանների սովորող աշակերտների նկատմամբ          Տեսանյութ.Արցախից բռնի տեղահանված ընտանիքների երեխաները հոգեբանական ինչ խնդիրների են բախվում       Ու քանի որ նա հայրենասեր մարդկանց անվանեց «շուն», ես էլ առաջարկում եմ՝ իրեն անվանեն «ատլախ»    

09 հուլ 2022 10:17

Թուրքական կողմը դեռ համբերում է.Կա ներքաղաքական օրակարգ, որը Փաշինյանին թույլ չի տալիս արագ տեմպերով զիջումների գնալ». «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է 

Նախորդ շաբաթվա ընթացքում Ադրբեջանի ԶՈւ-երը կրակ էին բացել Վայոց ձորի նախ Խաչիկ, օրեր անց՝ նաև Ելփին գյուղի հատվածում տեղակայված հայկական դիրքերի, նաև դեպի գյուղ տանող ճանապարհների ուղղությամբ, վնասել մեքենաներ:

Ադրբեջանի հարցերով փորձագետ Գառնիկ Դավթյանը, անդրադառնալով վերոնշյալին, «Փաստի» հետ զրույցում նախ նշել է, որ ադրբեջանական կողմը չի դադարել Հայաստանին որպես իր գլխավոր թշնամի դիտարկել և իր այդ ազգային օրակարգից չի հրաժարվել: «Սահմանային լարվածությունները, ամենայն հավանականությամբ, նաև կոնկրետ պայմանավորվածությունների, հարցերի մասով իրենց պատկերացրած ժամկետներում լուծումների չհասնելու հետևանք են: Ադրբեջանական կողմից կան հայտարարություններ, թե «հայկական կողմը խաղաղության չի ուզում գնալ, որովհետև կան ինչ-որ ռևանշիստական ուժեր»: Խոսքը հիմնականում «Դիմադրության» շարժման կուսակցական և ոչ կուսակցական անդամներին է վերաբերում:

Հետևաբար, կարծում եմ, Ադրբեջանի հայտարարություններն ավելի շատ բխում են վերջին ներքաղաքական զարգացումների արդյունքից. «Դիմադրության» շարժման կողմից եղան կոնկրետ ճնշումներ, ինչի արդյունքում անժամկետ երկարացվեց մոտակա ամիսների համար տրված խոստումների կատարման ժամկետը: Այսինքն, կա կոնկրետ ներքաղաքական օրակարգ, որը Նիկոլ Փաշինյանին թույլ չի տալիս արագ տեմպերով զիջումների գնալ: Դրա վառ վկայությունը նաև Թուրքիայի կողմից արվող հայտարարություններն են»,-ասաց մեր զրուցակիցը:

Անդրադառնալով նաև վերջին հայտարարություններին, ուր մեղադրում են Հայաստանի ընդդիմությանը, նաև Սփյուռքին, Գ. Դավթյանը նկատեց. «Գաղտնիք չէ, որ թուրքական իշխանությունների խելքը գնում է Նիկոլ Փաշինյանի իշխանության համար, որովհետև տարատեսակ քաղաքական քննություններ է հանձնել՝ ապացուցելով, որ պրոթուրքական կողմնորոշում ունեցող իշխանություն է»:

Նա չբացառեց, որ սահմանային լարվածությունները կարող են շարունակվել. «Ադրբեջանական կողմը, ընդհանուր առմամբ, փորձում է հայկական կողմին ներկայացնել որպես ապակառուցողական ու պատերազմի ձգտող պետություն, որպեսզի հետագայում կարողանա լեգիտիմացնել, օրինակ՝ Սյունիքի հանդեպ իր ռազմական ոտնձգությունները: Ադրբեջանն իր այդ քաղաքական հայտարարություններով փորձում է Հայաստանի վրա ուժ կիրառելու «իրավունքի» շղարշ ստեղծել, որ կարողանա ստանալ այն հնարավոր զիջումները, որ ստացել է մինչ այդ՝ հաշվի առնելով նաև, որ այստեղ քաղաքական իշխանությունը վախկոտների հավաքածու է: Այսինքն, ամբողջ, այսպես ասած, գործընթացները լավ մշակված են ադրբեջանաթուրքական տանդեմի կողմից, և իրենք քաղաքական լուծման իրենց սցենարներն ունեն, որոնք մենք տեսնում ենք հայտարարությունների, սպառնալիքների, ինչպես նաև ռազմական սցենարների տեսքով, որոնք էապես ազդում են քաղաքական որոշումների վրա: Թվարկված հանգամանքներն ստիպում են այս իշխանություններին ի կատար ածել բոլոր այն ցանկությունները, որոնք թելադրվում են Անկարայից կամ Բաքվից»,-ընդգծեց փորձագետը:

Անդրադառնալով Ռուբինյան-Քըլըչ վերջին հանդիպումից հետո ձեռք բերված այն պայմանավորվածությանը, ըստ որի, ՀայաստանԹուրքիա սահմանը բացվելու է երրորդ երկրների քաղաքացիների համար, ու այդ մասով նախօրեին կառավարության նիստի ժամանակ արված Փաշինյանի հայտարարություններին, փորձագետը նշեց. «Իրականում սա իմիտացիոն քաղաքական գործընթացի մաս է: Թուրքիան ժամանակ է ձգում: Յուրաքանչյուր գիտակից մարդ հասկանում է, որ երկու պետությունների միջև հարաբերությունների կարգավորումը պետք է վերաբերի երկու պետություններին, այս դեպքում՝ Հայաստանին ու Թուրքիային: Բայց քանի որ երրորդ պետության մասին են «մեջբերում» անում, դա վկայում է, որ թուրքական կողմը հարաբերությունների կարգավորման իմիտացիա է անում, ինչ-ինչ քաղաքական հաշվարկների հիմքով ժամանակ է ձգում»:

Գառնիկ Դավթյանն ամեն դեպքում շեշտեց, որ երրորդ երկրների քաղաքացիների համար սահման բացելն, իհարկե, վտանգներ է պարունակում: «Օրինակ՝ Հայաստանը կարող է դառնալ ապօրինի զենքի, ահաբեկիչների տեղափոխման տարանցիկ երկիր: Նման այլ վատ սցենարներ ևս կարող են լինել: Բայց այս պահին, մեծ հաշվով, ունենք հետևյալ իրավիճակը: Կա Թուրքիա, որի նկրտումները Հարավային Կովկասում և, մասնավորապես, Հայաստանի մասով երբևէ չեն փոխվել: Բայց Թուրքիան տեսնում է, որ այս ժամանակահատվածում ներքաղաքական գործընթացներ կան, և «Դիմադրության» շարժումն իսկապես Հայաստանի հասարակության կարծիքն է արտահայտում: Ցավոք, դա փողոցում որպես մեծամասնություն չի երևում, բայց, համենայն դեպս, երևաց թուրքական, ադրբեջանական կողմերի տարատեսակ մեղադրական հայտարարություններով՝ ուղղված «Դիմադրության» շարժմանը:

Մինչդեռ մենք բոլորս լավ գիտենք, որ հենց «Դիմադրության» շարժումն էր, որ կարողացավ առնվազն որոշ ժամանակով կասեցնել հակահայկական փաստաթղթերի կամ հակահայկական քաղաքական լուծումների հնարավորությունը: Հետևաբար, Հայաստան- Թուրքիա հարաբերությունների կարգավորման այս ամբողջ խնդիրը բազմաֆունկցիոնալ է: Այդ համատեքստում Թուրքիան փորձում է ժամանակ ձգել և, օրինակ՝ երեք ամիս հետո ինչ-ինչ պայմաններում Հայաստանին ստիպել կոնկրետ հարցում զիջումների գնալ: Սցենարները բազմաթիվ են:

Չեմ կարծում, որ թուրքական կողմը վայր է դրել իր զենքերը ու համակերպվելու է այն իրականության հետ, որն ունենք: Թուրքիան անընդհատ փորձելու է խարխլել Հայաստանում այն կայունությունը, որն ունենք այս փուլում: Նկատի ունեմ հակահայկական փաստաթղթերի դեմ տարվող քաղաքական պրոցեսների մասով առկա կայունությունը: Առաջինը հենց նշվածն են ուզում խարխլել, որ հետո Հայաստանի իշխանությունների հետ ներքին պայմանավորվածությունների արդյունքում ստանան այն, ինչի մասին բազմիցս ենք խոսել. «Զանգեզուրի միջանցք», Հայաստան՝ առանց հայկականության, առանց կրոնի: Այսինքն, ունենան տարածք, որի միջոցով առևտուր են անելու և իրենց քաղաքական շահերն են պաշտպանելու»:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր