Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացի կասեցումը հակաարդյունավետ է հատկապես՝ մեր ռազմավարության եւ հետագա տեսլականի տեսանկյունից

Լրագրողները, մասնավորապես, հետաքրքրվեցին՝ արդյո՞ք իշխող կուսակցությունը քննարկում է Անկարայի հետ բանակցային գործընթացը դադարեցնելու հնարավորությունը՝ վերջինիս ապակառուցողական քաղաքականության ու մոտեցումների շարունակման դեպքում։ Ի պատասխան՝ պատգամավորը հիշեցրեց, որ անցյալ տարվա խորհրդարանական ընտրություններին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը հռչակեց Հարավային Կովկասի տարածաշրջանում խաղաղության օրակարգը։ «Խաղաղության օրակարգը ենթադրում է, որ Հայաստանը պետք է կարգավորի իր հարաբերությունները հարեւանների հետ։ Ուստի այդ նպատակին հասնելու համար մենք զգալիորեն կընդլայնենք մեր ջանքերը։
Դա, ի վերջո, թույլ կտա խաղաղություն հաստատել տարածաշրջանում, եւ խաղաղության դարաշրջանը վերջապես կկարողանա լիարժեք կերպով կյանքի կոչվել։ Իսկ որոշակի պահի հարաբերությունների կարգավորման գործընթացի կասեցումն հակաարդյունավետ է, հատկապես՝ մեր ռազմավարության եւ հետագա տեսլականի տեսանկյունից։ Այնպես որ՝ ոչ։ Մենք այդպիսի ցանկություն չունենք»,- ընդգծեց Խանդանյանը՝ հավելելով, որ իրենք շարունակելու են համագործակցությունը բոլոր գործընկերների հետ։