Տեսանյութ. Ալիևը բացահայտեց ամսաթիվը. Էրդողանի նոր հանձնարարությունը Փաշինյանին          Ի՞նչ է հայտարարելու հաջորդ անգամ՝ թուրքական դրոշի այրման արգելո՞ւմը ապրիլի 24-ին Երևանում, թե՞ Ցեղասպանության հուշարձանի և թանգարանի փակումը       Իր այսօրվա ուղերձում 3 անգամ կիրառել է Հայոց ցեղասպանություն, 11 անգամ` Մեծ եղեռն ձևակերպումները    

30 հուլ 2022 11:48

ՌԴ-ն չունի այդքան ռեսուրս ամեն փոքր սադրանքի արձագանքելու, եթե չկա ուղղակի հարձակում ՀՀ-ի վրա.Ադրբեջանը մեկ անգամ հաղթելուց հետո անընդհատ այդ խաղաքարտը ցանկանում է օգտագործել

Վերջին օրերին հաճախակիացել են հրադադարի ռեժիմի խախտումները հայ-ադրբեջանական սահմանին և արցախյան ուղղությամբ:


Նախօրեին Արցախի ՊԲ-ն հաղորդեց, որ հուլիսի 27-ին և 28-ին Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները խախտել են հրադադարի պահպանման ռեժիմը՝ տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ բացելով Տոնաշենի և Կարմիր շուկայի, Թաղավարդի հատվածում տեղակայված Արցախի ՊԲ մարտական դիրքերի ուղղությամբ։ «Հայկական կողմից տուժածներ չկան։ Միջադեպի վերաբերյալ տեղեկացվել է ԱՀ-ում խաղաղապահ առաքելություն իրականացնող ռուսական զորախմբի ղեկավարությունը»,-հայտնում է ՊԲ լրատվական ծառայությունը։ Միևնույն ժամանակ ՀՀ ՊՆ-ն տեղեկացրել էր, որ հուլիսի 28-ին, ժամը 12։00-ի սահմաններում Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածում տեղակայված հայկական մարտական դիրքերի ուղղությամբ։


«Հայկական կողմի պատասխան գործողություններով ադրբեջանական ստորաբաժանումների կրակը լռեցվել է։ Հայկական կողմից տուժածներ չկան»,-ասված էր ՀՀ ՊՆ հաղորդագրությունում: Ուշագրավ է նաև այն հանգամանքը, որ սա տեղի է ունենում օրերս հայտարարված Փաշինյան-Ալիև առաջիկա հնարավոր հանդիպման ֆոնին:


168.am-ի հետ զրույցում ռուս ռազմական վերլուծաբան Վլադիմիր Եվսեևն ասաց, որ առանց որևէ կասկածի՝ երկու ուղղություններով հրադադարի խախտումները պատահական չեն և նույնիսկ կապ ունեն այն հայտարարությունների հետ, որոնք վերջին ժամանակահատվածում լսվել են Թուրքիայից և Ադրբեջանից:


Ըստ նրա, միանգամից երկու ուղղությամբ հրադադարի խախտումն ունի ոչ թե կոնկրետ ռազմական իրավիճակային, այլ ռազմաքաղաքական բնույթ, ինչը նշանակում է, որ կապ ունի նաև այն դժգոհության և այն հայտարարությունների հետ, որոնք հնչեցնում է հատկապես Ադրբեջանը, հետևաբար՝ նաև Թուրքիան:


«Ադրբեջանն իր ռազմական մտածողությունն ու գործելակերպը չի փոխել: Ռազմի դաշտում մեկ անգամ հաջողելուց հետո նա անընդհատ այդ խաղաքարտը ցանկանում է օգտագործել: Ռազմական սրացումներն օգտագործվում են քաղաքական խնդիրներ լուծելու կամ քաղաքական ուղերձներ փոխանցելու, հակառակորդին սպառնալու նպատակով: Պահանջները հստակ են, որոնց մասին Ադրբեջանը հստակորեն խոսում է՝ Խաղաղության համաձայնագիր Ադրբեջանի ներկայացրած 5 առաջարկների շրջանակում, որոնցում չկա Լեռնային Ղարաբաղը և ԼՂ հակամարտությունը: Գործընթացը դանդաղում է թե՛ աշխարհաքաղաքական, թե՛ զուտ ռեգիոնալ պատճառներից ելնելով, թևակոխում անկանխատեսելի փուլ, Ադրբեջանի հաղթական էյֆորիան քիչ-քիչ անցնում է, Ադրբեջանի ներսում ևս մի շարք հարցեր են առաջանում, Ադրբեջանը շտապում է իր համար հարցեր լուծել մինչ աշխարհում հնարավոր մեծ փոփոխությունները, քանի որ հայտնի չէ, թե գերտերությունները կամ տարածաշրջանային տերությունները վաղն ինչպես կդիրքավորվեն ռեգիոնում:


Ներկայումս մենք տեսնում ենք ուժային վերաբաշխման փորձեր, որոնք բոլորն ուղղված են Ռուսաստանի դեմ: Այս ամենում Ադրբեջանն ունի շահեր՝ ինչպես Ռուսաստանի, այնպես էլ՝ Արևմուտքի հետ: Արևմուտքն ինչ-որ փուլում փորձելու է ԵԱՀԿ ՄԽ-ով բանակցել, եթե Հայաստանը շարունակի պնդել ու համագործակցել Արևմուտքի հետ, սա կենթադրի նաև, որ գուցե քննարկվի նաև կարգավիճակի հարցը, որին դեմ է Ադրբեջանը: Ռուսաստանի հետ կապված՝ Ադրբեջանը դեմ է խաղաղապահների ներկայությանը, և եթե կարողանա միայնակ այդ հարցը լուծել՝ կլուծի, բայց Ռուսաստանը հասկանում է, թե ինչ է նշանակում հեռանալն այդ բնակչության համար:


Բացի դա, այդ ներկայությունն այլևս աշխարհաքաղաքական գործոն է: Բայց թե՛ ռուսական, թե՛ արևմտյան թևում հակամարտող կողմերն ունեն խնդիրներ ու շահեր: Արևմուտքը ներկայիս փուլում մեծ թափով պայքարում է գործընթացներն իր կողմ ուղղորդելու վրա, իսկ Ռուսաստանն աշխատում է Ուկրաինայում, ինչպես նաև Մերձավոր Արևելքի ուղղությամբ:


Հարավային Կովկասում կոնկրետ այս պահին ՌԴ-ն ստատուս-քվոյի կողմնակիցն է, բնականաբար, լարվածությունները չեն բխում ՌԴ շահերից, բայց ՌԴ-ն չունի այդքան ռեսուրս նաև ամեն փոքր սադրանքի արձագանքելու, եթե չկա ուղղակի հարձակում ՀՀ-ի վրա: Սակայն Ղարաբաղում առաջացող խնդիրները խաղաղապահները վստահաբար կկարգավորեն և գոնե կտան գնահատական, որը կողմերի համար ընկալելի ու ընդունելի է»,-մեկնաբանեց Եվսեևը:


Ուստի, նրա կարծիքով, աշխարհաքաղաքական անորոշության փուլում Ադրբեջանը ցանկանում է առանց արտաքին ազդեցության, երկկողմ մակարդակում՝ թեկուզ լոկալ ռազմական ճնշումների միջոցով, արագ լուծել բոլոր հարցերը:


«Լայնամասշտաբ պատերազմական գործողություններ, կարծում եմ, չեն լինի, բայց քանի դեռ կան կամ նկատվում են բանակցային բարդություններ, կարող են լինել նաև սադրանքներ: Մնում եմ այն կարծիքին, որ ՀՀ իշխանությունները պետք է զբաղվեն ԶՈՒ ներուժի վերականգնմամբ, դա պետք է սկսեին անել պատերազմում պարտվելուց հետո հաջորդ օրվանից»,-ասաց նա:


Հիշեցնենք, որ Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն խոսել է Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հետ ունեցած հեռախոսազրույցի մանրամասներից։ Թուրքական Hurriyet-ի փոխանցմամբ, Վրաստանի ԱԳ նախարարի հետ համատեղ ասուլիսի ժամանակ շնորհակալություն է հայտնել Վրաստանին Ադրբեջանի և Հայաստանի ԱԳ նախարարների հանդիպումը կազմակերպելու համար։ Չավուշօղլուն պնդել է, թե Ադրբեջանի ԱԳ նախարար Բայրամովն իր հետ հեռախոսազրույցում գոհունակություն է հայտնել իր հայ գործընկեր Արարատ Միրզոյանի հետ Թբիլիսիի հանդիպումից։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր