Եթե մենք այս քայլը անենք, իսկ նրանք ընդառաջ քայլ չանեն, մենք մտնում ենք տուպիկ..Խոսքը հայկական գյուղերի մասին չէ          Իրենց վերապահված պարտավորությունները փորձում են քողարկել պատերազմական շանտաժի ներքո. Ինչպես Սյունիքում «ճշգրտումներից» հետո ՀՀ-Ն բան չստացավ, նույնը լինելու է Տավուշի դեպքում       VTB բանկի քարտապաններն այլևս չեն կարող օգտվել կենսաթոշակների հետվճարի համակարգից    

17 օգոս 2022 10:17

4 տոննա պայթուցիկ նյութեր.«Սուրմալու»-ի վարձակալները․ ովքեր են հրագործական ապրանքների պահեստ ունեցել. hetq.am

Համաձայն Կադաստրի կոմիտեի տվյալների, Արշակունյաց 15 հասցեում գործող «Սուրմալու» առևտրի կենտրոնում ընդամենը 19 վարձակալ կա․ գրում է hetq.am-ը։ 


«Սուրմալու» առևտրի կենտրոնը շահագործող «Երևանի պահածոների գործարան» ՓԲԸ-ն Արշակունյաց 15 հասցեի սեփականատերն է։ Սեփականության իրավունքը նշված հասցեի նկատմամբ, համաձայն Կադաստրի կոմիտեի, գրանցել է 2016 թվականին, որը 2018թ․ հուլիսից գրավադրվել է «Արարատբանկ» ԲԲԸ-ում։


Համաձայն Կադաստրի կոմիտեի՝ Արշակունյաց պողոտա 15 հասցեի անշարժ գույքը իր  միավորի որակական և քանակական բնութագրերով բաղկացած է 63 անուն շենք-շինություններից, այդ թվում՝ վարչական շենքից, գրասենյակային տարածքից, առևտրի տաղավարներից և ինքնակամ կառույցներից։ Հողամասի ընդհանուր մակերեսը ավելի քան 6 հա է:


Այդ հասցեն 19 վարձակալ ունի, որոնք պաշտոնապես գրանցել են վարձակալության իրավունքը Կադաստրի կոմիտեում։ Բնականաբար, «Սուրմալու» առևտրի կենտրոնը բազմաթիվ տաղավարներ ունի և այդքան էլ վարձակալներ, որոնց իրավունքը Կադաստրում չի գրանցվել։


Այս հրապարակմամբ կանդրադառնանք Կադաստրի կոմիտեում գրանցված վարձակալներին։


2019թ․ հունվարից 141 քմ տարածք վարչական շենքից վարձակալում է  «ԱյԹիԷֆ» ՍՊԸ-ն, որը դրամական փոխանցումներ իրականացնող ֆինանսական կազմակերպություն է։ Այս ընկերությունը երկու տարածք է վարձակալել՝ 2019թ․ օգոստոսից ևս 140 քմ տարածք վարչական շենքից է վարձակալել։
2017թ․ փետրվարից «Դիսթրիմէքս» ՍՊԸ-ն է շուրջ 19 քմ է զբաղեցնում, որը ծխախոտ ներմուծող ընկերություն է։ Տարածքն օգտագործվում է որպես առևտրի կենտրոն։
2017թ․ փետրվարից 24 քմ առևտրի կենտրոն վարձակալում է «Յունիքորն թրեյդ» ՓԲԸ-ն։ Զբաղվում է ծխախոտի ներմուծմամբ։ Բացառիկ ներմուծողն է «Ջփեն տոբակո ինթերնեշնլ» («JAPAN TOBACCO INTERNATIONAL (JTI)», Շվեյցարիա):
2017թ․ փետրվարից 20 քմ առևտրի կենտրոնից վարձակալում է նաև «Գրանդ դիլինգ» ՍՊԸ-ն, որը նույնպես ծխախոտ իրացնող ընկերություն է։ «Գրանդ տոբակո»-ի և «Ինթերնեշնլ Մասիս տաբակ»-ի բացառիկ դիստրիբյուտոր։
2017թ. փետրվարից 10 քմ տարածք վարձակալել է «Կարթել-Աննա» ՍՊԸ, որը պարենային ապրանքների ներմուծող է։ Չի հստակեցված, թե ինչ տարածք է։
24 քմ տարածք առևտրի կենտրոնից վարձակալել է «Կվադրա-Իմպեքս» ՍՊԸ-ն, որը զբաղվում է «Կաֆֆա» սուրճերի վաճառքով։
95 քմ տարածք վարձակալել է «Սավատոն» ՍՊԸ-ն, որը ալկոհոլային խմիչքների մանրամեծածախ վաճառքով է զբաղվում։
2015թ. օգոստոսից շուրջ 46 քմ գրասենյակային տարածք վարձակալում է «Գանջ գրուպ» ՍՊԸ-ն։
18 քմ տարածք առևտրի կենտրոնում զբաղեցնում է «Վիդիս Դիսթրիբյուշն» ՍՊԸ-ն, որը նույնպես ծխախոտ ներմուծող ընկերություն է, դիստրիբյուտորն է «Ֆիլիպ Մորրիս ինթերնեշնլ», «Այքոս» և «Հիթս» ապրանքանիշերի:
2019թ․ մայիսից 54 քմ առևտրային տարածք վարձակալել է «Բոբ-111» ՍՊԸ-ն։ Ընկերությունը խաղալիքներ ներմուծող և վաճառող կազմակերպություն է։ Խաղալիքները, ըստ «Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմին» ՓԲԸ-ի, նախատեսված են 3-ից բարձր տարիքի երեխաների համար:
2019թ․ մարտից 1262 քմ շենքի վարչական հատվածից վարձակալում է «Ի.Տ.Կ.-ռուս» ՍՊԸ-ն, որը կահույքի խանութ-սրահ է։
2018թ․ հունվարից 381 քմ տարածք է վարձակալել «Ինտերֆուռ» ՍՊԸ-ն, որը ավտոտրանսպորտային ուղևորափոխադրումներ իրականացնող ընկերություն է։
Վարչական շենքում 20 քմ տարածք վարձակալել է նաև «Արարատբանկը»:
Որոշ տարածքներ վարձակալել են անհատ ձեռնարկատերեր։ Մասնավորապես․


Արման Գալստյան Աշոտի ԱՁ-ն 2011-ից 4 քմ է վարձակալել վարչական շենքից։
Աշոտ Ալոյան Խաչիկի ԱՁ-ն առևտրի կենտրոնից վարձակալել է շուրջ 14 քմ։
Արուս Կարապետյան Ֆիլիտերի ԱՁ-ն վարձակալել է 14 քմ առևտրի կենտրոնից։
Սերոբ Մարտիրոսյան Զավենի ԱՁ վարձակալել է 50 քմ։
«Գոհար Առաքելյան Վրեժի» ԱՁ-ն 2019թ․ մայիսից 116 քմ է վարձակալում վարչական շենքից։ Այս ԱՁ-ն 2019թ․ սեպտեմբերին Ֆինանսների նախարարությունում հաշվառվել է որպես հրագործական ապրանքների արտադրություն, ներմուծում կամ առևտուր իրականացնող կազմակերպություն: Համաձայն ՊԵԿ-ի ԱՁ-ն գործող է, զբաղվում է ոչ մասնագիտացված մեծածախ առևտրով:


Գոհար Առաքելյանի ֆեյսբուքյան էջն ուսումնասիրելիս պարզ է դառնում, որ վերջինս 2013-2014թթ․ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի ղեկավարի տեղակալ, այնուհետև նաև ղեկավար ՀՀԿ-ական Արտակ Հանիսյանի մոտ է աշխատել, թերևս նրա օգնականն է եղել կամ գործավարուհին։


Արդեն 2016 թվականին Գոհար Առաքելյանի անունը հանդիպում ենք Երևանի քաղաքապետարանի պարգևատրումների ցուցակում, որտեղ աշխատել է որպես համակարգչային տեխ․ օպերատոր-գործավար։ Նույն 2016 թվականի նոյեմբերին գրանցել է իր ԱՁ-ն։ Պետռեգիստրում նշված հեռախոսահամարով Գոհար Առաքելյանի հետ կապ հաստատել չհաջողվեց։ Հեռախոսն անջատված էր։ Վերջինս նաև ֆեյսբուքյան մեր գրառմանը չարձագանքեց։


«Գոհար Առաքելյան Վրեժի» ԱՁ-ն 2021թ․ դեկտեմբերին Ոստիկանության հետ մեկ անձից գնման ընթացակարգով պետական գնման պայմանագիր է կնքել։ Համաձայն պայմանագրի՝ Ոստիկանությունը 8200 խաղալիք է ձեռք բերել «Գոհար Առաքելյան Վրեժի» ԱՁ-ից, որի դիմաց վճարել է 4,9 մլն դրամ։ ԱՁ-ն պարտավորվել է մատակարարել 4100 հատ փայտյա խաղ՝ ներկելու կամ գրելու մակերեսով և 4100 հատ դույլերով լեգո խաղալիք։


«Երևանի պահածոների գործարան» ՓԲԸ-ի տնօրեն Իրինա Մադաթովայից փորձեցինք տեղեկություններ ստանալ այդ վարձակալի մասին՝ արդյոք տվյալ վարձակալի պահեստում է եղել պայթյունը։ Իրինա Մադաթովան տեղում չէր։ 


Արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Փամբուխչյանը լրագրողների հետ զրույցում այսօր հայտնել է, որ, ըստ նախնական տվյալների, տոնավաճառի տարածքում 4 տոննա պայթուցիկ նյութեր են եղել:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր