Չեմ ցանկանում այդ մարդու հայտարարություններին լուրջ վերաբերվել, նրա բոլոր հայտարարություններն իրարամերժ են․ «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է․ «Մեր զրուցակիցն Արցախի ՊԲ նախկին խոսնակ Սենոր Հասրաթյանն է։
- Նախօրեին ձերբակալվեց Արցախի ՊԲ նախկին հրամանատար Միքայել Արզումանյանը, սակայն դատարանը կալանքի սանկցիա չտվեց: Նրան մեղադրում են Շուշիի անկման մեջ, այն դեպքում, երբ վարչապետն ու ՔՊ-ականներն առիթը բաց չեն թողնում հանձնված տարածքների համար նախկիններին մեղադրելու: Վարչապետը նշում էր, որ Շուշին դժբախտ է ու դժգույն, հետո ասում էր, որ եթե Շուշին թշնամուն չհանձնվեր, ավելի շատ արյուն էր թափվելու: Այսինքն` Շուշիի հանձնումը փրկություն էր եւ անխուսափելի: Հիմա ինչո՞ւ են Շուշիի անկման մեղավորներ փնտրում:
- Անհասկանալի, հեղհեղուկ, կասկածելի.... ոչինչ այդ մարդու ասածներից հնարավոր չէ հասկանալ, երբեմն տպավորություն է ստեղծվում, որ նա չի հասկանում, թե ինչ է խոսում, ինչի մասին է խոսում, թե այդ խոսքերն ինչ ազդեցություն եւ հետեւանք կարող են ունենալ: Ինձ համար ոչինչ հասկանալի չէ, մանավանդ՝ պատերազմի հետ կապված: Ոչ մի տրամաբանության մեջ այսօրվա իշխանությունների գործողությունները չեն տեղավորվում:
- Ձեր կարծիքով՝ այս ամենն ավելի շատ անգիտությա՞ն, թե՞ դիտավորության արդյունք է:
- Այս իշխանությունները հասկանում են, որ մեր հասարակությանն ավելի շատ սենսացիաներ են պետք, այսինքն` մարդիկ սիրում են քննարկել, թե, օրինակ, ինչու կալանավորվեց Միքայել Արզումանյանը, քանի օր մնաց կալանքի տակ, բանտախցում ինչպիսի պայմաններում պահվեց եւ այլն, ուստի որոշել են մարդկանց ուշադրությունը նորից շեղել: Այսօր Բրյուսելում Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Շառլ Միշելին եւ Իլհամ Ալիեւին: Սրանից էլ լավ առի՞թ, այս կարեւոր թեմայից մարդկանց ուշադրությունը շեղելու: Մտածում են՝ որտեղի՞ց մի էսպիսի ինտրիգ ստեղծեն, որ մեր ժողովուրդը թացը չորի հետ խառնի:
- Իսկ համաձա՞յն եք Նիկոլ Փաշինյանի այն թեզին, որ եթե Շուշին չհանձնվեր, պատերազմը չէր ավարտվի:
- Ես չեմ ցանկանում այդ մարդու հայտարարություններին լուրջ վերաբերվել եւ դեռ մի բան էլ համաձայնել կամ չհամաձայնել: Նրա բոլոր հայտարարություններն իրարամերժ են: Նրա խոսքերը պարզապես իրականությանը չեն համապատասխանում»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։