Գնդակոծում են հայկական դիրքերը. Նաև խաղաղ բնակիչներ են զոհվել, ռազմական տեխնիկայի զգալի կորուստներ ենք կրել

«Նրանք գնդակոծում են հայկական դիրքերը Սոթքի, Վարդենիսի, Գորիսի, Կապանի, Արտանիսի, Իշխանասարի, Ջերմուկի եւ հարակից բնակավայրերի ուղղությամբ՝ անօդաչու թռչող սարքերի եւ ականանետերի կիրառմամբ»,-մասնավորապես նշված է նամակներում:
ՀՀ ԱԺ նախագահը տեղեկացրել է, որ ադրբեջանական ուժերը նաև միտումնավոր թիրախավորում են քաղաքացիական ենթակառուցվածքները և գնդակոծում:
«Հայկական կողմն ունի զոհեր, այդ թվում խաղաղ բնակիչներ են զոհվել, ռազմական տեխնիկայի զգալի կորուստներ ենք կրել: Ադրբեջանական զինված ուժերը չեն դադարեցնում հարձակվելու փորձերը»,- ընդգծված է նամակներում:
ԱԺ նախագահը միջազգային գործընկերների ուշադրությունը հրավիրել է այն հանգամանքին, որ վերջին օրերի ընթացքում Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը համառորեն տեղեկատվական բազա է ստեղծել այդ ռազմական սադրանքի համար՝ ամեն օր կեղծ տեղեկատվություն տարածելով «հայկական կողմի ենթադրյալ գնդակոծության» մասին:
Ալեն Սիմոնյանը հիշեցրել է, որ այդ պահվածքն ադրբեջանական հայտնի ոճ է, որն ապացուցվել է 2020 թ. 44-օրյա պատերազմից հետո: «Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի դեմ Ադրբեջանի ագրեսիայի կապակցությամբ Հայաստանի կառավարությունը դիմել է Միավորված ազգերի կազմակերպության Անվտանգության խորհրդին, Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպություն (ՀԱՊԿ) եւ Ռուսաստանի Դաշնությանը՝ խնդրելով հղում կատարել Բարեկամության, համագործակցության եւ փոխադարձ օգնության մասին երկկողմ պայմանագրին: Ակնհայտ է, որ Ադրբեջանի այսօրինակ աղաղակող և ապօրինի գործողությունները հնարավոր են դարձել միջազգային հանրության լռության հետեւանքով նաև: Նպատակաուղղված արձագանքի ևհամարժեք գործողությունների բացակայությունն այսօր հանգեցրել է Ադրբեջանի իշխանությունների ավելի սանձարձակ ագրեսիային»,-ամփոփել է Ալեն Սիմոնյանը՝ կոչ անելով միջոցներ ձեռնարկել այդ կենսական հարցը լուծելու համար եւ նպաստել Ադրբեջանի ագրեսիայի դադարեցմանը, որը խաթարում է ամբողջ տարածաշրջանի կայունությունն ու անվտանգությունը:
ՀՀ ԱԺ նախագահը պաշտոնապես դիմել է Միջխորհրդարանական միության նախագահ Դուարտե Պաչեկոյին եւ գլխավոր քարտուղար Մարտին Չունգոնգին, ՀԱՊԿ ԽՎ խորհրդի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինին, ԱՊՀ ՄԽՎ խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյին եւ Եվրոպական խորհրդարանի նախագահ Ռոբերտա Մեցոլային:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 13-ի կեսգիշերին Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները հրետանային միջոցների, ականանետերի, ԱԹՍ-ների, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակների կիրառմամբ ինտենսիվ կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի միանգամից մի քանի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ, մասնավորապես հրետակոծման են ենթարկվել Սոթքի, Ջերմուկի, Վարդենիսի, Գորիսի, Կապանի, Արտանիշի և Իշխանասարի ուղղությամբ տեղակայված դիրքերը ու սահմանամերձ բնակավայրերը, հարվածներ են հասցվել նաև քաղաքացիական ենթակառուցվածքներին։ ՀՀ պաշտպանության նախարարության երեկվա հրապարակած տվյալներով հայկական կողմից կա հաստատված 49 զոհ։