ՌԴ-ն ունի մոբիլիզացիոն հսկայական ռեսուրս՝ գրեթե 25 միլիոն մարդ, ընդհանուր զորակոչվելու է 300 000 պահեստազորային
ՌԴ ՊՆ ղեկավար Սերգեյ Շոյգուն, խոսելով Ուկրաինայում ընթացող հատուկ ռազմական գործողության և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հայտարարած մասնակի զորահավաքի մասին, ասել է, որ մասնակի զորահավաքի ենթակա են նրանք, ովքեր ծառայել են, ունեն զինվորական մասնագիտություն, մարտական փորձ:
Ինչպես գրում է ՌԻԱ «Նովոստի»-ն, Շոյգուն ընդգծել է, որ ուսանողների զորահավաքի մասին խոսք չկա, ժամկետային զինծառայողները ևս ենթակա չեն հատուկ ռազմական գործողությանը մասնակցելուն:
Ըստ Շոյգուի՝ ընդհանուր զորակոչվելու է 300 000 պահեստազորային:
«Ռուսաստանը ունի մոբիլիզացիոն հսկայական ռեսուրս՝ գրեթե 25 միլիոն մարդ: Մասնակի մոբիլիզացիայի է ենթակա 1%-ից մի փոքր ավելին», - ասել է Շոյգուն:
Հիշեցնենք, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն մասնակի զորահավաքի մասին հրամանագիր է ստորագրել:
«Ռուսաստանը, նրա ինքնիշխանությունն ու ամբողջականությունը պաշտպանելու համար անհրաժեշտ եմ համարում աջակցել մասնակի մոբիլիզացիա անցկացնելու առաջարկին: Զորակոչի կենթարկվեն միայն ռեզերվում գտնվող քաղաքացիները, նրանք լրացուցիչ վերապատրաստում կանցնեն՝ հաշվի առնելով հատուկ գործողության փորձը: Այսօրվանից կմեկնարկեն զորահավաքային աշխատանքները», - ասել է ՌԴ նախագահը:
Նրա խոսքով՝ հատուկ ռազմական գործողությանը մասնակցող մոբիլիզացված անձինք կստանան վարձատրություն և պայմանագրով ծառայող զինվորականի կարգավիճակ:
«Արևմուտքը հատել է բոլոր սահմանները, անպատասխանատու քաղաքական գործիչները խոսում են Ուկրաինային հարձակողական զենքի մատակարարման, Ռուսաստանի դեմ ռազմական հարվածների մասին: Արևմտյան երկրները Կիևին մղում են ռազմական գործողությունները Ռուսաստանի տարածք տեղափոխելու համար», - ասել է Պուտինը:
Հիշեցնենք, որ ՌԴ-ն փետրվարի 24-ից հատուկ ռազմական գործողություն է անցկացնում Ուկրաինայում: