Ռուսաստանում աշխատող ախալքալաքցիները չեն վախենում մոբիլիզացիայից

«Որևէ խուճապ չկա և մերոնք հետ չեն գնում: Չնայած արդեն վերադառնալու ժամանակն է, շուտով տուն կգնանք: Դեռ բոլորս աշխատում ենք, առանց այն էլ դժվար տարի էր: Մերոնք չեն վախենում. այն մարդիկ են, ովքեր չեն ծնվել այստեղ՝ Ռուսաստանի Դաշնությունում և չեն ծառայել բանակում: Իսկ մոբիլիզացիայով զորակոչում են նրանց, ովքեր արդեն ծառայել են և կոչում ունեն»,- ասել է ՌԴ քաղաքացիություն ունեցող Ախալքալաքի բնակիչը:
Սակայն այնտեղ ծնվածները, հեռացած ախալքալաքցիները, ովքեր չէին մտածում, որ երբևիցե Ռուսաստանից կվերադառնային հայրենիք, բոլորովին այլ վերաբերմունք ունեն մոբիլիզացիայի նկատմամբ, և հիմա փորձում են հետ ուղարկել իրենց որդիներին։
«Իհարկե, երեխաների համար վախենում ենք, ես ունեմ զորակոչիկ 18 տարեկան տղա, 19 տարեկան եղբորորդի: Տղաս անձնագիր չունի: Հենց որ ստանա, անմիջապես հետ կուղարկեմ Ախալքալաք»,- ասել է Ս.Մ.-ն: