Տեսանյութ.Մենք այնտեղ գնացել ենք պահի ազդեցության տակ և զղջում ենք          Տարադրամի ինչ փոխարժեքներ են սահմանվել ապրիլի 27-ի համար       Միջոցներ են ձեռնարկվում զինվորական համազգեստով անձանց ինքնությունը պարզելու ուղղությամբ․ ՊՆ-ն    

29 սեպ 2022 10:17

Արցախում չկա այն իշխանությունը, որը կարող է ընդդիմանալ ՀՀ իշխանությանը, իշխանությունը երկարաձգելու թեզեր են այդ հայտարարությունները․ «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է․ «Արցախի ԱԺ «Արդարություն» խմբակցության ղեկավար Դավիթ Գալստյանի կարծիքով, Արցախյան 44-օրյա պատերազմից երկու տարի անց պետականության կորստի վտանգ կա, իսկ իշխանությունները ժողովրդին փորձում են շեղել իրական օրակարգերից:


«Պատերազմից երկու տարի անց բանակցություններ, մեծ հաշվով, չկան: Այն, ինչ կատարվում է, պարզապես բանակցությունների իմիտացիա է: Այդպես ժողովրդի ուշադրությունը փորձում են շեղել, ցույց տալ, թե իբր բանակցում են, ասել, թե՝ «տեսեք, ամեն ինչ անում ենք, որ ժողովրդի կյանքը օրեցօր լավանա»: Այդուհանդերձ, տեսնում ենք, որ ճիշտ հակառակն է կատարվում: Ու այս ամենի հետևանքով պատերազմից երկու տարի անց մեր զոհերն ավելանում են, բացի այդ, ցավոք սրտի, ոչ մի խնդիր լուծված չէ»,-«Փաստի» հետ զրույցում ասաց Դ. Գալստյանը:


Անդրադառնալով ՀՀ իշխանությունների՝ հատկապես վերջին շրջանում Արցախին վերաբերող հայտարարություններին, երբ, բացի մի շարք ոչ հայանպաստ դիրքորոշումներից, բարձրագույն ամբիոններից խոսվում է բացառապես «ԼՂ-ում բնակվող հայերի իրավունքները և անվտանգությունը» երաշխավորելու մասին՝ նա շեշտեց. «Նիկոլ Փաշինյանն իր էությամբ հակահայ քաղաքական գործիչ է, ու նրա որևէ հայտարարություն՝ թե՛ Արցախի, թե՛ ընդհանրապես հայ ազգի վերաբերյալ, հիմք չէ: Դրանք անգամ մեկնաբանելու չեն, որովհետև այդ մարդն ունակ չէ քննարկել հայանպաստ որևէ դրույթ, նա ունակ չէ որևէ հայանպաստ որոշում կայացնել: Նա առհասարակ ունակ չէ անգամ հայանպաստ որևէ արտահայտություն անել: Այդ մարդուն հայ ազգն ընդհանրապես չպետք է լսի, ընդունի և հանդուրժի: Ցավալի է, թե ինչպես է այսօր Նիկոլ Փաշինյանը խոսում հայ ազգի անունից: Բայց, համենայն դեպս, մեզ բոլորիս համար անընդունելի է այն, ինչ նա արտաբերում է»:




Նրա խոսքով, Փաշինյանը նման հայտարարություններով փորձում է շեղել հասարակությանը իրական օրակարգերից. «Այսօր Փաշինյանը մանիպուլյատիվ կերպով ժողովրդի ուշադրությունը շեղում է, որ իր կեղտոտ գործն ավարտին հասցնի՝ Արցախը հանձնի: Առհասարակ, նա իր աթոռը պահելու համար պատրաստ է հայրենիքը զոհաբերել: Նման մարդու ասածները չպետք է մեկնաբանվեն, նման մարդուն հայ ազգը չպետք է հանդուրժի»:


Անդրադառնալով Ադրբեջանի սանձազերծած հերթական պատերազմական գործողություններին արդեն ՀՀ ինքնիշխան տարածքի վրա՝ մեր զրուցակիցը մի իրողություն արձանագրեց. «Այս իշխանության հիմնական նպատակը հենց Արցախը հանձնելն է եղել: Երբ 2018-ից ի վեր խոսում էին Արցախի մասին, անում հայտարարություններ, բանակցությունները, ի վերջո, մտան փակուղի, որի հետևանքով էլ ունեցանք պատերազմ, հազարավոր զոհեր, վիրավորներ, գերիներ: Այսօր նրանք խոսում են «խաղաղության պայմանագրի» մասին, որի հետևանքը նույնպես հազարավոր զոհերը, պարտված, կապիտուլ յացիայի ենթարկված հայրենիքն է լինելու: Նիկոլ Փաշինյանին չպետք է թույլ տալ ազգի ճակատագիրը որոշել: Նա ուղղակի սպառնալիք է հայ ազգի համար»:


Անդրադառնալով իշխանությունների՝ հարմարվողական դիրք որդեգրելու կեցվածքին, նաև ժողովրդին համոզելու այն փորձերին, թե՝ «այլ ելք չկա», «մեզանից ոչինչ կախված չէ», Դավիթ Գալստյանը նկատեց. «Բոլոր այն հայտարարությունները, ուր ասվում է՝ «այլ ելք չկա», «մենք պարտադրված ենք զիջումների գնում», «մենք ի վիճակի չենք», ևս մեկ նպատակ ունեն: Ժողովրդին համակերպում են այն մտքին, որ ով ուզում է լինի, իրենք լինեն, թե մեկ ուրիշը, այդ փաստաթուղթը պետք է ստորագրվի կամ այդ որոշումները պետք է կայացվեն: Սա ևս մանիպուլ յացիա է: Այսօր Նիկոլ Փաշինյանն իր աթոռը պահելու համար մեղադրում է ժողովրդին, նախկին իշխանություններին, բայց ոչ իր իշխանությանը. նա երբևիցե չի ընդունել իր իշխանության սխալները: Նիկոլ Փաշինյանը ոչ միայն հակահայ քաղաքական գործիչ է, այլ նաև սուտասան, և, ինչու չէ, նաև հայ ազգի նկատմամբ հանցագործություններ գործած քաղաքական գործիչ: Նրա ասածները բանականության ու տրամաբանության մեջ չեն տեղավորվում»:


Ինչ վերաբերում է ստեղծված իրավիճակում Արցախում առկա տրամադրություններին, հնարավոր ելքերին, որոնք տեսնում են, մեր զրուցակիցը նշեց. «Մենք բազմիցս հայտարարել ենք, որ Արցախն առանց Հայաստանի և, հակառակը, Հայաստանն առանց Արցախի որևէ դերակատարություն չեն կարողանալու ունենալ: Մեկը մյուսի թիկունքը եթե չպահի, պետականության կորուստ ենք ունենալու: Հայ ազգը պետք է միահամուռ կերպով երկու պարտված իշխանություններին օր առաջ հեռացնի, որոշումներ կայացնելու լիազորությունը նրանց ձեռքից վերցնի, որպեսզի հետագայում հնարավոր լինի հայանպաստ որոշումներ կայացնել: Մինչդեռ հիմա Հայաստանում որոշումը կայացվում է, իջեցվում է Արցախին, իսկ Արցախի կամակատար իշխանություններն այն լռել յայն կատարում են:


Արցախում չկա այն իշխանությունը, որը կարող է ընդդիմանալ հակահայ որոշում կայացնող այդ երևույթին՝ Նիկոլ Փաշինյանին: Արցախի իշխանությունների այն հավաստիացումները, թե Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում, ըստ Դ. Գալստյանի, ևս իշխանությունը երկարաձգելու թեզեր են. «Արցախի իշխանությունները հայտարարություններով սահմանափակվում են, բայց այդպես չպետք է լինի»»:


Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր