Ուղիղ.Հանրապետության հրապարակը բազմամարդ է. մեկնարկել է ջահերով երթը          Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրվեց առաջին սահմանային սյունը․ Փաշինյան       Կամ մահ, կամ ազատություն.Խնդրում եւ պահանջում եմ՝բանակի բոլոր զորագնդերին՝ կանգնեք ժողովրդի կողքը. Մահապարտների ջոկատի հրամանատար    

09 նոյ 2022 13:10

Միջազգային հանրությունը պետք է Բաքվի նկատմամբ ավելի կոշտ դիրքորոշում ցուցաբերի. ԵԽ պատգամավոր Լարս Պատրիկ Բերգ

Եվրոպական խորհրդարանի պատգամավոր Լարս Պատրիկ Բերգը միջազգային հանրության կողմից Ադրբեջանի նկատմամբ ավելի կոշտ դիրքորոշման անհրաժեշտություն է տեսնում, շեշտում՝ Ադրբեջանը պետք է վերադարձնի հայ գերիներին: Պատգամավորը նման տեսակետ է հայտնել «Արմենպրես»-ի հետ զրույցում:


-Սեպտեմբերի 13-ին Ադրբեջանը հայ-ադրբեջանական սահմանի տարբեր ուղղություններով հարձակում գործեց Հայաստանի ինքնիշխան տարածքի վրա՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակավայրերը: Հարձակման հետևանքով Ադրբեջանն օկուպացրել է Հայաստանի ինքնիշխան տարածքի որոշ հատվածներ: Միևնույն ժամանակ, Բաքվից չեն դադարում Հայաստանի նկատմամբ ուժ կիրառելու սպառնալիքները: Ձեր կարծիքով ի՞նչ քայլեր են անհրաժեշտ, որպեսզի Ադրբեջանը հետ քաշի զորքերը և վերադառնա կառուցողական բանակցությունների հուն:


-Ադրբեջանը պետք է հարգի միջազգային բանակցությունների արդյունքում ձեռք բերված համաձայնությունները, դադարեցնի ռազմական գործողությունները և վերադարձնի ռազմագերիներին։ Միջազգային հանրությունը պետք է Բաքվի նկատմամբ ավելի կոշտ դիրքորոշում ցուցաբերի: Թեև ես մտավախություն ունեմ, որ այս պահին  ուշադրությունը Ուկրաինայի և Ասիայի վրա կենտրոնացնելու պայմաններում Ադրբեջանի ղեկավարությունը կհանդգնի շարունակել էսկալացիան:


-Ինչպե՞ս եք գնահատում Բաքվի ագրեսիայի առնչությամբ Եվրոպական խորհրդարանի աշխատանքը: Արդյոք Եվրոպական խորհրդարանը ձեռնարկո՞ւմ է անհրաժեշտ բոլոր քայլերը՝ Ադրբեջանին կառուցողական հուն վերադարձնելու և Հայաստանի տարածքի օկուպացիան դադարեցնելու համար:


-Իմ կարծիքով՝ ճշմարտությունն այն է, որ Եվրոպական խորհրդարանը սահմանափակ ազդեցություն ունի այս հակամարտությունում։ Մենք կարող ենք փորձել և ազդել, բայց ճշմարտությունն այն է, որ քանի դեռ Թուրքիան չի որոշել պատասխանատու կերպով գործել, Ադրբեջանի իշխանությունները կհավատան, որ կարող են գործել հարաբերական անպատժելիության պայմաններում:


-Հնարավոր համարո՞ւմ եք ԵՄ-ի կողմից Ադրբեջանի դեմ պատժամիջոցների կիրառումը՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ ԵՄ անդամ երկրների մեծ մասը արձանագրել է, որ Ադրբեջանն է նախաձեռնել հարձակումը, ինչի հետևանքով շարունակում են օկուպացված մնալ Հայաստանի տարածքի որոշ հատվածներ:  Առայժմ հնչում են ադրբեջանական զորքերը ելման դիրքեր հետ քաշելու կոչեր, սակայն գործնական քայլեր այդ ուղղությամբ, կարծես, չեն արվում:


-Ես պատժամիջոցների, հատկապես ԵՄ-ի կողմից պատժամիջոցների մեծ ջատագով չեմ։ Կարծում եմ, որ անդամ երկրները պետք է ավելի ուժգին կերպով դատապարտեն ագրեսիան և փորձեն դիվանագիտական ճանապարհով Բաքվին մեկուսացնելու ուղիներ դիտարկել:


-Հայտարարվել էր, որ Հայաստան է ժամանելու Եվրոպական խորհրդարանի պատգամավորների փաստահավաք առաքելությունը։ Դուք նույնպես ընդգրկված էիք պատվիրակության կազմում։ Կներկայացնե՞ք առաքելության նպատակը, ի՞նչ աշխատանք եք իրականացրել Հայաստանում, և ի՞նչ արդյունք կտա դա: (ԵԽ պատգամավորների փաստահավաք խումբը Հայաստանում է եղել հոկտեմբերի 31-նոյեմբերի 4-ը)


-Նպատակը ճիշտ այն է, ինչ դուք նշեցիք՝ փաստահավաք: Մենք պետք է զեկուցենք Բրյուսելի մեր գործընկերներին, հետևաբար կարևոր է քննարկումներ ունենալ ադրբեջանական ագրեսիայից անմիջականորեն տուժածների հետ։ Հետևաբար, մենք բանակցություններ ենք վարում Հայաստանում շահագրգիռ կողմերի հետ: Եվ Բրյուսելում կարող ենք պայմանավորվել, թե ինչպես շարունակել:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր