Զելենսկին հայտարարել է, որ պատրաստ է բանակցությունների սեղանի շուրջ նստել Պուտինի հետ, եթե այն խաղաղություն հաստատելու միակ տարբերակը լինի          Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնել է Շվեյցարիա       Եթե այս մեկը զիջենք աստիճանաբար ուրիշ բաներ կանեն, ինչպես գույքահարկը, աղբի հարկը    

10 նոյ 2022 13:15

Հոկտեմբերի 27–ին հայկական կողմին փոխանցված 10 զինծառայողների մարմինները նույնականացվել ու հուղարկավորվել են

Հոկտեմբերի 27–ին ադրբեջանական կողմից հայկական կողմին փոխանցված բոլոր տասը զոհված զինծառայողների մարմինները փորձաքննությունների արդյունքում նույնականացվել  են, նրանք հուղարկավորվել են։ Տեղեկությունը  հաստատեց Առողջապահության նախարարի մամուլի քարտուղար Հռիփսիմե Խաչատրյանը։

Նոյեմբերի 4–ին  Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հայտնել էր, որ հայկական կողմին փոխանցված 10 հայ գերիների մարմիններից 5-ի պարագայում կան հաստատված փորձաքննության արդյունքներ, իսկ մյուսներինն էլ ընթացքի մեջ է։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 13-ին՝ ժամը 00:05-ից, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները սահմանի ողջ երկայնքով հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել էին ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ՝ կիրառելով նաեւ ԱԹՍ-ներ: Հակառակորդը հարվածում էր թե՛ ռազմական, թե՛ քաղաքացիական օբյեկտներին։ Պաշտպանության նախարարության հաղորդմամբ՝ սեպտեմբերի 14–ին, ժամը 20։00–ից բոլոր ուղղություններով կրակը գրեթե դադարել է։

Վերջին տվյալով՝ զոհվածների թիվը եւ անհետ կորածների թիվը գերազանցում է 210-ը։ Վիրավորվել է 293 զինծառայող եւ 8 խաղաղ բնակիչ։ Սեպտեմբերի 17-ին ադրբեջանական կողմը  32 զինծառայողի մարմին էր փոխանցել հայկական կողմին,  սեպտեմբերի 20-ին՝ 95, իսկ սեպտեմբերի 23–ին՝ եւս 6 մարմին։ Գերեվարվել էր 20 զինծառայող։ Հոկտեմբերի 4-ին, ադրբեջանական կողմը ԱՄՆ միջնորդությամբ, հայկական կողմին է վերադարձրել 17 հայ ռազմագերիների։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր